կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-18 13:21
Հասարակություն

Որքան գումար կհատկացնի պետությունը զոհված զինծառայողների ընտանիքներին

Որքան գումար կհատկացնի պետությունը զոհված զինծառայողների ընտանիքներին

Զոհված զինծառայողների ընտանիքներին պետությունը ֆինանսապես կաջակցի. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ իրավաբան Մարտին Մկրտչյանը:

Ըստ նրա՝ զոհված զինծառայողների հուղարկավորության համար տրամադրվում է 700 000 դրամ, ինչպես նաև 1,4 մլն դրամ` գերեզմանաքարի պատրաստման համար:

Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ զոհված զինծառայողների ընտանիքներին պետության կողմից միանվագ տրամադրվում է 2 մլն դրամ` որպես ապահովագրական վճար:

«Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները հնարավորություն կունենան անվճար բուժօգնություն ստանալու: Բացի այդ՝ նրանց տրվում է ամսական 30 000 դրամ պարգևավճար: Մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք էլ միանվագ կստանան` 1-ին կարգի հաշմանդամության դեպքում 500 հազար դրամ, 2-րդի դեպքում` 400 հազար, իսկ 3-րդի` 300 հազար դրամ»,- հայտնեց նա:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանն էլ տեղեկացրեց, որ մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձը ստանում է նաև թոշակ. եթե զինծառայողը սպայական կոչում ունի, ապա՝ ամսական միջինը 50 000 դրամ, իսկ եթե պարտադիր ժամկետային զինծառայող է, ապա՝ 18 000-36 000 դրամ` հաշմանդամության կարգից կախված: «Օրինակ՝ եթե առաջին կարգի հաշմանդամ է սպան, ապա ամսական կստանա 110 000 դրամ, որի մեջ ներառվում է նաև կենսաթոշակն ու պարգևավճարը, իսկ եթե ժամկետային զինծառայող է, ապա պետության կողմից ամսական տրամադրվող գումարը կկազմի 90 000 դրամ»,- տեղեկացրեց նա:

Սաիյանը հայտնեց նաև, որ զոհված ժամկետային զինծառայողների թոշակառու ծնողները կստանան 31 000 դրամ՝ գումարած պարգևավճար` 30 000 դրամ, և կենսաթոշակը` կրկին 30 000 դրամ, այսինքն` ընդհանուր առմամբ, շուրջ 90 000 դրամ: Իսկ եթե զոհված զինծառայողի ծնողները թոշակառուներ չեն, ապա նրանք կստանան միայն պարգևավճարը` 30 000 դրամ:

Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած  կամավորների ընտանիքներին, ապա այս պահին դեռևս ոչինչ սահմանված չէ նրանց համար: Սաիյանը հիշեցրեց, որ վարչապետի հանձնարարականով մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն առաջարկություններ, թե ինչպես կարելի է սոցիալապես աջակցել մարտական գործողություններից բոլոր տուժածներին:

Հարցին, թե պետությունն ինչ-որ կերպ աջակցո՞ւմ է ԼՂՀ-ից Երևան տեղափոխված ընտանիքներին /օրինակ` Թալիշ գյուղի բնակիչներին/, Սաիյանը պատասխանեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում: