կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-05-19 15:02
Հասարակություն

ԿԲ նախագահի «ժողովրդական» մեքենան

ԿԲ նախագահի «ժողովրդական» մեքենան

Օպտիմալացումը կառավարության ծրագիրն է, իսկ ԿԲ-ն անկախ է կառավարությունից ու իր օպտիմալացումը սկսել է  շատ ավելի շուտ և իրականացրել. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մենք ունենք համապատասխան թվաքանակի մեքենա և այդ թվաքանակը չենք փոխում, յոթ տարի մեր աշխատավարձերը չենք բարձրացրել, յոթ տարի մեր գործուղման ծախսերը չենք ավելացրել»,- հավաստիացրեց նա:

Դիտարկմանը, թե փոխարենը աշխատողների թիվն է ավելացրել, Ջավադյանը պատասխանեց, որ աշխատողների թիվը մեծացել է` Դիլիջանում մասնաճյուղ բացելու հետ կապված:

Ըստ ԿԲ նախագահի`այս պահին Դիլիջանում կա 75 աշխատող, իսկ ԿԲ-ի համակարգում, ընդհանուր առմամբ, 800-ից քիչ աշխատող կա:

Ջավադյանը նշեց նաև, որ իրենց մոտ մեքենաների վերջին թարմացումը ևս եղել է 7-9 տարի առաջ, իսկ իրեն սպասարկող մեքենան 2013 թվականի արտադրության Wolkswagen է: Ի դեպ, նա հպարտությամբ ասաց, որ Wolkswagen գերմաներենից թարգմանաբար նշանակում է ժողովրդական մեքենա:

Հարցին, թե 3,3 տնտեսական աճն այս անգամ է՞լ է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության հաշվին ապահովելու, որովհետև գյուղատնտեսության ոլորտն այս տարի հուսադրող չէ, Ջավադյանը պատասխանեց. «Իսկապես, գյուղատնտեսությունը մեր ՀՆԱ-ի կառուցվածքում բավական մեծ տեղ ունի»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ յոթ տոկոսից պակաս չպետք է լինի տնտեսական աճը, և Տիգրան Սարգսյանը հենց այդ ընթացքում է հրաժարական տվել, բայց դրանից հետո 3 տոկոս է եղել, Ջավադյանը պատասխանեց. «Մեր տիպի երկրի համար տնտեսական աճը պետք է լինի ավելի բարձր: Եթե մենք ունենք 3 տոկոս տնտեսական աճ, այլ ոչ թե տնտեսական անկում, ուրեմն դա արդեն դրական բան է»: