կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-28 16:51
Հասարակություն

Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող գումարները կավելացվեն

Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող գումարները կավելացվեն

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել բարձրացնել ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների շուրջ 5300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը` 10 հազար դրամի փոխարեն սահմանելով 30 հազար դրամ, որին լրացուցիչ կավելացվի յուրաքանչյուր երեխայի (շուրջ 1300 երեխա) համար 20 հազար դրամ։

Կատարված փոփոխության արդյունքում 75 տոկոսով բարձրացվել են նրանց տրվող դրամական օգնության չափերը:

Միաժամանակ, 2011թ. սեպտեմբեր ամսից Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած շուրջ 4000 անձի տրվող դրամական պարգևի չափը կբարձրացվի 5000 դրամով։

«Այս որոշմամբ մենք սոցիալական քաղաքականությունը դարձնում ենք ավելի նպատակային եւ, մյուս կողմից, ավելացնում ենք վճարները, որն իրականացնելու ենք պետական բյուջեից: Պետք է հավաստիացնենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որ այս որոշման արդյունքում նրանք ստանալու են ավելի մեծ ֆինանսական օժանդակություն պետության կողմից: Պատերազմական գործողություններում հաշմանդամ դարձած անձինք նույնպես ավելի շատ ֆինանսական օժանդակություն կստանան»,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: