կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-29 22:46
Հասարակություն

Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին. ԿԳ նախարարն ու Ռիչարդ Միլսը հանդիպել են

Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին. ԿԳ նախարարն ու Ռիչարդ Միլսը հանդիպել են

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ԿԳ նախարարը կարևորել է կրթության ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ շահագրգռված է համագործակցության զարգացմամբ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություններից է: «Մեր քաղաքականության հենասյունը կրթության իրավունքն է, և պետությունն ամեն ինչ պետք է անի` այդ իրավունքը պաշտպանելու համար: Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին: Այս առումով հատկապես հանրակրթության ոլորտում շատ անելիքներ ունենք, քանի որ կարծում ենք, որ հանրակրթության ոլորտի հաջողությունները նպաստելու են թե բուհերի, թե գիտության զարգացմանը»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:

 Անդրադառնալով նախկինում տրված դրամաշնորհների խնդրին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրանց մի մասն արդյունավետ չեն օգտագործվել: «Մեր հիմնական նպատակն է, որ ներգրավվող ֆինանսական միջոցները հանգեցնեն ինստիտուցիոնալ փոփոխությունների»,- շեշտել է ԿԳ նախարարը: Խոսելով կրթության համակարգի առաջնահերթությունների մասին՝ Արայիկ Հարությունյանը նշել է կրթական համակարգի ապաքաղաքականացման, հակակոռուպցիոն քաղաքականության անհրաժեշտության մասին: «Եթե հետևեք վերջին 2 շաբաթվա ընթացքում դպրոցներում իրականացվող մեր գործողություններին, ապա կնկատեք, որ դրանք կոնկրետ ուղղություններով որոշակիորեն նպաստել են կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը: Ուզում եմ շեշտել, որ այդ հարցում մենք հաստատակամ ենք: Ի դեպ, ծնողներն ու աշակերտներն արդեն զգում են այդ: Երբ կրթության նախարարության նոր ղեկավարության նկատմամբ կա ծնողների ու աշակերտների վստահություն, մեծ հնարավորություն է ստեղծվում ավելի արդյունավետ գործելու համար»,- ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով նախանշվող բարեփոխումներին՝ Արայիկ Հարությունյանն առաձնացրել է Կրթության ազգային ինստիտուտի արմատական փոփոխությունը, կրթության ապաքաղաքականացումը` մասնավորապես, դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորումը և բարձրագույն կրթության մասին օրինագծի վերամշակումը, որն առաջին հերթին պետք է ամրագրի բուհերի ակադեմիական ազատություններն ու ինքնավարությունը:

Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ երկրի առաջընթացի համար կրթության ոլորտի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի: Դեսպանն անդրադարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին` միաժամանակ պատրաստակամություն  հայտնելով ամրապնդել և ընդլայնել աջակցությունը մեր երկրում անգլերենի դասավանդման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացներին: Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ և ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: