կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 19:38
Տարածաշրջան

Ադրբեջանը՝ նավթային թակարդում

Ադրբեջանը՝ նավթային թակարդում

Նավթի գների անկման հետևանքով տնտեսական լուրջ ռիսկերի առջև կանգնած նավթարդյունահանող բոլոր երկրներից ամենաանհանգստացնող վիճակն Ադրբեջանում է: Վերջին 2-3 տարիներին այդ երկիրը համաշխարհային մակարդակով ածխաջրածնային խաղացող դառնալու նկրտումներ ուներ և զգալիորեն ավելացրել էր մասնակցությունը նավթի ու գազի մատակարարման տրանսազգային շղթաներում, նաև՝ հայտարարել խոշոր ներդրումների մասին՝ ինչպես իր տարածքում, այնպես էլ այլ երկրներում: Սակայն ներկայումս, ինչպեսև նավթի գների նախորդ՝ 2014-2016 թթ. անկման դեպքում, երկրի արժույթը՝ մանաթը, կանգնել է կտրուկ արժեզրկման սպառնալիքի առջև. ըստ yerkir.am-ի՝ նշում է EADaily-ն:

Նավթի գների անկումը արդյունահանվող ծավալների մեծացմամբ փոխհատուցել Ադրբեջանին, հավանորեն, չի հաջողվի: Տնտեսության դիվերսիֆիկացման ծրագիրն էլ արդյունավետ արդյունքներ չտվեց, իսկ այս տարվա բյուջեով նախատեսված խոշոր սոցիալական ծախսերի նվազեցման Իլհամ Ալիևի ռեժիմը չի կարող գնալ քաղաքական նկատառումներով: Առայժմ երկրի իշխանությունները մանևրելու տարածք ունեն՝ կուտակած ռեսուրսները հնարավորություն կտան պահպանելու մանաթի կուրսը, սակայն ճգնաժամի՝ տևական լինելու պայմաններում չի բացառվում 5-ամյա վաղեմության իրադարձությունների կրկնությունը:

Ադրբեջանի՝ 2020 թվականի բյուջեն մշակվել է Azeri Light նավթի գնի՝ 55 դոլար  կանխատեսման հաշվարկով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ նավթի համաշխարհային գների նվազման և համաշխարհային տնտեսության ընդհանուր դանդաղեցման կանխատեսումներին համապատասխան: Բարելի դիմաց նավթի գնի՝ մինչև 40 դոլար նվազելու պարագայում երկրի՝ 53 տոկոսով նավթի վաճառքից գոյացող  հանրագումարային բյուջեի եկամուտների կրճատումը գնահատվում է 16,6 տոկոս: Մինչդեռ մարտի 13-ի դրությամբ ադրբեջանական նավթի բարելն արժեր 32-33 դոլար:

Այդպիսի իրավիճակի Ադրբեջանը բախվել էր 5 տարի առաջ: 2015-ի փետրվարին էժանացող նավթի ազդեցության տակ մանաթի լողացող կուրս էր սահմանվել, ինչի արդյունքում արժույթը մեկ երրորդով արժեզրկվեց դոլարի նկատմամբ: Ապրիլին Կենտրոնական բանկի ղեկավարը հայտնեց, որ հաջորդ տարվա բյուջեն հիմնվելու է բարելի դիմաց 50 դոլար գնի վրա, սակայն արդեն աշնանը նավթի գների հետագա անկման պատճառով բյուջեի պարամետրերը զգալիորեն կրճատվեցին: 2015-ի վերջին մանաթի անկումը ստիպեց իշխանություններին՝ գնալ արտակարգ միջոցառումների՝ ֆիզիկական անձանց համար սահմանափակվեց արտարժույթի գնումը:

Նավթի համաշխարհային գների հետագա վերականգնումը OPEC+-ին անդամակցած Ադրբեջանն օգտագործեց արտաքին շուկաներում իր ներկայությունն արագ մեծացնելու համար: Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝  SOCAR-ի էքսպանսիայի հիմնական ուղղությունը Թուրքիան էր, նաև՝ Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը: Անցյալ տարի SOCAR-ը նախանշեց իր շահերը նաև Ռուսաստանում՝ ձեռք բերելով Տյումենի սնանկացած ընկերություններից մեկի բաժնեմաս: Վերջերս էլ Բելառուսն է Ռուսաստանի հետ «արդարացի գնի» շուրջ տարաձայնությունների պատճառով այլընտրանքային մատակարար փնտրում՝ ի դեմս SOCAR-ի:

Ադրբեջանի սահմաններից դուրս SOCAR-ի ընդլայնման առանձնահատկությունը նավթի մատակարարումից մինչև նավթային ապրանքների իրացման ամբողջական շղթա ապահովելու ձգտումն է: Առավել արդյունավետ այդ ռազմավարությունն աշխատում է Թուրքիայում, որտեղ ադրբեջանական ընկերությունը ոչ միայն մասնաբաժին է ստացել նավթավերամշակման ոլորտում, այլ նաև՝ վառելանյութի մատակարարման ձեռնտու պայմանագրեր, այդ թվում՝ թուրքական օդանավակայաններին:

Ընկերությունն ակտիվություն է ցուցաբերում նաև նավթաքիմիական բնագավառում:

Սակայն այդ էքսպանսիան ավելացրել է ընկերության պարտքային բեռը: Ըստ անկախ վերլուծաբանների՝ անցյալ տարվա սկզբին այն կազմել է 9,659 մլրդ դոլար՝ գերազանցելով Ադրբեջանի արտաքին պարտքը: Խոշոր պարտքեր են կուտակել նաև երկրի այլ պետական ընկերություններ:

Ադրբեջանցի ընդդիմադիր փորձագետների կարծիքով՝ այդ գումարները պետք է ներգրավվեն Ադրբեջանի ինքնիշխան պարտքում, սակայն դրա չափը ձևականորեն իջեցվում է. նախագահ Ալիևը, ամփոփելով 2019-ի արդյունքները, հայտարարել էր, որ պետական պարտքը շատ ցածր  մակարդակում է՝ ՀՆԱ-ի 17 տոկոսը, 2020-ին ավելի կպակասի: «Մենք շատ պահպանողանորեն ենք նախատեսել նավթի գինը, այսինքն՝  ցածր մակարդակի վրա: Հետևաբար՝ համոզված եմ, որ այս տարի օտարերկրյա արժույթի լրացուցիչ մեծ հոսք կլինի»,- ասել էր Ալիևը: Սակայն նավթի գինն այդ ժամանակ բարելի դիմաց 60 դոլարից ավելի էր, և դեռևս հունվարի վերջին Fitch միջազգային գործակալությունը SOCAR-ին տվել էր BB + վարկանիշը՝ կայունության կանխատեսմամբ:

Մարտի սկզբի տվյալներով՝ մանաթի կուրսը պահպանելու համար արժութային ինտերվենցիաներ անելու հնարավորություն պետությունն ունի, սակայն այդ գործիքը ավելի ու ավելի քիչ արդյունավետ կդառնա, եթե նավթի գների անկումը երկարատև լինի:

Ադրբեջանի՝ արդյունահանման ծավալները մեծացնելու պոտենցիալը նույնպես մեծ չէ: Վերջին տարիներին նավթի արդյունահանման ծավալների կրճատումը փոխհատուցվում էր գազի արդյունահանման աճով, սակայն համաշխարհային շուկայում գազի գնի անկում նույնպես կա:

Ադրբեջանի իշխանությունների համար լրացուցիչ բարդություններ են առաջացնում բնակչության առջև ստանձնած ավելացված սոցիալական պարտավորությունները: Անցյալ տարվա նոյեմբերին Միլի մեջլիսը 2020-ի բյուջեի սոցիալական ծախսերն ավելացրեց 37 տոկոսով, իսկ բյուջեն, պարզվեց, դեֆիցիտային է՝ ծախսերը գերակշռում են եկամուտները համարյա 2 մլրդ մանաթով: Դրանից հետո իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը դրեց խորհրդարանը լուծարելու և 2020-ի փետրվարի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը:

Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանի տնտեսությունը կառուցվածքային թակարդում է՝ 2017-2019 թթ. նավթի գների վերականգնումը չբարելավեց ՀՆԱ-ի աճը: 2020-ին կառավարությունը նախատեսում էր ՀՆԱ-ի աճ մինչև 3 տոկոս, իսկ ոչ նավթային սեկտորում՝ 3,8, սակայն դրա բաժինը ադրբեջանական տնտեսության մեջ փոքր է, որ փոխհատուցի նավթի գների անկման հետևանքները: Առավել ևս, որ տնտեսության կարևորագույն նոր ոլորտներից մեկը՝ զբոսաշրջությունը, արդեն զգալի կորուստներ է կրում կորոնավիրուսի պատճառով: