Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին «Հայկական Ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասել էր. «Վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ, ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ, անցել է «ամուր պաշտպանության»։ Այս հայտարարությամբ Տոնոյանը փորձեց փարատել հասարակության մոտ առաջացած անհանգստությունը մայիսյան եռատոնի օրերին ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության կապակցությամբ։ Ուղերձն այն էր, որ ամուր պաշտպանության անցնող կողմը չի հարձակվում, ավելին` ինքն է զգուշանում և նախապատրաստվում հակառակ կողմի հնարավոր գործողություններին։
Հայկական կողմը իրատեսական էր դարձրել, ի պատասխան այդ ակտիվացումների, նոր պատժիչ գործողությունների անցնելու հնարավորությունը։ Թերևս դա է պատճառը, որ վերջին օրերին զգալիորեն նվազել է հայկական դիրքերն ու առավել ևս բնակավայրերը ադրբեջանական զինուժի կողմից արկակոծվելու ինտենսիվությունը։ Իրավիճակի այս փոփոխությունն սկսվեց ապրիլի 27-28-ից, երբ ոչ պաշտոնապես տեղեկություններ հաղորդվեցին, թե հայկական ԶՈւ-ն ոչ միայն հրետանային ճշգրիտ հարվածներով շարքից հանել է հակառակրոդի հիմնական կրակակետերը, այլև մարտական գործողություններով ետ բերել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած որոշ դիրքեր։
Փաստորեն, հայկական զինուժը ոչ համարժեք, պատժիչ գործողություններով ոչ միայն ջարդել է նոր լայնածավալ պատերազմի գնալու` հակառակորդի հավակնությունները, որը, թվում է՝ պետք է անեին ԼՂ հարցով միջնորդները, այլև ստիպում է Բաքվին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, որտեղ տոն տվողի, թելադրողի կարգավիճակում արդեն հայկական կողմն է։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին լրագրողներին հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԼՂ հարցով բանակցությունների վերսկսման հնարավորությանը, ասել է. «Այս փուլում հանդիպումները և քննարկումները կարող են վերաբերել նրան, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ եղավ ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ: Եվ, իհարկե, ներդնել համապատասխան մեխանիզմներ, որոնք թույլ կտան դա ապահովել, որպեսզի հնարավոր լինի պայմաններ ստեղծել հետագայում բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով»: Սա նշանակում է, որ հայկական կողմը, ռազմաճակատում նախաձեռնողականությունը վերցնելով իր ձեռքը, թելադրում է նաև հնարավոր բանակցությունների օրակարգը, որը Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման խնդրից առժամանակ տեղափոխվում է հնարավոր պատերազմի վերսկսումը կանխարգելելու, հրադադարի ռեժիմն ամրապնդելու պահանջների հարթություն։
Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ, բացի ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, հիմնական միջնորդի ֆունկցիաները ստանձնած Ռուսաստանը ևս այս հարցում կարծես աջակցում է Երևանի դիրքորոշմանը, ինչը չափազանց ծանր դրության մեջ է դնում Բաքվին։ Բանն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո, երբ հայկական կողմը բանակցությունները շարունակելու նախապայմաններ դրեց, Ադրբեջանը փորձում էր համոզել, որ պատրաստ է շարունակել բանակցությունները, իսկ Երևանն ամեն կերպ տապալում է այն, հետևաբար` հենց վերջինս էլ մեղավոր է էսկալացիայի մեծացման համար։ Եվ ահա, չկարողանալով հրաժարվել բանակցություններին մասնակցելու` իր պատրաստակամությունից, Ադրբեջանը հիմա ստիպված է կա'մ համակերպվել հայկական կողմի սահմանած և միջնորդների կողմից ընդունելի համարվող օրակարգով բանակցությունների մեջ մտնելու հեռանկարի հետ, կա'մ էլ կրկին մերժել այն՝ դարձյալ իր վրա վերցնելով բանակցային գործընթացը ձախողելու պատասխանատվությունը։ Ադրբեջանը, փաստորեն, փակուղու մեջ է հայտնվել, և այս իմաստով բանակը հայկական դիվանագիտությանը դիրքային առավելություն է տվել՝ ընտրություն կատարելու «գնդակը» փոխանցելով Բաքվի կիսադաշտ։
Սակայն այս տակտիկական հաղթաթուղթը կարող է ժամանակավոր բնույթ կրել և թակարդ դառնալ հենց Երևանի համար։ Խնդիրն այն է, որ միջնորդները և առաջին հերթին Ռուսաստանը, հրադադարի ռեժիմի պահպանման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին Երևանի պնդումներին համաձայնում են բացառապես հետագա բանակցությունների համար պայմանների ստեղծման նկատառումով։ Իսկ այդ բանակցությունները, նրանց պատկերացմամբ, պետք է շարունակվեն միայն Մադրիդյան սկզբունքների, գուցե նաև, այսպես կոչված, «կազանյան ճանապարհային քարտեզի» համատեքստում։ Այլ կերպ ասած՝ խաղաղության հաստատման հայկական պահանջները միջազգային հանրության կողմից ընդունելի են համարվում միայն նրա համար, որպեսզի հետագայում Երևանը որևէ առարկություն չկարողանա ներկայացնել այդ սկզբունքների շուրջ բանակցելուց հրաժարվելու համար։ Եվ հիմա Մոսկվան փորձում է Բաքվին համոզել, որ եթե նա համաձայնի կատարել հայկական կողմի նախապայմանները, վերջինս ստիպված է լինելու համաձայնել տարածքներ զիջելուն։ Փաստորեն, դիրքային առավելությունն առայժմ հայկական կողմինն է զուտ այն պատճառով, որ Բաքուն չի ցանկանում համաձայնել կազանյան փասատթղթին կամ գուցե դրա մոդիֆիկացված նոր տարբերակին։
Բաքվի անկանխատեսելի դիրքորոշումից կախվածության այս գործոնը չեզոքացնելու, հետագայում զիջումների գնալու պարտադրանքի տակ չհայտնվելու միակ միջոցը հայկական կողմի համար այն բանին հասնելն է, որ Ադրբեջանը, մի կողմից, չհամակերպվի հրադադարի պահպանման հստակ մեխանիզմների առկայությամբ երկարաժամկետ բանակցությունների հեռանկարի հետ, բայց, մյուս կողմից, հրադադարի խախտման` նրա ցանկացած փորձի կամ նախաձեռնության հետևանքը լինի ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչման գործընթացի մեկնարկը։ Հակառակ դեպքում բանակի տված այս նոր քարտ բլանշը ևս, մեղմ ասած, կմնա անարդյունք։
Գևորգ Դարբինյան