կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 17:36
Քաղաքական

Իրական կոնսենսուսի հասնելու քաղաքական կամք կա. Արմեն Ռուստամյան

Իրական կոնսենսուսի հասնելու քաղաքական կամք կա. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր` օրեր առաջ արված հայտարարությանը, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կոնսենսուս կա, նշեց, որ այդ կոնսենսուսը քննարկումների միջոցով է կայանում:

«Չեմ հերքելու իմ ասածը, այդ պրոցեսները ընթանում են համպատասխան ձևով, առաջարկներ են բերվում, այդ առաջարկները նայվում են, հետո փորձ է արվում շփման եզրեր գտնել: Առաջանում է ինչ-որ մի հնարավորություն, որը կարող եք փաստաթուղթ կոչել, աշխատանքային ինչ-որ մի հիմք կոչել, որը կարող է հետո դառնալ համատեղ հայտարարություն: Տեղի է ունենում մի պրոցես, որ նպատակ ունի բերել կոնսենսուսի»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ որևէ փաստաթուղթ այս պահի դրությամբ չկա, նա արձագանքեց. «Բառերի հետևից եթե ընկնենք, ոչ մի բանն էլ փաստաթուղթ չէ, քանի ՄԱԿ-ի ասամբլեայում չի հաստատվել: Նայած ինչ նպատակի մասին է խոսքը և ինչ փաստաթղթի տրամաբանության մեջ ենք աշխատում: Գոյություն ունի պրոցես, որ նպատակ ունի հասնել կոնսենսուսի այն հինգ առաջարկների շուրջ, որը հրապարակվել է»:

Արձագանքելով մեկ այլ դիտարկման, թե հիմնական առաջարկները չեն ընդունվել, օրինակ` ցուցակների հրապարակման մասը, Ռուստամյանն ասաց, որ դեռ գործընթացը չի ավարտվել, մարդիկ տեղ են թողնում և ասում, որ արտահերթով կարող են խոսել այդ մասին, ինչը նշանակում է, որ կա գործընթաց, որը նպատակ ունի հասնել լիարժեք համաձայնության:

Հարցին, թե այն գումարը, որ պետք է ԵՄ-ն հատկացներ, ուշանում է հենց կոնսենսուսի բացակայություն պատճառո՞վ, և իշխանություն համար սա՞ է կարևոր խնդիրը, Ռուստամյանը պատասխանեց, որ դա տեխնիկական խնդիր է, կոնսենսուսով հնարավոր է դառնում, ավելի խորքային համաձայնությունների հասնելով, մշակել և ունենալ օրենսգիրք, որը վստահելի կլինի, և բոլորն այդ խաղի կանոններով պատրաստ կլինեն գնալ ընտրությունների:

«Ընտրությունների կայացման համար կոնսենսուսը շատ կարևոր է: Կոնսենսուսը կարևոր է միջազգային հանրութան վստահությունն առաջացնելու համար: Մենք խոսել ենք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, և նրանք էլ ասում են` համաձայնության եթե գաք, ինչ-որ իքս գումար պատրաստ ենք տալ: Կոնսենսուս եմ համարում` եթե ձևաչափի մեջ կան չորսը, ուրեմն չորսն էլ համաձայն են, հինգը, ուրեմն հինգն էլ համաձայն են, եթե մեկը համաձայն չէ, դա կոչվում է կոնսենսուս մինուս մեկ: Ես էլ ասում եմ, որ պետք է հրապարակվի այն, թե ով էր խոչընդոտում, որ այդ կոնսենսուսն առաջանա, որովհետև այդպիսինները կան` իրենց քաղաքական շահերից ելնելով, և թող հասարակությունը գնահատի»:

Ռուստամյանի խոսքով`հնարավոր էր ունենալ մի փաստաթուղթ, որը կարող էր բերել կողմերի իրական փոխզիջումների` հինգ կետի հետ կապված:

«Հիմա եթե այդ փաստաթուղթը կարող էր ստորագրվել բոլորի կողմից, բացի մեկ-երկուսը, թող այդ մեկ-երկուսը պատասխան տան, թե ինչու չեն միացել այդ համաձայնությունը: Սա ճիշտ ճանապարհն է` մի կողմից բանակցենք, խոսենք, բայց մի կողմից ամբողջ մեղքը բարդվի մեկի վրա, այսինքն` իշխանության վրա հիմնականում: Ասել, որ ձախողել են, չեն ուզում, որ հետո դա օգտագործեն իրենց քաղաքական նպատակների համար: Այս վիճակը պետք է փոխվի, հստակ հրապարակվի»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց նաև, որ ցուցակների հրապարակումը Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տալիս: «Կա իրական այլընտրանքի հնարավորություն` այդ խնդիրը լուծելու ևս, եթե այդ խնդիրը չեն լուծում, արդեն կասկածում եմ` արդյո՞ք նրանց դա է պետք, թե՞ պետք է մի բան հայտարարեն ու ասեն` տեսեք իշխանությունները դեմ եղան, ուրեմն քաղաքական կամք չունեն և այլն»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ՀԱ՞Կ-ն էր խանգարում` իր քաղաքական ամբիցիաներով, Ռուստամյանը պատասխանեց, որ անուններ չի տալու:

Արձագանքելով հարցին` եթե հանկարծ չլինի այդ կոնսենսուսը, չի՞ ստացվի, որ անվստահելի գործընկեր է ԵՄ-ի համար, Ռուստամյանը պատասպանեց. «Եթե այդ կոնսենսուսը չլինի, պետք է պարզ դառնա` ում մեղքով չեղավ: Եթե ինչ-որ բան չհրապարակվեց, հաստատ մեղքը բարդելու են իշխանությունների վրա և ասելու են` իրենք չուզեցին: Ես էլ, մեջը լինելով, ասում եմ` էդպես չի: Իսկապես կա քաղաքական կամք` հասնելու իրական կոնսենսուսի: Ես իմ գործընկերներին հորդորելու եմ, որպեսզի այն վիճակով, որով կարելի էր գնալ համաձայնության, և այդ համաձայնությունը, որ չկայանա, թող պատասխան տան նրանք, թե ինչու չեն միացել այդ փաստաթղթին, հետո չկանգնեն ասեն` մեզ տենց բան չեն ասել»: