կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-14 13:49
Իրավական

Օրենքով ո՛չ դատարանը, ո՛չ դատախազը չեն կարող ավելի պաշտպանված լինել, քան փաստաբանը․ Մարտի մեկի գործով դատական նիստը հետաձգվեց

Օրենքով ո՛չ դատարանը, ո՛չ դատախազը չեն կարող ավելի պաշտպանված լինել, քան փաստաբանը․ Մարտի մեկի գործով դատական նիստը հետաձգվեց

Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մինչև հունվարի 21-ը, ինչի համար հիմք հանդիսացավ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը՝ հայտնում է Yerkir.am-ը: 

Միհրան Պողոսյանը չէր ներկայացել դատական նիստին՝ դիմումում նշելով, որ  դատարանը մրցակցություն չի ապահովում, պաշտպանական կողմն անբարենպաստ պայմաններում է, անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք է դրսևորում դատավարության մասնակիցների նկատմամբ, արդյունքում փաստաբանները զրկված են պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից:

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց՝ դատարանն ուսումնասիրել է նախորդ նիստի ձայնագրությունը եւ ոչ մի վիրավորական բան չի հայտնաբերել: Ուստի հիմքեր չի տեսնում վիրավորանքների մասին հայտարարությունների համար: Եթե պաշտպանության կողմն, այնուամենայնիվ, նման բան տեսնում է, կարող է դիմել համապատասխան մարմիններին:

Ինչ վերաբերում է Միհրան Պողոսյանին, դատավորը խոսքն ուղղեց Յուրի Խաչատուրովին. «Կարո՞ղ են այս դատական նիստին այլ փաստաբանի հրավիրել»:

Ստանալով բացասական պատասխան՝ Աննա Դանիբեկյանը նշեց, որ 3 հաջորդական դատական նիստի չմասնակցելու դեպքում դատարանը Միհրան Պողոսյանին կզրկի հետագա նիստերին մասնակցելուց:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ այս քայլը Միհրան Պողոսյանի կողմից  ցուցադրական քայլ է, և իրենք համաձայն չեն նման վարքագծի հետ: Բաղդասարյանը միջնորդեց դատական պատժամիջոց կիրառել փաստաբանի նկատմամբ: Ինչին ի պատասխան դատավոր Դանիբեկյանը նշեց, որ պատժամիջոցի հարցը կքննարկեն փաստաբանի ներկայությամբ:

Ամեն մեկը պետք է իրեն դնի նրանց տեղը, ում հասցեագրված է վիրավորանքը, դիմելով դատավորին ասաց Հայկ Ալումյանը․ «Օրենքով ո՛չ դատարանը, ո՛չ դատախազը չեն կարող ավելի պաշտպանված լինել, քան փաստաբանը։ Եթե դուք դա որպես սպառնալիք չեք գնահատում, ապա լիովին կարող են նման արտահայտություն թույլ տալ ձեր հասցեին։ Ես սա ընդունում եմ ի գիտություն, որ դուք նման արտահայտությունները չեք գնահատում որպես սպառնալիք եւ վիրավորանք»։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել նախորդ նիստի ժամանակ: Մարտի մեկի իրավահաջորդի ներկայացուցիչներից մեկն իր ելույթում հայտարարել էր. «Մարտի 1-ի մասին հարգանքով արտահայտվեք, այլապես ինքներդ կհայտնվեք…»: