կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-12 21:01
Հասարակություն

Ծառայողական մեքենայից հորն անգամ կես լիտր բենզին չի տվել. մահվանն ընդառաջ գնացած մայորը (լուսանկարներ)

Հադրութի շրջանի Տումի գյուղն ապրիլյան պատերազմում երկու զոհ տվեց, երկուսն էլ` սպաներ` ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանն ու մայոր Սուրեն Մելքումյանը: Երկու ընկերների ճակատագիրն էլ նույնն էր` զոհվեցին նույն օրը նույն վայրում: Նրանց ծնողներն ու կանայք օրեր շարունակ սպասում էին հրաշքի, հավատում, որ անհայտ կորած սպաները գոնե վիրավոր հետ կգան, բայց…

Զոհված Սուրեն Մելքումյանի հայրը` Գրիշա Մելքոնյանը, խեղդելով արցունքներն ասում է` ճակատագիրը կրկնվում է: «1993-ի կռվում ծանր վիրավորվեցի, մեր տղերքից միայն ես ողջ մնացի, էդ ժամանակ Սուրոն 14 տարեկան էր: Հիմա նա զոհվեց, նրա մեծ տղան է 14 տարեկան…»,- պատմում է հայրն ու հիշում Ջաբրայիլում մահվանն ընդառաջ գնացած 5 սպաներին:- «Նրանք բոլորն էլ իմ որդիներն են` լեննականցի Ալիկը, զորամասի հրետանու պետ Ռոման, զորամասի իրավաբան Մաքսիմը, Արայիկը, տղաս` ծառայության պետ Սուրոն... Երբ սկսեցին պոստերի վրա հարձակվել, նրանք 5-ով նստեցին ՈՒԱԶ-ը, մտան պոստ: Մտել են` պոստն արդեն թուրքերի ձեռքն էր, մինչև 3 ժամ կռիվ են տվել: Եթե էդ 5-ը պոստին հասած չլինեին` էսօր Հադրութն ու Ջաբրայիլը չէին լինի, նրանք են կանգնեցրել թուրքերին»:

Հայրը պատմում է, որ անընդհատ զանգել են Սուրենի հեռախոսին. հավատում էին, որ ողջ է: «5 սպաներն էլ անհետ կորած էին: Անընդհատ զանգում էինք Սուրոյին, հեռախոսն անհասանելի էր, հաջորդ օրը զանգեցինք` մի թուրք վերցրեց հեռախոսը, իմացանք, որ որդիս չկա, ասեցինք` ու՞ր ա հեռախոսի տերը, ասաց` հեռախոսի տերը չկա…»,- պատմեց հայրը:

Սուրեն Մելքումյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանը: 2001-ին ծառայության է անցել Մարտակերտում, հետո` Հադրութում, հետո` Ջաբրայիլում, մեկ տարի անց պետք է զինվորական թոշակի անցներ: Սուրենը 4 երեխայի հայր էր: Նրա հոր խոսքով` որդուն զինվորներն ուղղակի պաշտում էին, նա էլ` զինվորներին: Ասում է. «Շատ մաքրասերն էր. տարեկան 8 ֆորմա էր գնում: Փոքր եղբայրն ասում էր` հին ֆորմաներից բեր, հայաթում հագնեմ, ասում էր` չէ: Նորերը զինվորներին էր բաժանում, որ իրա զինվորը երբեք հին ֆորմայով ման չգա: Ամսական 60-70 հազարի հեռախոս էր լիզքավորում, որ իրա զիվորները ծնողների հետ խոսեին»:

Մայորի հայրը պատմում է` որդին բանակից ոչ մի պատառ չէր վերցնի: «Մի անգամ ծառայողական մեքենայով եկավ, ասացի` տղե'ս, կարող ա՞ կես լիտր բենզին լինի, տաս` «Դռուժբա»-ի համար, ասում էր` պա'պ, բանակից ոչ մի բան չուզեք, եթե տալու բան կա, որ կարելի ա տալ, տվեք` տանեմ, բայց բանակից բան չուզեք: Նա ուրիշ էր…»,- հիշում է նա:

Գրիշա Մելքումյանն ասում է` երկրի տերը 18 տարեկան զինվորն է, և նրանց այսօր չգնահատել չի կարելի: «Զինվորն իր գործը խրամատում արել է, մնում է, որ դիվանագետներն իրենց գործն անեն: 7 թոռ ունեմ, որոնցից 6-ը տղա են, հերթով գնալու են` ծառայելու: Էդ հարցը որ չլուծվի, մի քանի տարի հետո, Աստված չանի, էլի զոհեր կունենանք»,- ասում է նա:

Որդուն կորցրած արցախցի ազատամարտիկը զիջումների մասին խոսելիս վրդովվում է. «Արյունով վերցրած հողի մեկ սանտիմետր ոչ մեկը չի կարա տա, եթե տա` ինձ հետ գործ կունենա, ես իրեն` որպես ազգի դավաճանի, կսպանեմ»:

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:

 Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ