Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Ավանի Բաբաջանյան փողոցի հարակից շրջանում տեղի է ունեցել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացումը: Արձանի քանդակագործը Համլետ Մատինյանն է, ճարտարապետը` Միքայել Միսակյանը:
Արձանը սոցիալական կայքերում բուռն քննադատությունների է արժանացել, մարդիկ տարբեր հարցեր են հնչեցնում` ինչո՞ւ է մարշալը նստած, ինչո՞ւ է նրա փողկապը կարճ, ո՞ւր է արձանի գեղագիտական տեսքը` առհասարակ:
Yerkir.am-ի հետ զրույցում քանդակի ճարտարապետը` Միքայել Միսակյանը, նշեց, որ իրենք արձանի միջոցով ուզում էին հասարակությանը ցույց տալ կյանքի ուղի անցած հզոր զորահրամանատարի` պատերազմական և աշխարհիկ կյանքով:
«Ուզում էինք խրոխտ Բաբաջանյան ցուցադրել, խրոխտ, անցած ճանապարհ ունեցող, որ ընկճված չլիներ նա: Մարշալի աթոռի ձևը «հիտլերյան» է: Հիտլերի աթոռի մի նկար կար ինտերնետում, և մենք դա ինտերնետից ենք վերցրել ու այդ ոճի մեջ սարքել այն. ռազմավար աթոռ է դա: Իսկ մարշալը նստած է, քանի որ նա հաղթանակել է, հետո նստել այդ ռազմավարի վրա. գաղափարը դա է»,- ասաց Միսակյանը:
Ինչ վերաբերում է քանդակի հետևում առկա գրությանը` «Հիտլեր, ես քու մերը», ապա այն Միսակյանը բացատրեց այսպես. «Թամանյան դիվիզիայի հայ մարտիկները 1945-ին՝ Բեռլինը գրավելուց հետո, Ռեյխստագի պատերին նման բան են գրել: Քանդակագործն էլ իր կողմից դա ավելացրել է քանդակին»:
Միսակյանը նշեց նաև, որ քանդակի հատակին տանկի հետքերն են, որոնք իջնում են փողոցի կողմն ու դառնում կանաչ տարածք: «Ճարտարապետությունը սեղանաձև լուծում ունի, ծաղիկների, զրահամեքենայի հետքերը գնում` հատվում են անվերջության մեջ: Սեղանաձև լուծումը ճարտարապետական հնարք է, որ տարածքը մեծ երևա: Նման լուծմամբ մի քանդակ էլ Հռոմի հրապարակում կա. Հռոմի պապի` ցածրահասակ լինելը քողարկելու համար արձանն աստիճանների վերջում էին կանգնեցրել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է փողկապի` կարճ կամ երկար լինելուն, ապա, ըստ ճարտարապետի, զինվորական փողկապներն ունեն հատուկ չափեր, դրանք երբեք երկար չեն լինում:
«Սիրում եմ, որ քննադատում են գործը, քանի որ ստեղծագործողը, որ երկար ամիսներ աշխատում է մի գործի վրա, հոգնում է, իսկ կողքի` երկրորդ աչքն ավելի ճիշտ է տեսնում ամեն ինչ: Մյուս կողմից` բնական է, որ մի քիչ էլ մարդկանց աչքը սովոր չէ: Հիշեք Առնո Բաբաջանյանի արձանը: Միշտ կգտնվեն քննադատողներ, իհարկե, ընդունելի է առողջ քննադատությունը»,- ասաց Միսակյանը:
Հարցին, թե արդյո՞ք արձանը ստացվել է այն, ինչ ճարտարապետը պատկերացնում էր, Միսակյանը պատասխանեց` այո: «Տարբեր տարբերակներ ունեինք: Կային մարդիկ, որ ասում էին` Բաբաջանյանը պետք է կանգնած լիներ, բայց նրա` նստած լինելու գաղափարը հանգստի, դադարի պատմությունն էր, նրա կյանքի պատմությունը: Նրա կյանքի վերջին տարիներին, երբ մարշալը եկել էր Հայաստան, անընդհատ նայում էր Մասիսին, այսինքն` հիմա որ նայեք արձանի հայացքին, կտեսնեք, որ նա նայում է դեպի Արարատ լեռը»,- ասաց նա: