Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել 7or.am կայքին: Նա նախ տեղեկացրել է, որ իր ընտանիքը մշտապես գտնվել է Հայաստանում, իսկ ինքն անձնական խնդիրների հետ կապված է եղել դրսում։
Ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատվածներ:
Ես հետևում եմ մեր բանակի վիճակին, մեր ռազմաքաղաքական ղեկավարության քայլերին, ադրբեջանական բանակում տեղի ունեցող փոփոխություններին, ռուս-ադրբեջանական ռազմական հարաբերություններին և այլն: Բոլոր այդ խնդիրները միշտ իմ ուշադրության կենտրոնում են: Ավելին՝ այս տարիներին ապրելով արտերկրում` ես բազմաթիվ կապեր և հարաբերություններ եմ հաստատել Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցիկ շրջանակների հետ։
Իմ շփումների, ունեցածս տեղեկատվության և վերլուծության արդյունքում էր, որ 2013 թվականի ամռանը որոշեցի փակ նամակ գրել նախագահին՝ զգուշացնելով Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, ներկայացնելով իմ բոլոր մտահոգությունները, որ առաջացել էին իմ դիտարկումների արդյունքում և առաջարկելով լուծումներ, որոնք թույլ կտային մեզ խուսափել բախումներից, իսկ եթե դրանք լինեին, ապա չտայինք այսքան մարդկային կորուստներ ու կարողանայինք ռազմական հաջողություն գրանցել՝ մարտը տեղափոխելով հակառակորդի տարածք:
Մեկ բան կարող եմ ասել` իրավիճակը բավականին մտահոգիչ է:
…Ես իմաստ չեմ տեսնում դրսի ուժերից բողոքելու մեջ։ 90–ականներին Ռուսաստանից մենք էլ ենք զենք բերել, Ադրբեջանն էլ։ Բայց հաղթել ենք մենք, իսկ Ադրբեջանը սկսել է բողոքել, թե, իբր, հայերը ռուսների աջակցությամբ են հաղթել։ Պարտվողը, որպես կանոն, միշտ էլ մեղավորներ է փնտրում իրենից դուրս։ Դրսին մեղադրելն իմ ոճը չի, և խորհուրդ կտայի մեր ժողովրդին ապավինել սեփական ուժերին։ Եթե դրսին ես մեղադրում անհաջողության համար, ապա ստացվում է, որ հաջողությունդ էլ ես կապում դրսի հետ, իսկ դա վտանգավոր մտածողություն է։
…Ռազմական բալանսի փոփոխության միջոցով Ալիևը փորձում է շուռ տալ բանակցային տրամաբանությունը` փաստի առաջ կանգնեցնելով բոլորին:
…Մեկ բան ուզում եմ հատուկ շեշտել՝ մենք պետք է պատրանքներ չունենանք և կարծենք, որ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանը գնալու է փոխզիջման։ Նրանք ցանկություն ունեն վերցնել ամբողջը։ Ադրբեջանի ախորժակը կարող ենք զսպել միայն ռազմական բալանսն ի նպաստ Հայաստանի ու Ղարաբաղի ապահովելով։
… Ղարաբաղի հարցում մենք պետք է հենվենք նախ և առաջ մեր ուժերի վրա։ Պետք է արդիականացնենք մեր բանակը և դարձնենք 21-րդ դարին համահունչ մարտունակ կառույց: Եվ միայն ուժի դիրքերից պետք է հանդես գանք բանակցություններում՝ հակառակորդին թելադրելով մեր ուզածը:
…Պետք է մեկ բան շատ լավ հասկանալ՝ Ռուսաստանն ուզում է միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ (նույնը Վրաստանի մասով)։ Ընդ որում՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ Ռուսաստանի լարված հարաբերությունները և մեր՝ ՀԱՊԿ անդամ լինելու գործոնը՝ ռուսներն ավելի շատ հակված են մեր հետ սերտացնել հարաբերությունները: Դա ենթադրում է աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ ռազմական: Բայց դա չի ենթադրում, որ նրանք մեր տեղը պետք է կռվեն Ղարաբաղում: Այդպիսի բան չի եղել 90–ական թվականներին, չի լինի հիմա և չի լինելու ապագայում: Եվ այդ իմաստով Հայաստանի այսօրվա քաղաքական վերնախավը, հավանաբար, չի կարողացել բացատրել ժողովրդին, կամ ինքն էլ չի պատկերացրել, որ ղարաբաղյան հնարավոր պատերազմում ռուսներն ուղղակիորեն չեն օգնելու որևէ մեկին, և ԵՏՄ անդամ դառնալը որևէ երաշխիք չի տալիս, որ ռազմական բախում չի լինի:
…Ամեն ինչ կարելի է փոխել, բայց ասել, որ դրա համար շատ ժամանակ ունենք, խաբեություն կլինի: Կոնկրետ բանակի արմատական արդիականացման և նոր որակի կառավարման համար անհրաժեշտ է առնվազն 10 ամիս: Նույնը վերաբերում է նաև զենք–զինամթերքի նոր քանակների ստացման խնդրին: