կարևոր
5179 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-05 14:24
Հասարակություն

Հայ ճարտարապետ լինել Թուրքիայում՝ Զաքարյա Միլդանօղլու

Հայ ճարտարապետ լինել Թուրքիայում՝ Զաքարյա Միլդանօղլու

Սայիդ Չեթինօղլու

Ճարտարապետների պալատ Ստամբուլի քաղաքային մասնաճյուղի Ճարտարապետների պալատի հրապարակած դիմանկարների շարքից Զաքարյա Միլդանօղլուի հետ հարցազրույցը գրքի է վերածվել և ներկայացվել ընթերցողներին։

Հավելենք, որ հարցազրույցին այլ համ է տալիս այն ​​փաստը, որ այն անցկացվել է երկու գործընկերների և ընկերների միջև, ովքեր միմյանց շատ վաղուց են ճանաչում։ Հարցազրույցի այս ձևաչափը նրան արտասովոր խորություն և հարստություն է հաղորդում։

Հարցազրույցը բաղկացած է վեց բաժիններից՝ մանկություն և կրթական կյանք, քաղաքական կյանք, մասնագիտական ​​կյանքը, «Հայ մշակույթի հետքերով» ճամփորդությունները, արտասահմանում ուսումը և ուսումնասիրությունները։

Զաքարյա Միլդանօղլուի, ինչպես նրան ընկերներն են անվանում՝ Զաքարի մանկության, կրթության, մասնագիտական ​​ու քաղաքական կյանքի ընթացքը ընթերցողներին հստակ ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրած անատոլիացի հայ (արևմտահայ-Ակունքի խմբ) ընտանիքի դժվարին կյանքը։ Հարցազրուցավար Սալիհա Ասլանն իր խոսքն ամփոփեց հետևյալ նախադասությամբ․ «Նրա պատմությունները լսելիս ես ունկնդրեցի ոչ միայն նրա և ընտանիքի պատմությունը, այլև Մեծ աղետի (Հայոց ցեղասպանության-Ակունքի խմբու այն ցավի պատմությունը, որ տեղի է ունեցել այս հողերում»:

Ճարտարապետ Զաքարյա Միլդանօղլուի՝ բազմակողմանի անձնավորության հարցազրույցին կարելի է մոտենալ մի քանի տեսանկյունից։

Սալիհա Ասլանի համար, ով մոտիկից էր ծանոթ այդ ընտանիքների՝ իրենց պատմական հողերից բաժանված ժողովրդի ողբերգությանը, հեշտ էր այս տարածաշրջանի դառը իրողություններին անդրադառնալը։

Զաքարը այն ծնողների զավակն է, ովքեր ականատես են եղել այս տարածքների հազարամյա պատմության ամենաարյունալի, ամենացավալի օրերին: Մարդիկ իրենց երեխաների բարօրության և անվտանգության համար հաղթահարել են մեծ տառապանքը, ստիպված արհամարհել են տեղի ունեցածը և իրենց ցավը պահել ներսում: Ես դա տեսա, երբ կնոջս ընտանիքի մեծերը որոշեցին մոռանալ 1864 թ․ չերքեզների աքսորն ու տառապանքը:

Ինչ-որ առումով հարցազրույցը կարելի է կարդալ որպես կարճ հայոց պատմություն. Զաքարի պատմածները, ինչ-որ իմաստով, Ցեղասպանությունից հետո Անատոլիայի և Ստամբուլի հայերի կարճ ու համառոտ պատմությունն է։ Որպես կենդանի մարդու՝ առաջին ձեռքից ստացված վկայություն՝ հարցազրույցը պատմական փաստաթուղթ է: Մանրամասն պատկերված է հայերի կյանքը, նրանց դպրոցները, կրոնական ու համերաշխության հաստատությունները։ Ինչ-որ առումով կարելի է նրա ասածը ընթերցել որպես իրենց պատմական հողերից հայերի ոչնչացման ու վերացման ողբ։

Սալիհա Ասլանի հարցազրույցի ներկայացումը նման է Շառլ Ազնավուրի էլեգիայի այս խոսքերին.

Թե ​​որոշել ես հանել

Սրտիս փուշը

Քո ոտքի փուշն էլ

Կվերանա

Դու էլ, ես էլ

Ազատ ու եղբայր կլինենք։

Զաքարը ծնվել է անցյալ դարի կեսերին՝ Կայսերիի (Կեսարիա-Ակունքի խմբԷքրեք գյուղում, որը նախկինում ամբողջովին հայկական էր։ Մինչև 1915 թ․ ցեղասպանությունը Էքրեքը լիովին հայ բնակչությամբ մի հարուստ գյուղ էր։

Գյուղի դիրքը կարևոր էր։ Անկարայի, Կայսերիի, Սվազի (Սեբաստիա-Ակունքի խմբ), Մալաթիայի ճանապարհներն անցնում էին հենց մեր գյուղի միջով։ Գյուղի պատմության վերաբերյալ մի փոքրիկ հետազոտություն կատարեցի։ Մարդահամարում գրանցվել է որպես 2700-3000 բնակիչ ունեցող գյուղ։ Բնակչությունն ամբողջությամբ հայկական է եղել, ունեցել է երկուական հայկական դպրոց և եկեղեցի։ Իր ժամանակվա համար զարգացած բնակավայր էր, կային բազմաթիվ վաճառականներ ու արհեստավորներ։ Սա հստակ տեսանելի է, երբ այցելում ես գյուղի հայկական գերեզմանատուն։

Դատարկվել է 1915 թ․։ Բնակչության մի մասին աքսորել են, մի մասին էլ՝ տեղում կոտորել։

Զաքարը հայերի՝ մինչև մեր օրեր հասնող պատմական իրողությունները հստակ է փոխանցում.

«1915 թ․ անմիջապես առաջ Օսմանյան կայսրության բնակչության 25 տոկոսը բաղկացած էր քրիստոնյաներից՝ հայերից և հույներից: Հիմա այն մեկ հազարերորդից էլ քիչ է։ Անցել է ավելի քան հարյուր տարի, բայց այս պատմության հետ առերեսում երբեք չի եղել։ Այս հարցը շարունակում է մնալ Թուրքիայի գլխավոր խնդիրներից մեկը։ Իմ հայրական կողմը՝ մի ամբողջ գերդաստան, ոչնչացվածների թվում է»։

Հաստատման և փրկության հիմք հանդիսացող այս իրականության հետ չառերեսվելը մեր բոլոր խնդիրների աղբյուրն է։

Ցեղասպանությունից հետո շատ քիչ հայեր կարողացան վերադառնալ իրենց գյուղեր։ Նրա ընտանիքը գյուղի վերջին հայ ընտանիքն էր և 1957 թ․ ամեն ինչ թողնելով՝ գաղթեց Ստամբուլ։ «Գյուղի վերջին հայը մեր ընտանիքն էր։ Մեր գնալուց հետո գյուղում հայ չմնաց… Թողեցինք մեր հողերը, ամեն ինչ։ Մեզ մոտ դեռ պահպանվում են սեփականության վկայականները, բայց մեր ունեցվածքը օգտագործվում է գյուղացիների կողմից։ Իսկ մեր տունը քանդված է»։

Երբ Զաքարյան 1950-ականներին գյուղի վիճակն է նկարագրում, այն իրականում հակիրճ ամփոփում է Անատոլիայի հայերի կյանքը 1915 թ․ հետո։ Գյուղում իր ընտանիքից բացի, «տատիկներս էին և իսլամացած մի ընտանիք, որոնք գյուղում ջրաղաց ունեին։ Քանի որ գյուղում այս գործով զբաղվող ուրիշ ջրաղացպան չկար, 1915-ին նրան չեն աքսորել՝ կրոնը փոխելու ու մահմեդական դառնալու պայմանով, և նա, թեկուզ ակամա, մուսուլման էր դարձել ու փրկվել մահից։ Մորս քույրերից մեկն այս ընտանիքի հարսն էր։ Մայրս այս գյուղից է, իսկ հայրս՝ Յոզղատից՝ ծնված 1901 թ․»։

Լավ դիտողականությամբ օժտված Զաքարն արտասովոր մանրամասնությամբ է պատկերել Էքրեքը, Կայսերին և հայկական կյանքը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել մշակութային ցեղասպանության վրա և օրինակ է բերել բարբարոսության յուրահատուկ դրսևորմամբ Անատոլիայի ամեն մի անկյունից հայկական մշակույթի հետքերի ջնջումը․ տներից, դպրոցներից, եկեղեցիներից ու գերեզմանատներից ոչինչ չի մնացել։ «Հայերին պատկանող [տների] միայն տարրական հետքերն են մնացել։ Քանդեցին ու դրանցից մեկի քարերով ներգաղթյալների թաղամասում մզկիթ կառուցեցին։ Մայրս հիշում էր այդ եկեղեցիներից մեկը և գիտեր դրա տեղը։ Ես էլ տեսա հիմնաքարերը»։

Հայկական մշակույթի նկատմամբ իշխանությունների թշնամական վերաբերմունքի օրինակներ.

«Երբ մտնեք գյուղ, ձախ կողմում կտեսնեք մի հարթավայր, բլուր։ Հայկական գերեզմանոցներից ու եկեղեցիներից մեկն այնտեղ էր։ Մայրուղով արևելք գնալիս Քյազիմ Կարաբեքիրը հենց մեր գյուղի միջով է անցնում։ Ասում է՝ «Վերադարձիս այս եկեղեցին չտեսնեմ»:

Սկզբում փորձեցին քանդել բրիչներով, բահերով ու մուրճերով, բայց երբ անհաջողության մատնվեցին, հայերին զոհեցին ու դինամիտով հօդս ցնդեցրին։ Մայրս վկա է եղել։ այնտեղի գերեզմանաքարերը վերցրին և տուն ու այլ բաներ կառուցեցին»։

Պատմում է հոր ողբերգական պատմությունը՝ ընդգծելով, որ նրա պատմությունը բոլորովին այլ ընթացք է ունեցել։ Դա նման է պատահաբար ողջ մնացած հայ որբերի կյանքի համառոտ ամփոփմանը։

«Այդ գյուղում մենք դժվար կյանք ունեինք։ Շատ լավ հարեւաններ և շատ լավ ընկերներ ունեինք, բայց կային նաև վատերը։ Բոլորին պետք չէ նույն արշինով չափել… Լսում էի, որ ինչ-որ մեկը աչք է դրել քույրերիս վրա, ուզում է առևանգել նրանց։ Դպրոցում չէ, բայց երբ առավոտյան տնից դուրս էի գալիս ու դպրոց գնում, էշի նման մարդիկ շատ էին ապտակում ինձ ու ասում՝ «Գյավուր, խաչ հանի»։ Սալիհա, գիտե՞ս ինչքան վատ էր։ Ես չգիտեի, խաչն ինչ է»:

Անհանգստանալով ամուսնական տարիքի հասած քույրերի ապագայով՝ ծնողները մի գիշեր, առանց որևէ մեկին տեղյակ պահելու, բեռնատարի մեջ երկու կտոր իր բարձելով՝ հեռանում են գյուղից։

Զաքարը իր պատմածների մեջ բոլորին նույն մակարդակի վրա չի դնում։ Իր տեղն ունի առաջին ուսուցիչը, և իր վրա հետք թողած ուսուցիչներին էլ է բարի խոսքերով հիշում։ Աշխատանքային կյանքում նրանցից ոմանց հետ ուղիները խաչվել են, ընկերացել են և միասին ստեղծագործել: Սակայն պարտավոր եմ այստեղ նրա առաջին ուսուցչին մի փոքր ավելի շատ տեղ հատկացնել:

«Ունեինք ուսուցիչ՝ Մուստաֆա Ալըմջըն, ով ավարտել էր Փազարյորենի ուսուցիչների վերապատրաստման դպրոցը, և հետագայում մասնակցեց սոցիալիստական ​​շարժմանը, նա շատ լավ մարդ էր, մեր ընտանիքի պահապան հրեշտակը․ ժամանակ առ ժամանակ նա և իր կինը գալիս էին մեզ հյուր ցերեկը և գիշերը մնում էին քնելու մեզ մոտ, որովհետև որոշ գիշերներ մեր տունը քարկոծվում էր»։

Շատ լավ գիտեմ այս իրավիճակը, 90-ականներին, երբ ես Հաքքարիում և Չուքուրջայում էի, չէին գիշերում այն ​​տներում, որտեղ այցելում էի։ Այնտեղ, որտեղ ես էի, հարձակումներ չէին կարող լինել, գիշերները կարող էի հանգիստ քնել։

Շեշտը դնելով մեր ընթերցողներին իրազեկման վրա՝ Զաքարը կիսվում է հայ հասարակության մեջ ընդունված Ցեղասպանության սահմանմամբ։

«Կցանկանայի մի քանի նախադասություն ասել առաջին ձեռքից այն մասին, թե ինչպես են հայերը հիշում և ոգեկոչում 1915-ը։ Մեր մեծերը սովորաբար նկարագրում են իրենց փորձառությունները որպես ջարդ (կոտորած): Երբ խոսում են իրենց ապրած ժամանակաշրջանի մասին, ասում են «ջարդի ճամփին» կամ «ջարդի ժամանակ»։ Երբեմն-երբեմն դա բնութագրում են որպես գաղթ: Օրինակ՝ ասում են՝ «գաղթի ժամանակ նա դեռ բարուրի մեջ էր», «գաղթականները հավաքվեցին Սվազում և քշվեցին դեպի սիրիական անապատները»։ Որոշ դեպքերում սա փոխարինվում է աքսորով։ Ասում են «աքսորի գնալիս», «աքսորի ժամանակ»։ Հետագա տարիներին այն սկսեցին անվանել Մեծ Եղեռն, իսկ 1944 թ․ սկսեցին անվանել Ցեղասպանություն»։

Ստամբուլում ուսումնական կյանքի մասին խոսելիս նա նշեց հայ կրթական կյանքի սահմանափակումները, կազմակերպությունների դժվարությունները և այլն։

«Հետագա տարիներին կարդացի և իմացա։ Անատոլիայում ժամանակին գտնված երկու հազարից ավելի հայկական դպրոցներից ոչ մեկը կանգուն չի մնացել։ Ավելի քան երեք հազար եկեղեցիներից երեքը կամ հինգն են բաց… Հայերին պատկանած երկու հազար եկեղեցիներից ու վանքերից մնացել են Կայսերիի, Դիարբեքիրի, Մարդինի, Իսքենդերունի և Հաթայի՝ Սամանդաղի եկեղեցիները, այսքանը։ Դպրոց ընդհանրապես չկա…»։

Պետությունն այնպիսի պայմաններ ստեղծեց, որ Ստամբուլից դուրս գտնվող հայերին ստիպեց թողնել իրենց հողերը և գաղթել։ 1915-ի ստվերում մնացած հայկական ջարդերի մասին է խոսքը։ Այն ներկայացնում է մանկատների սոցիալական հիմքը, համերաշխության մեխանիզմների ստեղծումն ու ամրապնդումը, օրինակներ ներկայացնում պոլսահայության հետզհետե բարդացող կյանքից: Երբ նա նկարագրում է «Քաղաքացի՛, թուրքերե՛ն խոսիր» արշավի սարսափները և խոսելում սև կազմով տետրերի մասին, որոնցում ուսուցիչների ելույթներից տողեր էին գրում և պետք է ուշադիր հետևեին դրանց, անհնար է չվրդովվել։ Թուրքիայի բանվորական կուսակցությունից նա չի շրջանցում Սարգիս Չերքեզյանին, ում ազդեցությունը կրել է կուսակցությունը։

Ընդարձակ տեղ է հատկացրել պոլսահայության նկարագրությանը։ Թաղեր, աշխատատեղեր, զբաղմունքի ուղղություններ… և այլն: Երբ մանրամասներ է պատմում, մեր աչքի առաջ, ինչպես ֆիլմի ժապավենը, հառնում է անցյալ դարի հայկական հասարակական-տնտեսական կյանքը։

Հարցազրույցում նա օրինակներով բացատրում է այն բեկումնային կետերը, որոնց պատճառով հայ հասարակությունն իրեն անապահով է զգում։

«Ե՛վ անապահովության զգացում կա, և՛ ոտնձգություն։ Պարտադիր չէ, որ բոլորը ենթարկվեն դրան, կարող ես մի բան անել, որ ամբողջ հասարակությունը զգա։ Պարզապես ասա «Քաղաքացի՛, թուրքերե՛ն խոսիր» և բավական է։ Կարող ես սպանել Հրանտ Դինքին, կամ Տրապիզոնում քահանա մորթել, կամ Սամաթիայում մի կնոջ սպանել, և դա բավարար կլինի: 1915-ի Մեծ Եղեռն, Ունեցվածքի հարկ, սեպտեմբերի 6-7-ի պոգրոմներ, այլ կոտորածներ: Սամաթիա-Եդիքուլե գիծն այն առանցքն էր, որտեղ 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ը տեղի ունեցան ամենակատաղի իրադարձությունները, և այրվեցին եկեղեցիներ։ Հորեղբայրներս այդ գազանություններից փրկվեցին իրենց ներքևի հարկում ապրող մի պաշտոնաթող ոստիկանի շնորհիվ։ Հետագայում՝ 60-ական, 70-80-ական թվականներին տասը տարին մեկ տեղի ունեցած հեղաշրջումները նույնպես բեկումնային էին հայության համար․ նրանք իրենց ապահով չէին զգում, իսկ ոմանք, քիչ թե շատ, զանգվածաբար արտագաղթում էին»։

Հարցազրույցի միջոցով կարելի է ընկալել նաև, թե ինչ է նշանակում հայ լինել Թուրքիայում. նա ներկայացնում է այն իրավիճակները, որոնց բախվում է թաղամասում, դպրոցում, աշխատանքային կյանքում և ամուսնության մեջ: Ամուսնության ժամանակ Ժալեի ընտանիքը սառնություն է զգացել իր նկատմամբ, իսկ աներն ասել է․ «Տղա՛ս, ի՞նչ ենք ասելու մեր թաղին․ հային աղջիկ ե՞նք տալիս»։ Հետաքրքիր է, որ նույնիսկ նրանց ամբիցիոզ ինտերնացիոնալիստ ընկերներից մի քանիսը դեմ են արտահայտվում նրանց ամուսնությանը` խտրականություն ցուցաբերելով։

Խտրականությունն ամենուր է։ Նա պատմում է երեխաների կրթության հետ կապված խնդիրներից։ Նա գտնում է, որ պալատի ​​ընտրություններում իրեն ցուցակից հանելու պատճառը հայ լինելն է. «Նուբար եղբայրը (Աջեմյանը) ինձ զգուշացրել էր։ Նա սենյակում էր, երբ մենք հասանք։ Ինձ ասաց՝ «Երիտասարդ ես, տաքարյուն ես, բայց հայ ես։ Զգույշ եղիր»։

Երբ խոսում է ուսանողական կյանքի ու ուսման ընթացքում հանդիպած խնդիրների մասին, քննադատության իր բաժինն է ստանում նաև կրթական համակարգը։ Մեկ անգամ ևս մատնանշում է խտրականությունը.

«Ընդհանրապես  դասերս կարեւորել եմ, կարող եմ ասել, որ գիտակցաբար էի մոտենում դրանց։ Երբ այսօր հետ եմ նայում, կարծում եմ, որ այնպիսի դասընթացների, ինչպիսիք են արվեստի պատմությունը և ճարտարապետությունը, անհրաժեշտ նշանակություն չեն տվել: Տեսնում եմ, որ շատ թեմաներ մակերեսորեն են քննարկվում, մինչդեռ որոշ թեմաների ընդհանրապես չեն անդրադառնում։ Օրինակ, կարծում եմ, որ մզկիթների թեման քննարկվելիս չենք կարդացել շինարարական արվեստի հիմնաքարերի մասին, ինչպիսիք են եկեղեցիները և սինագոգները, եթե լուսաբանվել է և վրիպել է իմ ուշադրությունից, թողնվել է առանձին թեմայի մակարդակում. իսկ օրինակ՝ Հռոմն ու Բյուզանդիան մնացել են խոսքային մակարդակում։ Հայկական, հունական և ասորական արվեստի մասին խոսք անգամ չի եղել։ Քաղաքակրթության և մշակույթի հարցերը միշտ անտեսվել են: Ես նկատեցի այս հսկայական հարստությունը մի քանի տեխնիկական ճամփորդությունների ժամանակ, որոնք մենք վերցրեցինք որպես դաս»:

Դպրոցական տարիներից սկսված իր քաղաքական կյանքում նա խոսում է անազատության մեջ խոշտանգումների մասին, հատկապես սեպտեմբերի 12-ին։

«Ես հարցաքննվելու՝ ինչ լինելը զգացի, հատկապես, երբ սեպտեմբերի 12-ին ձերբակալվեցի։ Ստիպեցին սպասել դրսի միջանցքում, մինչ դու գնում էիր հարցաքննության սենյակ՝ աչքերդ կապված։ Հանկարծ բռունցքներով, փայտերով հարձակվում էին վրադ՝ ասելով․ «Ա՛յ գյավուր, քե՞զ էր մնացել կոմունիստ լինելն ու երկիրը փրկելը»։ Այդ դաժան խոշտանգումները բոլորովին այլ մեթոդներով շարունակվելու էին հարցաքննության սենյակում»։

Խոսելով Դիարբեքիրում որպես պահեստի սպա իր ծառայության մասին, խոսքն ամփոփում է Դիրաբեքիրի 12-ի դեպքով։ «Այնտեղ շատ վատ բաներ տեսա, տեսա նաև մահացածներին ու խոշտանգվածներին։ Անգամ տեսա մարդկանց, ովքեր չէին կարողանում ոտք ներդ դնել, տեսա ավտոբուսով մի մահացած մարդու բերեցին, հետ տարան։ Այնպես որ, այդ առումով շատ սարսափելի էր…»:

Նա կալանավորվել է զինվորական ծառայության ընթացքում։ Նկարագրում է կալանավայրը։ Դիարբեքիրի պես՝ Ստամբուլը ևս սարսափելի էր։

«Չապայի ուսուցիչների վերապատրաստման դպրոցը դարձրին իրենց գլխավոր գրասենյակը, և հավաքվածներին նախ այնտեղ էին տանում: Առավոտյան մի գնդապետ վերցրեց ինձ, քանի որ պահեստազորի սպա էի, ինձ պետք է զինվորականը վերցներ, ոչ թե քաղաքացիական անձը։ Այնտեղ մնացի մի քանի ժամ։ Ինձ ջիպով տարան ուղիղ դեպի Գեյրեթեփեի առաջին մասնաճյուղ։ Այնտեղ մնացի 30 օր․ հարցաքննության գործընթացը անհավանական խոշտանգումների փուլ էր։ Խցում ես, բայց մարդիկ 5, 6, 7 հոգի, իրար վրա են՝ այնպես, որ եթե պպզելու տեղ գտնես՝ աղոթիր, այդքան մարդաշատ էր… Հարցաքննություններիցս մեկում… Դրել էին մի թմբի վրա։ Մտածեցի պատուհանի գոգն է: Միանգամից հրեցին։ Դմփոցով ընկա գետնին։ Պարզվեց՝ նստեցրել են աթոռին ու այնտեղից հրել… Պատմելու բան չէ․․․ Ես վերապրեցի այդ խոշտանգումները, և անգամ առաջին մասնաճյուղից հետո երկրորդ անգամ վերապրեցի Կենտրոնական հրամանատարությունում… Ե՛վ քաղաքացիականները, և՛ զինվորականները կապի մեջ էին, այսինքն՝ կային և քաղաքացիականներ, և զինվորականներ։ Ձեռքներին մահակ բռնած՝ ասացին. «Օ՜, պարոն, բարի գալուստ: Առաջին մասնաճյուղում հարցերդ չկարողացան լուծել, մենք կլուծենք»։ Իր գործողություններից զգացի, որ հոգեկան հիվանդ էր: «Դեհ ասա տեսնեմ»,- ասաց նա։ «Ի՞նչ ասեմ։ Հարցրեք, ասեմ»,-ասացի ես։ Աչքերս արդեն բաց էին։  «Չէ, այստեղ փաշայի նման գալ-գնալ չկա, այդպես հեշտ չի լինելու»,- ասաց նա։ Սկսեց մահակով հարվածել սրունքներիս, չես պատկերացնի՝ ոնց էր հարվածում, ոնց էր հարվածում։ Կոպիտ ծեծ էր, բայց դա շատ դաժան է, մյուս կողմն էլ էլեկտրականություն էր: Տարբեր բաներ ուներ, ֆալախկաներ ու կախոցները, բայց հաստ փայտով հարվածում էր ու հարվածում։ Ինչ որ է, երկու-երեք օր գնում-գալիս էր ու էդ փայտով ծեծելով՝ սպանում էր ինձ, ամբողջ մարմինս կապտած էր։ Կարծում էի, որ ոսկորներս փշրվել են… Մոտ երեք օր այնտեղ մնացի, մորս կաթը քթիցս եկավ… Այնտեղից բերեցին Հարբիյե՝ Սելիմիյե տեղափոխվողների կացարան-կենտրոն։ Մեկ շաբաթ մնացի Հարբիեում և տարան Սելիմիե»։

Այդ ընթացքում նրա կինը՝ Ժալեն, փնտրում է Զաքարին դրսում։ Անհնար է չհիշատակել Ժալեի քաջությունը։ «Ժալեն միայն 20 օր հետո իմացավ, որ ես Գեյրեթեփեում եմ: Եվ իր խենթ խիզախությամբ, ծաղիկները ձեռքին, եկավ այնտեղ՝ նշելու ծննդյանս կամ հարսանիքի տարեդարձը․ դա իմ առաջին շփումն է եղել այն ժամանակ, երբ ես մասնաճյուղում էի: Երկար պատմություն, նա իմ հետքերով եկավ և իմացավ, որ ինձ այնտեղ են բերել…»:

Երբ խոսում է իր աշխատանքային կյանքի, ստեղծագործության ու վերականգնման աշխատանքների մասին, ասես դաս է տալիս իր ուսանողներին։ Այս առումով հարցազրույցը կարելի է դասավանդել որպես ճարտարապետական ​​կրթության հիմնական դասագրքերից մեկը։ Քանզի այն պարունակում է գոհացուցիչ փաստաթղթեր՝ զարդարված անթիվ տեսական և գործնական տեղեկություններով, թե ինչ չի կարելի անել, ինչ անել և ինչ հաշվի առնել նախագծման և իրականացման ժամանակ: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը և՛ պատմություն է, և՛ վերականգնման դաս։ «Խոսքը պատմական քաղաքների մասին է, որոնք անհրաժեշտության դեպքում ծառայել են որպես կայսրությունների մայրաքաղաք։ Այս երկիրը կառուցվածքային առումով մշակութային գույքագրում չունի»,- ասում է նա՝ հարցականի տակ դնելով սոցիալական հիշողությունը։ Հրանտ Դինք հիմնադրամի հետ կատարած գույքագրման ուսումնասիրությունների օրինակներ։

Իր մասնագիտության և աշխատանքի մասին խոսելիս նա կարծես ուսուցիչ լինի, ով դաս է տալիս ամբիոնի մոտ և կիսում իր հազարամյա փորձը։

«Ինձ համար ճարտարապետությունը դարձել է ոչ միայն մասնագիտություն, այլեւ ապրելակերպ։ Իհարկե, մասնագիտական ​​տեխնիկական կրթությունը կարևոր է, բայց ես նրանցից եմ, ով կարծում է, որ շատերն են ճարտարապետ։ Իմ կարծիքով ճարտարապետ դառնալու համար պարտադիր չէ կրթություն ունենալ։ Կարծում եմ, որ շատ գործեր են հայտնի՝ ոչ ճարտարապետներ կառուցած, կամ որոնք մենք անվանում ենք քաղաքացիական ճարտարապետություն, բայց ճարտարապետների կողմից չեն նախագծվել, և որ մեր ներկայիս արմատները հիմնված են «փորձարարական ճարտարապետություն» կոչվող հայեցակարգի վրա»:

Փորձարարական ճարտարապետության մասին նրա խոսքերը այնպիսի բաներ են, որոնք երբեք չեն անցնի դիպլոմով ավարտածի մտքով: Նա ամբիոն բերեց հազարավոր տարիների փորձը։

Հայկական մշակութային հետքերով շրջագայությունները, որոնք սկսվել են հայ ժողովրդի զավակ Սարգիս Սերոբյանի գլխավորությամբ, ինչ-որ առումով հայկական մշակութային գույքագրում է, ինչպես նաև՝ պատմական ուսումնասիրություն։ «Տեսնում ես, թե ինչպես է քաղաքակրթություն կործանվում» խոսքը մի՞թե նախատինք չէ՝ բոլորիս ուղղված։

Ո՛ղջ լեր, Զաքար․․․

https://birikimdergisi.com/guncel/10939/turkiyede-ermeni-mimar-olmak

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net