կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-12 18:00
Քաղաքական

ԲՀԿ-ական պատգամավորը մտրակի և բլիթի քաղաքականության կողմնակից է

ԲՀԿ-ական պատգամավորը մտրակի և բլիթի քաղաքականության կողմնակից է

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին չի զարմացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանի` պետական ծախսերի կրճատման և օպտիմալացման մասին հայտարարությունը: Պատգամավորն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, թե դեռևս մի քանի ամիս առաջ ինքը նմանատիպ բովանդակությամբ գրավոր առաջարկ է արել վարչապետին:

«10 կետից բաղկացած գրավոր փաստաթուղթ եմ ուղղել վարչապետին այն մասին, թե ինչ պետք է կատարվի, որպեսզի բեկում լինի, քայլեր, որոնք կարող են մեծացնել վստահության քվոտան: Կետերից մեկն այն է, որ ունենք նախարարներ, փոխնախարարներ, մարզպետեր, փոխմարզպետեր, կառավարությանն առընթեր ղեկավարներ և տեղակալներ, որոնց թիվը մոտ 125 է: Պետք է պարզել, թե նրանց զավակները կամ մերձավորները ծառայո՞ւմ են առաջին գծում: Սա եղել է դեռևս փետրվարի 26-ին: Մենաշնորհների մասին պարզապես չի կարելի խոսել ու ասել, քանի որ բան չի փոխվի: Օրինակ` առաջիկա 3-4 ամսում 4-5 մենաշնորհ դնել և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անել: Քայլեր ասելով` նկատի ունեմ բացառապես օրինական, այլ ոչ թե ապօրինի վարչարարություններ»,- ասաց նա`հավելելով, որ Հայաստանում հստակ առկա է ստվերային տնտեսություն և տարեկան 28-30 տոկոս, այսինքն` 300 միլիոն դրամ՝ մեկ միլիարդ շրջանառությամբ, բյուջե չի մտնում:  

Մելքումյանի խոսքով`վարչապետի ասածներն իրականություն կդառնան այն դեպքում, երբ հստակ ժամանակացույց նշվի խնդիրների լուծման համար:

«Արդյունավետ մոդել կարող ես կիրառել, եթե ունես վստահության միջավայր, վստահություն ներշնչող իշխանություն: Կամ` բյուջեի ընդունումից առաջ տարբեր պատգամավորներ ինչ-որ բաներ են գրում, որ գիտեք` այսինչ կամ այնինչ տեղում պետք է փող ավելացնել ծրագրերի իրականացման համար, այսինքն՝ տրամադրել հավելյալ միջոցներ: Կարծում եմ՝ այս գործառույթը պետք է տրվի խմբակցություններին»,- ասաց ԲՀԿ-ականը:

«Ես` որպես մասնագետ, նաև իմ մոտեցումն ունեմ: Բավական մեծ աղքատություն ունեցող երկրում պետք է մտրակի և բլիթի քաղաքականություն վարես, այսինքն՝ չի կարելի թողնել նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ, խայտառակություն է: Առաջարկել եմ 10.000-ով բարձրացնել, բայց կառավարությունն իր խոստացված 5 հազարն էլ չի կարողանում ավելացնել: Պետք է բոլորին վերաբերի, որ այնպես չստացվի, թե առանձին մարդկանց նկատմամբ հաշվեհարդար են տեսնում: Կարծում եմ, որ հայտարարությանը պետք է հետևի կոնկրետ ժամանակացույց, կոնկրետ քայլերի իրականացում»,- ասաց Մելքումյանը: