կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 13:24
Քաղաքական

Հերմինե Նաղդալյանը «շտկեց» Դավիթ Հարությունյանի խոսքը

Հերմինե Նաղդալյանը «շտկեց» Դավիթ Հարությունյանի խոսքը

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր կառավարության 2013թ. բյուջեի հաշվետվությունը, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարց ուղղեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Նա նշեց, որ վերջերս խորհրդարանի առաջին ընթերցմանը ներկայացмած «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծով փորձ է արվում գաղտնի պահել բարձրաստիճան պետական պաշտոնյաների` ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի ծախսերը: Պատգամավորն ասաց, որ ՕԵԿ-ը դեմ է արտահայտվել այդ օրինագծին, որովհետև համարում է, որ ԱԺ-ն պետք է լիարժեքորեն տեղեկացված լինի այդ ծախսերի մասին:

 

«Ուզում եմ իմանալ Ձեր տեսակետը, մենք գտնում ենք, որ զուտ ծախսերի մասով` թվային առումով, այդ տեղեկատվությունը պետք է լինի հրապարակային»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

 

Դավիթ Հարությունյանը նախ նշեց, որ դա շատ լավ հարց է, և իսկապես, հաշվետվողական տեսանկյունից կարևոր է, որ շատ հարցեր լինեն թափանցիկ: Բայց գաղտնի պետք է լինի այդ տեղեկատվության այն մասը, որը կարող է վտանգ ներկայացնել: «Մեկ անգամ ևս կուսումնասիրենք, կաշխատենք այդ ուղղությամբ, մինչև նախագիծը երկրորդ ընթերցմամբ կընդունվի: Բուն ծախսերը չպետք է լինեն գաղտնի: Մենք պետք է մտածենք, թե այդ տեղեկատվության ո՞ր մասն ենք հրապարակում: Թափանցիկ պետք է անենք այն, ինչը առավելագույնս հնարավոր է, բայց պահպանենք այն, ինչը վտանգում է մեր անվտանգությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

 

Հարցին արձագանքեց նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: «Որքանով էլ բոլորս ջատագով լինենք թափանցիկությանը, հրապարակայնությանը, այնուամենայնիվ,  հասարակությանը չպետք է թյուր տեղեկատվություն մատուցենք: Պարո'ն Դավիթ Հարությունյան, Դուք էլ քաջ տեղյակ եք, որ,  մեր օրենսդրության համաձայն, այդ ծախսերի քանակական արտահայտությունը գաղտնի չէ: Եկեք` խոսենք ռեալ, արարողակարգային, պետական ծախսերի մեջ գաղտնիություն չկա»,- ասաց նա:

 

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով yerkir.am-ի հարցին` գուցե իր օբյեկտիվ դիրքորոշումն այդ հարցում դուր չեկա՞վ Հերմինե Նաղդալյանին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ուղղակի, որպեսզի թյուրընկալում չլինի, տիկին Նաղդալյանը փորձեց պարզաբանել»: