կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-13 21:28
Հասարակություն

«Յուրիստ» Մաքսիմը` Ջաբրայիլում մահվանն ընդառաջ գնացած 5 սպաներից մեկը

Ապրիլյան մարտերի առաջին օրերին Ջաբրայիլում թշնամուն ընդառաջ գնացած 5 սպաներից մեկն էլ ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը` Ջաբրայիլի զորամասի իրավաբանն էր: Հադրութի գյուղերում Մաքսիմին որպես «յուրիստ» էին ճանաչում, բայց նա էլ ընկերներից ոչ պակաս խիզախ էր մարտի դաշտում:

2014-ի օգոստոսյան դեպքերի ժամանակ Մաքսիմն իր զինակիցների հետ ետ էր մղել հակառակորդի դիվերսիոն խմբին և ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել «Ոսկե արծիվ» շքանշանի:

Մաքսիմը երկու դուստր ունի` չորս և մեկ տարեկան: Մայրը` 50-ամյա տիկին Լուսիկը, զսպելով հուզմունքը, ասում է. «Մինուճար տղես էր, որդի չհասցրեց ունենալ, սերունդը շարունակող չեղավ»:

Արցախյան ազատամարտում ամուսնուն կորցրած Լուսիկ Գրիգորյանը պատմում է, որ հորդորել է որդուն` դիրքեր չգնալ, բայց… «Ասում էի դու իրավաբանն ես, դու ինչի՞ ես գնում պոստեր, ասում էր` չէ, ես պետք ա գնամ»,- պատմում է մայրը: Նրա խոսքով` որդին սիրում էր ազգագրական երգեր լսել , հաճախ` հենց զինվորների հետ: «Սաղ օրը միացնում էր «Ախպերս ու ես» երգն ու լսում: Վերջին օրը զինվորներին էդ երգը լսել է տվել` նոր ուղարկել հերթափոխի: Հետո գիշերը, երբ հարձակումը եղավ, 39 աստիճան տաքություն ուներ, վեր կացավ, ընկերների հետ գնաց ու հետ չեկավ»,- պատմում է տիկին Լուսիկը:

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ