կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-16 10:24
Հասարակություն

Թակարդում հայտնված կարմիրգրքյան կենդանու ճակատագիրն անհայտ է (լուսանկար)

Թակարդում հայտնված կարմիրգրքյան կենդանու ճակատագիրն անհայտ է (լուսանկար)

Համացանցում շարունակում են ահազանգեր հնչել բնության դեմ կատարվող ապօրինությունների մասին: Այս անգամ Սամվել Հակոբյան անունով օգտատերը սեպտեմբերի 13-ին հայտնել է թակարդում հայտնված բեզոարյան այծի մասին: «Նորավանքի ճանապարհին, ոտքն ամբողջությամբ կտրված էր»,- գրել է նա և հրապարակել լուսանկարներ: Բեզոարյան այծը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ է, ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); C2a(i):

Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ ներկայիս գնահատմամբ՝ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների: Վտանգման հիմնական գործոններն են՝ որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում: WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է բեզոարյան այծի արեալի սահմաններում նոր պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման աշխատանքներին: Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ և խստացնել բնապահպանական ռեժիմը: 

ծ

Սեպտեմբերի 14-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, առգրավել թակարդը, սակայն Բեզոարյան այծին չեն հայտնաբերել, քանի որ Հակոբյանը վիրավոր կենդանուն բաց է թողել վայրի բնություն, հետևաբար՝ կենդանուն անասնաբուժական օգնություն չի ցուցաբերվել։ Տեսչական մարմնի աշխատակիցները, WWF–հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների հետ միասին ողջ գիշեր օպերատիվ որոնողական աշխատանքներ են իրականացրել որսագողերին և այլ թակարդներ հայտնաբերելու նպատակով։

Սակայն, չնայած նախնական պայմանավորվածության, Ս. Հակոբյանը Բեզոարյան այծի թակարդն ընկնելու մասին տեղեկատվությունը և լուսանկարները տեղադրել է համացանցում, այդ իսկ պատճառով որսագողերն առայժմ հայտնաբերված չեն։ Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ խնդրում և հորդորում է բնապահպանական իրավախախտումներ արձանագրելիս անհապաղ կապ հաստատել Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների հետ (հեռախոսահամարների հղումը՝ ստորև), ինքնուրույն ոչինչ չնախաձեռնել, հետևել աշխատակիցների ցուցումներին, ընձեռել հնարավորություն՝ վնասվածքներ ստացած կենդանիներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար»:

Նյութի աղբյուրը` Econews.am