Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաժողովի բոլոր մասնակիցների տվյալները չեն հրապարակվի՝ նրանց Ադրբեջանի թիրախ չդարձնելու համար. այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ամփոփելով Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի արդյունքները, հաղորդեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Ադրբեջանի արձագանքն ինձ դեռ չի հանդիպել. սա այն իրադարձություններից է, որին Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են նույն ձևով արձագանքել. կարող է՝ ընդհանրապես լռություն լինի: Բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանն իրեն կարողանա լիովին զսպել, վերջը մի բան պիտի ասի»,- նշեց նա:
Համաժողովի մասնակիցների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, ըստ Մանոյանի, կանխատեսելի է: «Պարզ է, որ մարդիկ կընդգրկվեն սև ցուցակներում. դրա համար շատ չնեղանաք, որ մենք բոլորի անունները չհրապարակենք: Ակնհայտ կլինեն նրանք, ովքեր ելույթ են ունեցել, ուղիղ եթերով նրանց ելույթները հեռարձակվել են: Ելույթ է ունեցել մասնակիցների կեսը, մյուս կեսը ելույթ ունենալու հնարավորություն չի ունեցել»,- ասաց նա:
Մանոյանի դիտարկմամբ՝ այս անգամ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ այս բոլոր մարդկանց իր դեմ չլարի: «Այս մարդիկ Արցախի բարեկամներն են, Ադրբեջանի թշնամիները չեն: Կարծում եմ, որ նրանք պիտի զգույշ լինեն, որ այս բոլոր մարդկանց իրենց թշնամիներ չսարքեն»,- ասաց նա:
Պատասխանելով Yerkir.am-ի՝ «արդյո՞ք պատվիրակներն իրենց երկրներում կարող են անվտանգության խնդիր ունենալ» հարցին՝ Կիրո Մանոյանն ասաց. «Անձնական անվտանգության խնդիրների մասին տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ կա մարդ, որ չի մասնակցել, քանի որ ընտրված պաշտոնյա է ինչ-որ երկրում, և իր արտգործնախարարությունն ասել է, որ Արցախ չգա: Անվտանգության առումով որևէ բան՝ որ մարդիկ Արցախ գալու համար վտանգի են ենթարկվել, չեմ լսել: Կար շատ մեծ ցանկություն շատերի կողմից գնալու մինչև շփման գիծ: Հաջողվեց քչերին: Դա բնական է, քանի որ Արցախի իշխանությունների, համապատասխան կառույցների որոշելիքն է, մենք այդտեղ անելիք չունեինք: Առաջնագծից եկողները պատմում էին, որ այնտեղ լինելը՝ սահմանից ընդամենը 200 մետր հեռու լինելը, շատ տարբեր է, Ստեփանակերտում, Շուշիում դա չի զգացվում: Առաջնագծում զգում ես, որ այնտեղից նույն ձևով քեզ են նայում»:
Կիրո Մանոյանը գնահատմամբ՝ այս օրերը բավական կարևոր էին և՛ Արցախի համար, և՛ Արցախի բարեկամների: «Հիմնական խնդիրն այն էր, որ ցույց տրվեր Արցախի բարեկամներին, որ իրենք աշխարհում մենակ չեն: Որ Ադրբեջանի կողմից գործադրվող՝ մի կողմից Արցախը մեկուսացնելու քաղաքականությունը, մյուս կողմից՝ Արցախի բարեկամներին պատժելու քայլերը ոչ մի ազդեցություն չունեն: Օրինակ՝ Կանադայի պատվիրակներից մեկը, որը նախկինում ֆեդերալ խորհրդական էր, հիմա՝ Տորոնտոյի քաղաքապետական խորհրդի անդամ, ասում էր, որ նույնիսկ հպարտ է, որ Ադրբեջանի սև ցուցակում է»,- ասաց նա:
Պատվիրակներից ոմանք արդեն վերադարձել են իրենց երկրները, ոմանք՝ պատրաստվում են մեկնել: «Մնում է, որ այդ բոլորը կարողանան իրենց երկրներում իրենց աշխատանքներն ավելի ակտիվացնել»,- նշեց Կիրո Մանոյանը: