կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-23 17:58
Հասարակություն

Աշխարհը դեռ պարտք ու ասելիք ունի ցեղասպանության կենդանի վկաներին. Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց Գալուստ Սահակյանի ելույթը

Աշխարհը դեռ պարտք ու ասելիք ունի ցեղասպանության կենդանի վկաներին. Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց Գալուստ Սահակյանի ելույթը

Այսօր Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ  ֆորումին նախատեսված էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը: Այն ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Ելույթում նշվեց, որ ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված մեծագույն ու ծանրագույն հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի, մանավանդ որ աշխարհը դեռ պարտք ու ասելիք ունի ցեղասպանության կենդանի վկաներին: «Նախևառաջ հոգու ու սրտի ասելիք ունի աշխարհը, արդարության ու ճշմարտության պարտք ունի աշխարհը, անկախ այն բանից` իրավական թե բարոյական դաշտում, պետք է վերադարձվի այդ պարտքը, արդարությունը պահանջում է, ժամանակը՝ պարտադրում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: Ելույթում անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիվ գործողություններին: «Չեմ կարող չխոսել ապրիլյան ագրեսիայի մասին, որը սանձազերծեց Ադրբեջանը: Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով` Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով հարց լուծել, նպատակ ունենալով հասնել Ստեփանակերտ և պայմաններ թելադրել բանակցություններում: Ինչ ստացվեց, հայտնի է բոլորին: Ադրբեջանը ոչ միայն տանուլ տվեց բլից-կրիգը, այլև տանուլ տվեց քաղաքական ու դիվանագիտական հաշվարկներում, բայց հասցրեց իր ստորագրությունը թողնել այն տարածքներում, որոնց ընդամենը մի քանի ժամով է տիրել: Ադրբեջանական բանակի կազմում կռվող վարձկանների ձեռքով ԼՂՀ քաղաքացիների շրջանում, ինչպես նաև երեխաների ու ծերերի շրջանում սպանություն, ՊԲ զինվորների խոշտանգում, անարգում, անդամահատում: Այս ձեռագիրը սկիզբ է առնում Օսմանյան կայսրությունից ու ձգվում մինչև մեր օրերը, Ադրբեջանը իրեն հավասար հարթության մեջ դրեց իսլամական պետության ահաբեկչական խմբավորման հետ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: