|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը՝ այն խորին համոզմամբ, որ հենց աշխատանքն է դաստիարակում ու գեղեցկացնում մարդուն, հենց աշխատանքն է բարօրության հիմնական աղբյուրը:
Մեր պետության կարևորագույն խնդիրներից է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա աշխատելու, սեփական աշխատանքով իր կարիքները հոգալու, իր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու հնարավորություն:
Նոր աշխատատեղերի ստեղծումը, բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումը, աշխատավորների իրավունքների պաշտպանությունն այսուհետ ևս կլինեն մեր իշխանությունների առաջնահերթությունների շարքում, որոնց լուծման ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ մայիսյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: