Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Հյուսիսային համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ բուհում «Հյուսիսային համալսարանի դիմակայությունը 21-րդ դարի մարտահրավերներին» խորագրով գիտական խորհրդի ընդլայնված նիստ էր, որին մասնակցում էր նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Լրագրողների հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ, ճիշտ է, Հյուսիսային համալսարանն այն համալսարաններից է, որտեղ բավականին թվով ուսանողներ կան, բայց մեր համալսարանների զգալի մասը լիցենզիոն պայմաններին հավասար ուսանողների թվաքանակ պետք է ապահովեն, քանի որ բուհական համակարգի որակը նախ և առաջ կապված է թվակազմից: Սա, ըստ նախարարի, ոչ միայն ոչ պետական հաստատություններին է վերաբերում, այլ պետական բուհերը ևս ունեն ուսանողական թվակազմի խնդիր:
«Բուհական համակարգն այն համակարգերից է, որտեղ քանակը նաև որակ է ապահովում, և շատ փոքր թվաքանակի ուսանողների առկայությունն ուղղակի հնարավորություն չի տալիս բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնելու: Ցավոք, մենք ունենք բուհեր, որոնց ուսանողների թիվը մինչև 100-ի է հասնում, ինչը լուրջ չէ, և այս իմաստով մենք պետք է նորից խստացնենք լիցենզիոն պայմանները և օրենքով պետք է այս ամենը կանոնակարգենք»,- ասաց նախարարը:
Նա հիշեցրեց, որ օրենքի առջև հավասար են բոլոր համալսարանները. մասնավոր, պետական բուհական համակարգի ձևաչափը հիմնադրի մեջ է` մի դեպքում պետությունը հանդես է գալիս որպես հիմնադիր, և այդ դեպքում նրանք շահույթ չեն հետապնդում, իսկ մասնավոր համալսարանների մեծ մասը ՍՊԸ-ներ են և շահույթի նպատակ ունեն: «Հիմա պետք է փորձենք օրենքով մի քիչ ավելի կատարելագործել այդ ձևաչափը` վերականգնելով ինստիտուտ, համալսարան հասկացությունները, և հնարավորություն տանք, որ բուհն ինքը, անկախ սեփականության ձևից, կարողանա ընտրել` ինքը շահույթի նպատակ պետք է հետապնդի՞, թե՞ ոչ: Այդ ձևաչափի վրա հիմա մենք աշխատում ենք «Բարձրագույն կրթության մասին օրենքի» շրջանակներում»,- ասաց նախարարը:
Ըստ Մկրտչյանի` պետությունը կարող է իր քաղաքականությամբ, բայց ոչ թե մտրակով, ճնշելով, նպաստել, որ խոշորացման գործընթացներ գնան` ինչպես ոչ պետական, այնպես էլ պետական բուհական համակարգում: Բուհերը, ըստ նրա, պետք է այդ առավելությունը գիտակցեն, երբ կմտնեն ցանցային կառույցների մեջ: «Մենք խոսում ենք, չէ՞, որ ԱՊՀ երկրներում համալսարանական ցանցային կառույց ենք ստեղծում, սակայն մենք մեր ներսում դեռևս չենք կարողացել ձևավորել համալսարանական ցանցային կառույցներ, որտեղ ուսանողները կկարողանան ազատ տեղաշարժվել, կրեդիտների փոխանակում լինի, մասնագիտություն ավելացնել կամ պակասեցնել: Առաջիկայում մեր հիմնական խնդիրը սա պետք է լինի, մենք պետք է սրանով զբաղվենք»,- ասաց նախարարը: