կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-19 15:10
Քաղաքական

Երևանում չկա մի խելոք մարդ, որը ձեզնից լավ է պատկերացնում ձեր մարզի զարգացումը. Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ

Երևանում չկա մի խելոք մարդ, որը ձեզնից լավ է պատկերացնում  ձեր մարզի զարգացումը. Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:

Կարեն Կարապետյանը հանդիպել է Արագածոտն համայնքի կարկտահարությունից տուժած բնակիչներին, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են վարկային պարտավորությունների կատարմանը, ջրի վարձի և հողի հարկի վճարումներին: Կարեն Կարապետյանն Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյանին առաջարկել է գյուղացիների պարտավորությունների ծավալները ներկայացնել կառավարություն: Դիմելով գյուղացիներին և գյուղապետին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Համայնքապետը պետք է գա և մեզ հետ գործնական խոսի, նշի, որ եթե այսքան գումար տանք, այս կանեք, այն կանեք, ոտքի կկանգնեք, ռիսկերը կնվազեն, որպեսզի մենք անընդհատ այսպիսի արտակարգ իրավիճակների մեջ չընկնենք: Տալիս եք ծրագիր, դուք ինչ բեռ եք վերցնում, մարզպետն ինչ բեռ, նախարարն ինչ բեռ, ես ինչ բեռ»:

Վարչապետ Կարապետյանն այցելել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու երկրորդ տրանշով կառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհատված, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 42 կիլոմետր երկարությամբ ճանապարհատվածում շինաաշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, ներկայում իրականացվել է աշխատանքների 35 տոկոսը: Նախատեսվում է ճանապարհը շահագործման հանձնել 2018 թվականին: Կարեն Կարապետյանը կարևորել է որակական չափանիշների և ժամանակացույցի հստակ պահպանումը: 

Այցի ավարտին վարչապետն Արագած համայնքում հանդիպել է Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկել մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք ցանկանում ենք քննարկել Արագածոտնի մարզի զարգացման ծրագիրը, լսել մարզպետին, համայնքների ղեկավարներին, թե որոնք են մարզի խնդիրները, որոնք՝ առաջարկվող լուծումները, զարգացման ծրագրերը: Պետք է այդ ծրագրերի մեջ առանձնացնենք նրանք, որոնք կարող են արագ, շոշափելի արդյունք տալ, նշենք այն ծրագրերը, որոնք խիստ անհրաժեշտ են, նաև ֆիքսենք՝ ինչ է անում համայնքը, ինչ է անում մարզպետարանը, ինչ են անում ՀՀ նախարարությունները, գերատեսչությունները և ՀՀ կառավարությունը»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ բոլոր այն ծրագրերը, որոնք համայնքները, մարզերը ներկայացնելու են, կառավարությունում առավելագույնս ուշադիր ուսումնասիրվելու են: Վարչապետի խոսքով՝ գործադիրն արձագանքելու է այն ծրագրերին, որոնք առավել էֆեկտիվ են, որտեղ համայնքը, մարզպետարանը, համայնքի բնակիչները, համայնքի բիզնեսն իրենց վրա բեռ են վերցնելու: Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ խոսքը գնում է այն ծրագրերի մասին, որոնք ուղղված են լինելու աշխատատեղերի ստեղծմանը և այլ կարևորագույն խնդիրների լուծմանը: 

Անդրադառնալով մարզի զարգացման ծրագրին՝ Կարեն Կարապետյանը ներկայացրել է համայնքների ղեկավարներից իր ակնկալիքները: «Երևանում չկա մի խելոք մարդ, որը ձեզնից լավ է պատկերացնում ձեր համայնքի, ձեր մարզի զարգացումը: Այդ իսկ պատճառով, Երևանի հետ գործնական հարաբերություններում և կառավարության հետ շփումից արդյունքները շատ խիստ կապված են նրանից, թե դուք ինչքանով եք ռեալ, պրագմատիկ պատկերացնում մարզի, համայնքի զարգացումը, խնդիրները, պակասը, այն, թե ինչի կարիք ունեք: Մենք ունենք սահմանափակ բյուջե, սահմանափակ միջոցներ, բայց բազմաթիվ կարողություններ, որպեսզի բավականին լավ պայմաններով ֆինանսներ ներգրավենք: Ո՞ւր պետք է ուղղենք այդ ֆինանսը. պետք է ուղղենք ռազմավարական որոշակի խնդիրների լուծմանը, նաև այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր ունենք: Ո՞ր գործընկերոջ հետ ենք մենք աշխատելու. որը հարցին լավ է տիրապետում, վստահ է, որ այս ծրագիրը կիրագործի, նաև զուգահեռ բեռ կվերցնի իր վրա: Մինչև դուք չպատկերացնեք ձեզ ինչ է պետք, Երևանում որևէ մեկը չի պատկերացնելու»,- ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե մարզպետն ու համայնքների ղեկավարները չպատկերացնեն իրենց ինչ է պետք, երբևէ դրական և արդյունավետ տեղաշարժ չի լինելու: «Բիզնեսի, կառավարման մեջ մի թեզ կա, որը չափազանց կարևոր է. եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անել: Դուք անպայման պետք է ունենաք այդ պատկերացումը, թե ինչ եք ցանկանում: Պետք է ամփոփել, պատրաստել մի նյութ, որից կիրառական արդյունք կլինի և մենք ըստ դրա քայլ առ քայլ կգնանք առաջ: Պետք է պատրանքներից դուրս գանք և նստենք ու առարկայական խոսենք»,- նշել է Կարեն Կարապետյանը: