Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի նախկին պետնախարար, այժմ` Բակո Սահակյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Երեկ նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
Կարևորելով քաղաքական որոշումների թափանցիկությունը՝ կուզեի մի քանի դիտարկում ներկայացնել այս որոշման առթիվ:
Առաջին՝ տեղեկացնեմ, որ ընդունել եմ նախագահ Բակո Սահակյանի առաջարկը մի քանի պատճառներով, մասնավորապես՝
• Անհրաժեշտություն կա համակարգել մի շարք ներդրումային ու բարեգործական ծրագրերի իրագործումը՝ հաշվի առնելով դրանցում իմ դերակատարությունը, տարիների ընթացքում կուտակած փորձը և ձևավորված կապերը:
• Պետնախարարի պաշտոնից հրաժարվելով սեփական նախաձեռնությամբ՝ ես մյուս կողմից խնդիր ունեի չհրաժարվել և չխուսափել քաղաքական պատասխանատվությունից, որը ստանձնել եմ նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու, խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության՝ բարձր վստահության արժանանալու և վարչապետի ու պետական նախարարի պաշտոնները զբաղեցնելու միջոցով:
Երկրորդ՝ ես ընդունել եմ Նախագահի առաջարկը մեկ պայմանով, որ փաստացի չեմ ստանալու աշխատավարձ և չեմ օգտվելու ծառայողական մեքենայից:
Երրորդ՝ ուժի մեջ է մնում իմ այն հայտարարությունը, որ շարունակելու եմ ակտիվորեն զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ՝ նաև որպես «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ: Այսինքն՝ պետական պաշտոն ստանձնելն առնվազն բացասականորեն չի անդրադառնա իմ հասարակական-քաղաքական գործունեության շարունակականության վրա: