Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը:
-Պարո՛ն Մութաֆյան, Երևանի վերջին գլխավոր հատակագիծը հաստատվել է 2005-2020 թվականների համար։ Ստացվում է, որ արդեն չորս տարի է՝ մայրաքաղաքը չունի գլխավոր հատակագիծ։ Ինչպե՞ս պետք է տեղի ունենա քաղաքի զարգացումը, քաղաքային տարածքի պլանավորումն ու կազմակերպումը առանց գլխավոր հատակագծի։
- Քաղաքը զարգանում է, կյանքն առաջ է գնում, նոր կառուցապատումներ են արվում։ Այդ ամենը պետք է տեղի ունենա ըստ գործող գլխավոր հատակագծի։
Երևանն ունի բազմաթիվ խնդիրներ. քաղաքաշինական, տրանսպորտային, կոմունիկացիոն և այլն։ Չունենալ գլխավոր հատակագիծ՝ նշանակում է ձեռքերը ազատ թողնել, քաղաքի հետ ուզածն անել, կառուցապատել առանց գլխավոր հատակագծի՝ անթույլատրելի տեղերում եւ իրավիճակներում։
- Իսկ ինչո՞ւ չունենք մինչ օրս։
- Նախեւառաջ, դրա համար փող է հարկավոր։ Եւ հետո, այս իշխանությունները չեն հասկանում՝ ինչպես պետք է գլխավոր հատակագիծ մշակել։ Դրա համար զարգացման ծրագիր է հարկավոր։ Օրինակ, քաղաքում արտադրություն պե՞տք է լինի, թե՞ ոչ։ Եթե պետք է լինի, ի՞նչ հզորության արտադրություն կարող ենք մեզ թույլ տալ։ Կամ, կառուցե՞լ նոր շենքեր, թե՞ ոչ։ Գուցե պարզվի, որ Երեւանը ծանրաբեռնված է, եւ պետք է կողքին կառուցել արբանյակ քաղաք։ Այս ամենը պետք է փաստաթղթավորվի։ Ոչ թե ինչ-որ մեկն արթնանա ու որոշի, որ այս ինչ տեղում ակադեմիական քաղաք պետք է կառուցել, կամ այն ինչ տեղում՝ թաղամաս։
- Քաղաքային իշխանություններն իսկապե՞ս ցանկանում են պայքարել ապօրինի շինությունների դեմ։ Երբեմն տեսնում ենք ցուցադրական հոլովակներ, թե ինչպես են ապամոնտաժվում քաղաքի ծայրամասային հատվածներում գտնվող ինքնակամ կառույցները։ Մինչդեռ, շատ կենտրոնական փողոցների մայթերով քայլելը անհնար է հենց այդպիսի՝ մայթը զավթած, շահույթ հետապնդող ինքնակամ կառույցների պատճառով։
- Ճիշտ եք, Նալբանդյան փողոցով փորձեք սայլակով իջնել մինչև Սախարովի հրապարակ, չեք կարողանա։
Ընդհանրապես, մեր ժողովուրդը սիրում է ապօրինի շինություններ։ Շենք ես նախագծում, քաղաքացիներն իրենք իրենց փոփոխություններ են անում։ Չպե՛տք է թույլ տալ։ Մեկ էլ, տեսնում ես՝ հարկ են ավելացրել։ Բա ինչու՞ են թույլ տալիս։ Լրիվ իմիտացիա է այդ պայքարը։ Որտե՞ղ են քաղաքապետարանն ու համապատասխան կազմակերպությունները։
Միայն ուզում են քաղաքի հաշվին գումար աշխատել, ավտոկայանատեղիների գումարը դարձնում են 160,000 դրամ, որ իբր խցանումների հարցը լուծեն։ Չի՛ լուծվելու։ Պետք է ազնիվ լինել ու ասել, որ այդ ամենը արվում է քաղաքային բյուջեն լցնելու համար։
Մինչդեռ, բյուջեն լցնելու համար պետք է զարկ տային արտադրությանը, որը իսպառ վերացել է։ «Չիպոլինո»-ի մեջ որ ասում է՝ հարկ օդի, ձյան, անձրևի համար, հիմա մենք ենք հայտնվել այդ իրավիճակում։
- Երևանը 2020 թվականից նաեւ գլխավոր ճարտարապետ չունի։ Այս հանգամանքը որքանո՞վ կարող է նպաստել կամայական, հայեցողական որոշումների ընդունմանը։
- Այս ընթացքում՝ 2005 - 2015 թթ., իրավունք էր տրված գլխավոր ճարտարապետին, որ իր խորհրդի հետ միասին, որը, ճիշտ կլիներ, եթե լիներ ավելի փոքր կազմով, հրատապ որոշումներ կայացնել, գլխավոր հատակագծի շտկումներ կատարել։ Ես Մարությանին նամակ էի գրել՝ առաջարկելով, որ գլխավոր ճարտարապետը նշանակվի Ճարտարապետների պալատի կողմից։ Սակայն, նախկին քաղաքապետը գլխավոր ճարտարապետի պաշտոնը փոխարինեց կոորդինատորի պաշտոնով՝ այստեղ նշանակելով իր մտերիմին, որը մասնագիտությամբ էլեկտրիկ էր։ Այսինքն, քաղաքաշինական խնդիրները վստահվեցին էլեկտրիկին։
Քաղաքային իշխանությունների եւ ճարտարապետական վարչության կողմից նման պահելաձեւը նպաստում է ճարտարապետի իմիջի անկմանը, հաշվի չեն առնում վաստակաշատ ճարտարապետների կարծիքները, եւ շուկա են մտնում թերուս, անփորձ մասնագետներ, ինչի արդյունքը հիմա տեսնում ենք։
Այսօր քաղաքի ճարտարապետական վարչության ղեկավարը ֆիզիկոս է։ Հասկանու՞մ եք՝ ինչ է կատարվում։ Ճարտարապետական ոլորտում պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք կապ չունեն տվյալ ոլորտի հետ։ Սա նոր աղետների է բերում։ Մարդիկ էլ հոգնում են այս ամենից, ասում են՝ այլեւս չխոսենք, մեկ է՝ ոչինչ չի փոխվելու։ Այսպես է նաեւ մյուս ոլորտներում։
- Կներկայացնե՞ք, թե ինչ վիճակ է քաղաքացիական պաշտպանության ոլորտում։ Ձեռնարկվու՞մ են միջոցառումներ պատերազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական բնակչությանը ավելի պաշտպանված դարձնելու ուղղությամբ։
- Քաղաքացիական պաշտպանությունը աղետալի վիճակում է։ Չկան կոմպետենտ կառույցներ, որոնք կկորդինացնեն քաղաքացիական պաշտպանության գործընթացը։ «Օղորմածիկ» Սովետական Միության ժամանակ կար քաղաքացիական պաշտպանության կենտրոն, որը գտնվում էր Ավանում։ Իրենք էին սահմանում ապաստարանների տեղը, կարգը. կային տարբեր տեսակի զենքերից պաշտպանող ապաստարաններ։ Եթե մենք շենք էինք նախագծում, իրենցից ստանում էինք առաջադրանք, թե ինչ կարգի ապաստարաններ պետք է նախագծվեն եւ քանի հոգու համար։ Նման հարցերը եւ նախագծերը համաձայնեցվում էին այդ կենտրոնի հետ, որոնք էլ արձանագրվում էին ճարտարապետահատակագծային առաջադրանքում։
Բացի այդ, ամեն շրջանում աշխատանք էր տարվում, որպեսզի պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությունը վարժվի պատսպարվելուն։ Վաղը եթե ստեղծվի պատերազմական իրավիճակ, մարդիկ չեն իմանալու՝ ուր փախչել։
- Որպես ապաստարան առաջարկվում են բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնք կամ կողպված են, կամ լցված են աղբով։
- Դուք ճիշտ եք, նկուղները հզոր զենքերի կիրառման դեպքում չեն կարող պաշտպանել քաղաքացիական բնակչությանը։ Բացի այդ, այդտեղ պետք է լինեն համապատասխան հերմետիկ փակվող դռներ, պետքարաններ, պահեստային սենյակներ։ Ապահովված պետք է լինեն սննդի պաշարով, դեղորայքով։ Ոչ մի տեղ դրանք չկան։
Երևանում լրիվ անպաշտպան վիճակ է։ Նկուղները վերածվեցին սրճարանների, ռեստորանների, իսկ նորերը չեն կառուցվում համապատասխան նշանակության համար։
- Նման իրավիճակներում խորհուրդ են տալիս նաեւ մետրոյում պատսպարվել։ Իսկապե՞ս մետրոպոլիտենը ապահով վայր է։
- Հայրենական պատերազմի ժամանակ մետրոն շատ մեծ դեր խաղաց։ Բայց մեր մետրոն այլ է. չունի այդ իրավիճակներին համապատասխան սենյակներ, տարածքներ, եւ մարդիկ իրենց կարիքներն ապահովելու համար, միեւնույն է, բարձրանալու են վերեւ։
Ստացվում է, որ մետրոն էլ հարցի լուծում չէ։ Մետրոն պետք է համապատասխան կառուցվածք, կահավորում ունենա, որպեսզի բավարարի ապաստարանի պայմաններին։
- Իսկ սահմանամերձ համայնքներում ապաստարանների, ռմբապաստարանների կառուցումն ի՞նչ վիճակում է։
- Ձեր հարցին պատասխանելու համար պետք է իրազեկված լինել տվյալ տարածքի բոլոր խնդիրների մասին, այդ պատճառով ես և գործընկերներս հանդիպեցինք Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի հետ, ասացինք, որ գումարի ակնկալիք չունենք, միայն մեզ տվեք իրավունք՝ մեր միջոցներով սահմանամերձ շրջանների գյուղերի կոորդինացումը նախագծային-ճարտարապետական առումով իրականացնելու համար։ Ասաց՝ շատ խելոք միտք է, բայց ոչինչ չարվեց։ Սրանց նպատակը աշխատելը չէ։
- Այսինքն, սահմանամերձ համայնքներում քաղաքացիական պաշտպանությունն ապահովող կառույցների նախագծման ուղղությամբ քայլեր չե՞ն արվում։
- Փաշինյանի բառերով՝ պետական ծրագիր կա։ Իրենց լսես՝ ամեն ինչ արվում է, ամեն բան լավ է։ Բայց իրականում՝ ոչինչ չկա։ Դա է խնդիրը։
Հարցազրույցը վարեց Մարիամ Այդինյանը