Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարցրեց, թե այս օրերին զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին ինչով է օգնելու կառավարությունը: Հարցին պատասխանեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ասելով, որ հարցը չափազանց կարևոր է` այս օրերին Հայաստանը գործ ունի անվերադարձ ու վերադարձվող կորուստների հետ:
Նախարարը նշեց, որ այս օրերին կառավարության անդամները, ՀՀ նախագահը եղել են հոսպիտալներում, և, հուրախություն բոլորի, վիրավորները տրամադրված են շուտ ապաքինվել: Նրա խոսքով՝ աջակցությունը վիրավորներին իրականացվում է օրենսդրական փաթեթի շրջանակներում, առաջնահերթ նպատակն է արագ ոտքի կանգնեցնել վիրավորներին՝ նրանց բուժումը կազմակերպելով ՀՀ-ում: Եթե դա բավարար չլինի, կառավարությունը որոշել է նրանց բուժումը կազմակերպել արտերկրում:
Նախարարի խոսքով՝ ուշադրության կենտրոնում են զոհվածների ընտանիքները, և, գոյություն ունեցող կարգի ու օրենսդրական փաթեթի համապատասխան, կառավարությունը հատկացնում է համապատասխան օգնություն հուղարկավորության կազմակերպման, գերեզմանի, գերեզմանաքարի և այլ հարցերում: Սեյրան Օհանյանը նշեց, որ, այդ ամենից բացի, առանձին աջակցություն էլ է տրամադրվում, մասնավորապես` բարերարներն են աջակցում, անհատապես աջակցություն է ցուցաբերվում բոլոր ընտանիքներին:
Արամ Մանուկյանն արձագանքեց, որ նահատակված հերոսների ծնողները ուշադրության կենտրոնում պետք է լինեն, և պետությունն իր հնարավորությունների սահմանում պետք է աջակցի նրանց:
Սեյրան Օհանյանը նշեց, որ անցյալ տարի կառավարությունը որոշում էր ընդունել, որ տրվող օգնությունները կրկնապատկվեն, ապագայում կմտածեն նաև այդ օգնության չափբ ավելացնելու համար:
«Այս օրերին ամբողջ հասարակությունը, բոլոր քաղաքական գործիչները ուշադրության կենտրոնում են պահում զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին: Բոլորի համար է ցավ ու վիշտ` ունենալ կորուստներ, բայց այն կարող է սփոփվել, երբ գնահատում ենք այդ հերոսների սխրանքն ու հերոսությունը, երբ կիսում ենք նրանց հարազատների հետ այդ ցավը, և երբ որոշ ժամանակ է անցնում: Բայց ժամանակ չպետք է անցնի, որ հասկանանք` հայ ժողովուրդի ցավը միշտ շաղախվել է հերոսության հետ՝ բերելով հպարտության զգացում»,- ասաց նախարարը: