Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ Շարժումը վերկուսակցական է, որում ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով:
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներն այսօր Հռչակագիր են ընդունել, որը ներկայացնում ենք ստորև՝
Հ ռ չ ա կ ա գ ի ր
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խումբը՝
–հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրության անփոփոխելի հոդվածները,
–վերարժեվորելով 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ձեռքբերումները,
–արձանագրելով, որ ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ոտնահարվում են մեր երկրի Սահմանադրությունը, ՀՀ ԳԽ 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, լրջագույն սպառնալիքներ են ստեղծվում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պահպանման, սեփական հայրենիքում հայ ժողովրդի ինքնիշխան, անվտանգ գոյության և զարգացման համար,
-բարձր գնահատելով հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությունը և կարևորելով ազգային հենքի վրա կրթական համակարգի հիմնարար բարեփոխումները և մշակութային քաղաքականության իրականացումը,
-անհրաժեշտ համարելով Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացումը, գործադիրից անկախ և բարձր մասնագիտական, բարոյական հատկանիշներով օժտված մարդկանցից կազմված դատաիրավական համակարգի միջոցով,
հայտարարում ենք՝
Ելնելով վերը նշվածից, գիտակցելով պահի օրհասականությունը, առաջնորդվելով բարձր պատասխանատվությամբ, մենք՝ ներքոստորագրյալներս, նախաձեռնում ենք ժողովրդական շարժում՝ համախմբելու հանրության լայն շրջանակներին հետևյալ նպատակների շուրջ.
Առաջին. երկրում ձևավորել համազգային միասնություն՝ գործող իշխանության մահաբեր ձեռքը բռնելու, թույլ չտալու Արցախի ոչնչացումը, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզումը:
Երկրորդ. շարժումն իր ձևով և բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման նպատակն իշխանության գալը չէ: Առաջնային խնդիրը՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով: Իշխանազրկումից հետո ձևավորված համախոհական կառավարությունը պետք է ոչ ուշ, քան 1 տարում կազմակերպի խորհրդարանի արտահերթ ընտրություն:
Երրորդ. նորանշանակ վարչապետը պետք է հրապարակավ հայտարարի, որ չի առաջադրվելու որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքով իր վարչապետության ժամանակահատվածում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությանը: Նրա գլխավոր խնդիրը պետք է լինի մեր երկրի անվտանգային միջավայրի ապահովումը և ազատ, արդար, թափանցիկ ընտրության կազմակերպումը։
Կոչ ենք անում մի կողմ դնել կուսակցական, խմբային շահերն ու ժողովրդական լայն համախմբման միջոցով հեռացնել հակապետական վարչախմբին։ Ստեղծված վիճակում խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը պատմական բեկում մտցնելու միակ հնարավորությունն է:
Շարժումը բաց է անդամագրման ու համահունչ նպատակներ հետապնդող անհատների, կազմակերպությունների հետ գործակցության համար:
Հայաստան, Երևան,
28.05.2023թ.
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝
Նաիրա Մելիքյան,
Դավիթ Սահակյանց,
Ավետիք Իշխանյան,
Արթուր Խաչիկյան,
Հովհաննես Հարությունյան,
Ձյունիկ Աղաջանյան,
Ստեփան Դանիելյան,
Արտակ Հովհաննիսյան,
Մանուկ Սուքիասյան,
Բորիս Մուրազի,
Հովհաննես Խուդոյան,
Երվանդ Բոզոյան,
Անդրանիկ Թևանյան