կարևոր
7003 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 18:03
Քաղաքական

Փաշինյանը հայտնվել է իր իսկ պատրաստած թակարդում և այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը նրա իշխանության հեռացումն է. Տիգրան Աբրահամյան

Գրեթե մեկ տարի է անցել Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից, որ միջազգային հանրությունը պարտադրում է Արցախի հարցով նշաձողը իջեցնել, բայց այդ մեկ տարվա ընթացքում հիմնական դերակատարները և՛ Գերմանյան, և՛ Ֆրանսիան, և՛ Միացյան Նահանգները, և՛ Ռուսաստանը իրենց հայտարարություններով ճիշտ հակառակն են ցույց տվել, որ իրենք հավատարիմ են այն մոտեցումներին, որոնք երկար տարիներ եղել են բանակցությունների գործընթացի հիմքում։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այդ ձևակերպումները տարբեր փաթեթավորումներ են ունեցել, բայց ըստ էության, կա հավաքական առումով միջազգային հանրության և մեր տարածաշրջանում ներակայացված հիմնական երկրների կողմից առ այն, որ ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ միայն օրակարգային է, այլ դրա իրացումն է միայն ի վիճակի մեր տարածաշրջանում ապահովվելու երկարատև խաղաղություն և կայունություն։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների այս պահին Արցախի հարցով տարվող բանակցությունները և նրանց առաջ քաշած մոտեցումները մի քանի քայլով ետ են այն հայտարարություններից, որոնք հնչեցնում է միջազգային հանրությունը»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ ժամանակը ցույց տվեց, որ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը Թուրքիային, Ադրբեջանին միայն նկատի ուներ, իսկ Թուրքիան և Ադրբեջանը երբևէ չեն թաքցրել, որ փորձում են ստանալ իրենց համար առավելագույն զիջումներ և այս պարագայում, այդ հայտարարությունը փաստացի արտահայտում էր առաջին հերթին Հայաստանի այս իշխանության մոտեցումը, ինչը նշանակում է Արցախի օտարում և Արցախի հանձնում Ադրբեջանին։

«2018թ․-ից ի վեր, երբ իշխանության ղեկը անցել է Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին, մոտեցումը գաղափարական առումով եղել է այն, որ Արցախի հանձնումով Հայաստանին կարելի է ապահովվել զարգացում և խաղաղություն։ Ժամանակը ցույց է տվել, որ այդ քաղաքականությունը բերում է պատերազմի, ՀՀ-ի դեմ ագրեսիայի և որևէ պարագայում ոչ Հայաստանի բարեկեցության, անվտանգության։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանի ունեցած համոզմունքները կործանարար են եղել ՀՀ և Արցախի համար»,- ասաց պատգամավորը:

Ըստ Աբրահամյանի՝ Փաշինյանը հայտնվել է իր իսկ պատրաստած թակարդում և այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հեռացումն է, հակառակ դեպքում, անկախ միջազգային դերակատարների հայտարարություններից և ցանկություններից, Հայաստանն ու Արցախը փրկելու պարզապես հնարավորություն չկա։