կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-17 21:35
Քաղաքական

Թալինի ՀՀԿ-ական թեկնածուն «հանգստանում էր». ընտրեց ամենավերջինը

Թալինի ՀՀԿ-ական թեկնածուն «հանգստանում էր». ընտրեց ամենավերջինը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ողջ օրվա ընթացքում լրագրողները փորձում էին զրուցել Թալինի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Սարգիս Արամյանի հետ: Ուշագրավ է, որ նա  քվեարկելու եկավ օրվա վերջում` ամենավերջինը: Այս մասին Թալինից հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը եւ նշում, որ հենց այդ ժամանակ էլ լրագրողներին հաջողվեց, ի վերջո, զրուցել նրա հետ: Ուշագրավ է, որ Արամյանը հայտարարեց, թե այսօր հանգստանում էր: Մինչդեռ ՀՀԿ շտաբում թե Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ թե Արամյանի մյուս կուսակիցները հայտարարում էին, որ վերջինս չի կարող զրուցել լրագրողների հետ, քանի որ «լարված է, զբաղված է»:

Արամյանը հերքեց իր կուսակիցների հայտարարությունը, թե լարված է. «Ինչի՞ց լարվեմ»,- հակադարձեց նա: Լրագրողների դիտարկումներին, թե վարչապետի, Երեւանի քաղաքապետի մակարդակով ՀՀԿ-ն մեծ ուժեր էր կենտրոնացրել Թալինում, ինչով է պայմանավորված այդ աննախադեպ ակտիվությունը, Արամյանը հայտարարեց, թե արտառոց որեւէ բան չկա, «իր ընկերներն են, եկել են աջակցեն»: Արամյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու չի լուծվում անբարեկարգ փողոցների, Թալինում աշխատատեղեր ստեղծելու հարցը, ինչին ի պատասխան քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն ասաց. «Գլոբալ հարցեր եք տալիս, որ ամբողջ հանրապետությունում կան: Աշխատատեղերը մի օրում չեն ստեղծվում եւ մի հոգով չեն ստեղծվում: Աշխատատեղեր մենք փորձել ենք ստեղծել»: Ուշագրավ է, որ նախկին մարզպետ, Արամյանի շտաբի աշխատանքները համակարգող Սարգիս Սահակյանը մինչ այդ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, թե քաղաքապետի գործը չէ աշխատատեղեր ստեղծելը: Ի դեպ, լրագրողները Սարգիս Արամյանից հետաքրքրվեցին նաեւ, թե ինչով են պայմանավորված նախկին քաղաքապետ, այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ լարված հարաբերությունները, ինչին ի պատասխան Արամյանը հայտարարեց, որ չկա նման բան: