կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-02 11:13
Քաղաքական

Պետք է պատրաստ լինել մեր ներսում հանրային կոնսենսուսի․ Արմեն Գևորգյան

Պետք է պատրաստ լինել մեր ներսում հանրային կոնսենսուսի․ Արմեն Գևորգյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Սիրելի բարեկամներ,

Վերջին շրջանում մեր երկրի շուրջ իրադարձությունները ձեռք են բերում մեծ անորոշություն և այդպիսով դառնում տագնապալի: Շատերը կասեն՝ ի՞նչ կարող է ավելի վատ լինել 44 -օրյա պատերազմից հետո:

Իհարկե պարտված պատերազմը, իր ձևաչափով, ուներ սահմանափակ, բայց որոշիչ բնույթ: Այն սկիզբ դրեց տարածաշրջանում աշխարհքաղաքական վերադասավորման ավելի մեծ, խորքային գործընթացին: Այս գործընթացում քառյակի`Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Արևմուտքի (կարդացեք Միացյալ Նահանգներն ու ԵՄ -ն) հավակնությունները պետք է բավարարվեն:

Պետք է հստակ հասկանալ, որ ընդամենը երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հաշվին, կկազմվի Հարավային Կովկասի աշխարհքաղաքական քարտեզի նոր կոնֆիգուրացիա, որը կբավարարի բոլորին: Այդ որոշումները ծնվում են ծանր և ցավոտ, բայց դրանք սովորաբար կազմվում են ավելի երկար պատմական հեռանկարի համար՝ 50, 100 կամ ավելի տարի, իսկ լոկալ պատերազմներն ու հակամարտությունները որոշում են դասավորությունը ավելի կարճ ժամանակահատվածի համար:

Այս դժվարին գործընթացում է, որ կարևոր է ցույց տալ պրագմատիզմ, խոհեմություն, ընկերներին չկորցնելու և նոր դաշնակիցներ գտնելու ունակություն՝ սեփական ազգային շահերն առաջ մղելու համար: Բայց գլխավորն այն է, որ սեփական ժողովրդին դարձնես քո հիմնական դաշնակիցը կամ ուղեկիցը, կարողանաս հասնել հանրային կոնսենսուսի: Հարևանների հետ խաղաղություն չի կարող լինել, եթե չկա խաղաղություն սեփական երկրում:

Պրոցեսները մեր շուրջը գնում են սրընթաց՝ մենք չունենք վերակազմավորվելու,վերականգնվելու և դադարի ժամանակ։ Մեզ դա չեն տալու։ Բայց մյուս կողմից այնպես չէ, որ խոշոր խաղացողները շահագրգռված եմ մեր պարտությամբ և կամ գործելու են մեր շահերի դեմ։ Այս պայմաններում, ո՞րն է մեր անելիքը, մեր՝ հընթացս ուժեղացման ռեսուրսը։
- Հաղթահարել պարտվածի հոգեբանությունը։ Ակտիվ աշխատել դաշնակիցների, հարևանների և խոշոր խաղացողների հետ՝ պարտվածի հոգեվիճակը հաղթահարած։
- Պատրաստ լինել մեր ներսում հանրային կոնենսուսի։ Պատրաստ լինել՝ վերանայելու ներքին օրակարգը, պատրաստ լինել վերանայել շատ մոտեցումներ երկրի ներսում։
- Կտրուկ ուժեղացնել հայկական աշխարհի գործոնը։ Դա լուրջ, ծանրակշիռ գործոն է, եթե աշխատում ես գրագետ ու բոլոր ռեսուրսներն ու կապերը օգտագործելով»։