Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ից այլ օր տեղափոխելու քննարկումներին, նաև հաճախ հնչող այն ձևակերպումներին, թե ապրիլի 2-ն ավելի շատ հաղթանակի օր է, քան սգո, ասաց, որ հարցը նուրբ ու զգայական է և հարկավոր է համակողմանի դիտարկել:
«Ես չէի ուզենա դա որպես սգո օր դիտարկել, միևնույն է՝ յուրաքանչյուր հայ 105 զոհերին հիշելու է ու նրանց մահը սգալու է: Ես չեմ պատկերացնում մի հայ մարդու, ով ապրիլի 2-ին դա չի վերապրելու, որովհետև մեր ամբողջ առօրյան` անկախ նրանից՝ որտեղ ենք գտնվում, կապված է, սահմանի հետ: Դա հերոսամարտ էր, հաղթանակ էր, որովհետև այդ տղաների կյանքի գնով մենք ունենք շատ ավելի ամուր բանակ և ամուր պետություն: Այդ տղաների՝ հայրենիքը պաշտպանելու հաստատակամության շնորհիվ մենք ունենք լրիվ այլ իրականություն»,- նշեց Սահակյանը:
Նրա խոսքով՝ հարցին ավելի ամբողջական մոտեցում ցուցաբերելու համար կարող ենք հարցադրում անել, թե մենք պատերազմից հոգեպես ավելի ուժե՞ղ ենք դուրս եկել, թե՞ պարտված:
«Մենք նույնիսկ ամենալուսավոր կետի մեջ կարող ենք գտնել սև մաս: Որևէ մեկը չպետք է ժողովրդի զգայական լարերի վրա քաղաքականություն խաղա: Մենք պետք է ընտրություններն անենք այնպես, որ հանկարծ մի միջազգային կառույց չկարողանա խոսել, իսկ մինչև միջազգային կառույցներն էլ հանրությունն ընկալի այդ ընտրությունները: Խորհրդարանական կառավարման անցման քայլով մենք որոշելու ենք մեր ապագա` 20-30 տարիների պետության ընթացքը, և որևէ մեկն այդ ընթացքը չպետք է դադարեցնի, ցեխ շպրտի դրա վրա»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ, ամենայն հավանականությամբ, ընտրությունների օրն այդպես էլ չի փոխվի: