Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 17-ին Թալինում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ այսօր 19:00-ին բնակիչների հետ պետք է հանդիպեին առաջադրված երեք թեկնածուները՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանը եւ նախկին ՕԵԿ, այսօր «Հայկական վերածնունդ» անվանումը ստացած կուսակցության թեկնածու Գևորգ Գրիգորյանը: Ուշագրավ է, որ հանդիպմանը գործող քաղաքապետը չէր ներկայացել, և բնակիչներին իրենց ծրագրերը ներկայացրեցին և քաղաքացիների հարցերին պատասխանեցին մյուս երկու թեկնածուները:
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը, ապա խոսեցին իրենց ծրագրերի մասին: Քաղաքապետի ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանն իր ելույթում նկատեց, որ Թալինին վերաբերող բոլոր խնդիրներն էլ առաջնահերթ են, և բնակիչները բոլորն էլ քաջատեղյակ են դրանցից: Նա նշեց, որ իրենք արդեն իսկ քայլեր են ձեռնարկում որոշակի հարցեր լուծելու ուղղությամբ: Մասնավորապես Թալինում գործող ընկերություններից մեկի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել` այն վերագործարկելու և աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ:
«Մեզ համար առաջնահերթ է անապահով ընտանիքներին աջակցելու հարցը, կան ընտանիքներ, որոնց երեխաների համար պետք է հնարավորություն ստեղծենք ուսումը շարունակելու, պետք է գյուղատնտեսությունը զարգացնել, հեշտացնել գյուղատնտեսությամբ զբաղվող թալինցիների գործը: Շատ կարելի է խոսել խնդիրներից, բայց ես կողմնակից եմ ոչ թե խոսելու, այլ գործելու»,- ասաց նա՝ հորդորելով բնակիչներին լսել բոլոր կողմերին և քվեարկել խղճի կամոք:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ իր ելույթում կարևորեց նման ձևաչափով հանդիպում անցկացնելը, երբ թեկնածուները միասին բնակիչներին են ներկայացնում իրենց մոտեցումները: «Ամեն ինչ անելու ենք, որ ընտրությունները լինեն մաքուր, թափանցիկ, եկեք այս անգամ նորմալ ընտրություն կազմակերպենք»,- ասաց Ռուստամյանը:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն, ով ծնունդով Թալինից է, իր աջակցությունը հայտնեց Տիգրան Հարությունյանին՝ նշելով, որ վերջինս վաստակել է իրենց վստահությունը: «Ես որպես թալինցի եմ խոսում, որպես այստեղի ջուրը խմած մարդ: Ով ասես չի կարող գալ՝ իր խոսքն ասել, վճռողը թալինցին է, ում էլ որ ընտրեք՝ պահանջատերը դուք եք լինելու, ում էլ ընտրելու եք՝ ընտրեք ձեր միջից, նրան՝ ում անցած ուղին ձեզ համար պարզ է: Տիգրանը հայի այն տեսակն է, որ պատրաստ է իր թասիբով, արժանապատվությամբ իր խոսքն ու գաղափարն առաջ քաշել»,-ասաց նա:
Մինասյանը նշեց, որ թեև Տիգրան Հարությունյանը կուսակցական չէ, բայց այսօր արժանացել է Դաշնակցության վստահությանը. «Թալինի զարգացումը բերելու է նաև գյուղերի, բնակավայրերի զարգացմանը, հանուն բարեկեցիկ Թալինի` ճիշտ ընտրություն կատարեք»: