կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-14 10:37
Արցախ

«Արցախն ավելի պաշտպանված է Ադրբեջանից, քան ՀՀ-ից եկող քաղաքական քամիներից». «Իրատես»

«Արցախն ավելի պաշտպանված է Ադրբեջանից, քան ՀՀ-ից եկող քաղաքական քամիներից». «Իրատես»

Արցախում ՀՅԴ-ի նախաձեռնած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի ու Արցախի խորհրդարանական, արտախորհրդարանական ուժեր և քաղաքական անհատ գործիչներ, մեկ նպատակ ունի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչել հայկական երկու պետությունների իրավապայմանագրային հարաբերությունները կարգավորող պայմանագիրը: Այս մասին ասվում է համաժողովից հետո կնքված հռչակագրում, ինչից տեղեկանում ենք նաև, որ արդեն իսկ ստեղծված կազմկոմիտեն պատրաստվում է համահայկական աջակցություն ապահովելու գործընթաց սկսելու, ինչպես նաև կոչ է անում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին համապատասխան քայլեր ձեռնարկելու համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։

 

ՀՅԴ-ական գործիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ վստահ է՝ համաժողովի կազմակերպումը հետևանքն էր այն վախերի, որ բոլորս ունենք Արցախի առնչությամբ. «Վտանգն այն է, որ մեր ժողովրդի մի մասը ենթադրում է` քանի դեռ պատերազմի վտանգ կա, քանի դեռ մեծաթիվ բանակ պահելու անհրաժեշտություն կա, ուրեմն Արցախը բեռ է, և, որքան հնարավոր է շուտ պետք է ազատվել այդ հարցից: Մեկ այլ մոտեցում էլ կա՝ Արցախը հնարավորություն է, ազդակ, որ հայ ժողովուրդը գոտին պինդ ձգի: Վերջին 10-11 տարիների ընթացքում մենք միայն ճիգեր ենք թափել գոյություն պահելու համար, այժմ կարող ենք զարգացման ուղի դուրս գալ: Սակայն այդ զարգացման ուղի դուրս գալը չենք կարող անել զիջելով: Եթե մտածում ենք` կզիջենք, հետո կզարգանանք, կզիջենք, հետո կամրապնդվենք, հարցը կվերջանա, դա մեծ սխալմունք է: Նվազագույն զիջումն անգամ մեզ կտանի կործանման: Սա չի նշանակում, թե մենք չպետք է բանակցենք, բայց և պետք է հասկանանք` որտեղ է, որ Ադրբեջանը երբեք չի զիջի: Եթե անգամ Ադրբեջանը զիջի, մենք պետք է գիտակցենք, որ այս հակամարտությունը հավերժական է, ուստի դրան պետք է պատրաստվենք: Ազգովին այնպես պետք է կազմակերպվենք, որ դիմակայենք ու հաղթենք այս գոյամարտում, և դա մեր խաչն է, անգամ եթե այն դարեր տևի»:

Մարգարյանի համար տարօրինակ է երկրի առաջին դեմքերի հնչեցրած այն միտքը, որ եթե պատերազմ լինի, ամեն ընտանիք պետք է պատրաստ լինի զոհ տալու: Հիշեցնում է` 5000-ից ավելի ընտանիք զոհ է տվել, իսկ եթե չտայինք, կյանքից ավելի թանկ բան էինք կորցնելու` հայրենիքն ու սերունդների գոյատևելու իրավունքը: Հետևաբար, շեշտում է նա, չպետք է այդպես վախեցնել մեր ժողովրդին, դա ապազգային ու ապապետական երևույթ է, ու պատերազմ մեկնողները միշտ էլ գիտակցել են, որ զոհվելու են, բայց առավել թանկ բան են պաշտպանելու: ՀՅԴ-ականն ընդգծում է նաև՝ պետություն ղեկավարողները պետք է հասկանան, որ հայրենիքն ամեն ինչից կարևոր է` ժողովրդավարությունից էլ, սեփական կյանքից ու հարստությունից էլ:


Քաղաքական գործիչ Սեյրան Բաղդասարյանի կարծիքով՝ այժմ դեմ-հանդիման կանգնած ենք մի իրողության առաջ, երբ Արցախն ավելի պաշտպանված է Ադրբեջանից, քան ՀՀ-ից եկող քաղաքական քամիներից: Նշում է՝ ողջունելի է, որ ՀՀ վարչապետի որդին Արցախում է անցնում պարտադիր զինվորական ծառայությունը, բայց միաժամանակ տեսնում ենք, որ երևանյան փաբերում մեծացած նոր սերնդի մի մասը՝ ագրեսիվ, քաղքենի, մտածում է, որ, Արցախի հարցն արագ փակելով և լուծելով, «Սերգոն լավ կապրի». «Այս գայթակղությունը կա ՀՀ-ում ու մեր հասարակությունում, ու բոլորս դա գիտենք, հետևաբար՝ պետք է ինստիտուցիոնալ հիմքի վրա դրվեն Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները»։
Հայաստանի նոր իշխանությունների վարած քաղաքականությանն անդրադարձավ նաև քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ։ Ըստ նրա՝ մեկ տարի շարունակ քաղաքական դալտոնիզմը պառակտում է մտցրել մեր ազգի մեջ։ Հարց բարձրացրեց՝ արդյո՞ք ամեն ինչ անում ենք, որ մարտահրավերներին դիմակայենք. «Իմ պատասխանը բացասական է, ավելին՝ ինչ-որ առումով հայտնվել ենք դիվանագիտական վակուումում. այս ընթացքում բարեկամներ ձեռք չբերեցինք, բայց հեռացրինք մեր բարեկամներին: Փաստենք նաև, որ երբեք ռուս-ադրբեջանական համագործակցությունն այսքան խոր չի եղել։ Բոլոր նրանց, ովքեր տառապում են քաղաքական դալտոնիզմով և անպայման գույների, անջրպետի մեջ են ուզում տեսնել մեր հասարակական-քաղաքական զարգացումները, պետք է ասենք` իրավունք չունեք ղեկավարելու մեր երկիրը: Չեմ ցանկանա, որ դալտոնիզմի բացիլն այստեղ մտնի, և դրա առիթ դառնան ընտրությունները։ Ցավ ապրեցի, երբ անհեթեթություն հնչեց, թե ներքնաշորերով կամերաները փակելը կամ Ռադիոյի շենքը գրավելը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, Շուշիի ազատագրումը։ Մարդիկ, որոնք ընդվզեցին այդ տխմարության դեմ, պատժվեցին։ Ձեզ չէր սազում»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում