Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 1-ն Աշխատավորների միջազգային օրն է: Ինչպե՞ս կարելի է պաշտպանել աշխատողների իրավունքները, և որքանո՞վ են դրանք պաշտպանված Հայաստանում. այսօր լրագրողների հետ քննարկեցին ոլորտի մասնագետները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով` մեր երկրում աշխատուժի առաջարկը գերազանցում է պահանջարկը, այդ իսկ պատճառով էլ աշխատողը, երբեմն իր իրավունքներն անտեսելով, փորձում է հարմարվել աշխատանքային պայմաններին:
Ի դեպ, աշխատանքային օրենսգիրքը մշակվում է, և մի շարք օրենքներ վերափոխվելու են, ավելացվելու են նորերը:
«Կկարգավորվեն մինչև 14 տարեկան երեխաների` աշխատանքի անցնելու պայմանները, աշխատանքային պայմանագրերի բովանդակությունը, կդյուրացվեն երիտասարդների` աշխատաշուկա մուտք գործելու պայմանները: Այնուամենայնիվ, այնպես չէ, որ այս ամենից հետո կատարյալ աշխատանքային օրենսգիրք ենք ունենալու, քանի որ 10-11 կետ դեռ ունենք` համապատասխանեցնելու Եվրոպական խարտիային: Օրինակ` 24-ժամյա աշխատանքային գրաֆիկը չի համապատասխանում խարտիայի դրույթներին, քանի որ այնտեղ սահմանված է, որ ոչ մի դեպքում չի կարելի, որ մարդն աշխատի 24 ժամ»,- ասաց Թադևոսյանը:
Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Վարդանյանն էլ նշեց, թե այն կարծիքին չէ, որ աշխատանքային օրենսգիրքը թերի է մշակված, քանի որ օրենսգրքով պաշտպանված են թե՛ աշխատողի, թե՛ գործատուի իրավունքները, ավելին՝ աշխատավորների իրավունքներն ավելի պաշտպանված են:
«Խնդիրը իրավագիտակցությունն է և իրազեկված լինելը, քանի որ լինում են դեպքեր, երբ աշխատողը գիտի, որ խախտվել են իր իրավունքները, սակայն չի դիմում դատարան, քանի որ կա'մ մտածում է` ավելորդ դատական ծախսերի մեջ է ընկնելու, կա'մ էլ ընտանիք ունի և չի ուզում աշխատանքը կորցնել: Բացի այդ` կա ևս մեկ պատճառ` բոլորս էլ գիտենք՝ երբ աշխատողը թակում է գործատուի դուռն ու ասում, որ ինքը երկու ժամ ավելի է աշխատել, և գործատուն պարտավոր է վճարել դրա համար, գործատուն ուղղակի հեռացնում է նրան աշխատանքից նրան»,- ասաց Վարդանյանը: