Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերին կայանալիք հանրային հավաքը, որի կազմակերպման անհրաժեշտության մասին խոսում էր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, այդպես էլ տեղի չուենցավ: Ինչպես ինքը` Հովհաննիսյանն է խոստովանել, «Ժառանգություն»-ը դրա հնարավորությունները չունի, իսկ եռյակի մյուս երկու ներկայացւոցիչները` ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, ուղղակի չցանկացան կազմակերպել այն` մնալով նախօրոք հայտարարված` դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթ անցկացնելու օրակարգի շրջանակում:
Կարելի է ասել, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը պարզապես բանի տեղ չդրեցին իրենց գործընկեր կուսակցության ղեկավարի հորդորը կամ գուցե նաև պահանջը` դրանով իսկ հստակ ցույց տալով, թե եռյակում իրականում ինչպիսի խղճուկ դեր է հատկացվում «Ժառանգությանը» քաղաքական որոշումները կայացնելիս: Խնդիրը ոչ թե արված առաջարկն անվերապահորեն կատարելուն էր վերաբերում, այլ գոնե պատշաճ քննարկման առնելու` թեկուզ ձև թափելու համար, թե հարգում են իրենց գործընկերոջ տեսակետը: ՀԱԿ-ն ընդհանրապես արհամարհեց Հովհաննիսյանի կոչերը, իսկ ԲՀԿ-ն հանդես եկավ հերթապահ հայտարարությամբ այն մասին, որ հավատարիմ է մնում նախապես որդեգրված քաղաքական կուրսին: Այս իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը կարողացավ հասնել նրան, որ վերջապես իր համար պարզեց, թե իրականում քանի գրոշի արժեք ունի իր ղեկավարած կուսակցությունը ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համար և դրանով իսկ իրեն դրեց չափազանց անհարմար դրության մեջ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանը կրկին արձանագրել է եռյակում տարաձայնությունների առկայությունը և վերահաստատել երեք ուժերով հրապարակային հռչակագիր ընդունելու ու դրանով շարժման նպատակները, դրանց հասնելու միջոցները հստակեցնելու անհրաժեշտությունը: Ինքնին երկրորդ անգամ այս հարցերին ուշադրություն հրավիրելն ավելորդ անգամ հաստատում է, թե նաև այս պահանջների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունի «երկյակը»: Եվ, չնայած դրան, Հովհաննիսյանն այդպես էլ չի համարձակվում հայտարարել եռյակի ձևաչափը լքելու մասին, այսինքն` չի համարձակվում արդեն փաստացի իրողությանը տալ քաղաքական գործընթացի տեսք և իրերը կոչել իրենց անուններով:
Տրամաբանական հարց է առաջանում` ինչո՞ւ: Իրականում նման հակասական վարքագիծը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Նախ` Հովհաննիսյանը, եռյակի առջև դնելով այսպիսի` գրեթե ուլտիմատումային նշանակության պահանջներ և եռյակից դուրս գալու խնդիր, այնուամենայնիվ, չի հստակեցրել իր անելիքները կամ դերակատարությունը եռյակից դուրս: Այսինքն` Հովհաննիսյանը կատարել է մի քայլ` առանց դրա հետևանքներն իր համար հստակեցնելու, առանց ունենալու այլընտրանքային լուծումներ: Եվ քանի որ անցած մեկ տարում «իշխանության հետ համատեղ աղոթքների» քաղաքականության միջոցով ամբողջապես սպառել է հանրությանը մոբիլիզացնելու պոտենցիալը, լավ հասկանում է, որ եռյակից դուրս գալու դեպքում կարող է ուղղակի մնալ նրա ստվերում` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս իրողությունը, ահա, թույլ չի տալիս շտապել եռյակը լքելու հարցում:
Երկրորդ` թերևս գիտակցելով, որ հայտնվել է շարժումը Ծառուկյանի միանձնյա որոշումներով առաջնորդելու և Տեր-Պետրոսյանի իվանիշվիլիական հովերի աքցանում, Հովհաննիսյանը նմանատիպ պահանջագրերի միջոցով հուսահատ քայլեր է կատարում իր նշանակությունը եռյակում բարձրացնելու, ինքնարժևորելու համար` փորձելով հանդես գալ քիչ թե շատ անկախ խաղացողի կերպարում: Բայց որքան համառությամբ է փորձում անհատականություն դրսևորել մի դաշտում, որտեղ արհամարհված է, այնքան ավելի հնչեղ է դարձնում եռյակում իր անզորությունը և «Ժառանգության» խղճուկությունը: Ի վերջո, այս ամենը հանգելու է ջրբաժանային մի կետի, որտեղ որոշվելու է, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն չի՞ դարձնում աննպատակ խոսող և պահանջներ դնող մի վիճակի մեջ, որտեղ, քմծիծաղ հարուցելուց բացի, ոչնչի այլևս չի հասնում:
Երրորդ` չափազանց մեծ նշանակություն ունեն գրեթե բոլոր հարցերում Րաֆֆի Հովհաննիսյանի` որպես քաղաքական գործչի, անհատական որակները, որոնք բազմիցս են դավաճանել «Ժառանգությանը»: Բոլոր վճռական պահերին Հովհաննիսյանը հանդես է բերում անվճռականություն և անհետևողականություն: Նա կարող է պահի տակ որոշել թողնել կուսակցության ղեկավարի կարգավիճակը, հետո փոշմանել, կարող է մանդատը վայր դնելու որոշում կայացնել, հետո փոշմանել, կարող է ժողովրդին տանել վճռական գրոհի, հետո գնալ` Ծիծեռնակաբերդում Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելու: Եվ Հովհաննիսյանի այսպիսի վարքագծի պատճառով տուժում է առաջին հերթին «Ժառանգությունը», որը չի դադարում անընդհատ տրոհվել:
Հիմա, կարծես, հերթական անվճռականության պահն է` ներկայացնել սկզբունքային պայմաններ, փաստացի առաջադրել եռյակի գոյությունը պահպանելու նպատակահարմարության հարցը, բայց շարունակել մնալ ծառուկյանա-տերպետրոսյանական տանդեմից կատարյալ կախվածության և անելանելիության վիճակում: Բայց դա «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրն է:
Գևորգ Դարբինյան