Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը լրագրողներին ներկայացրեց խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։
Նրա խոսքով` ադրբեջանական զինուժի ՄԻ-24G մարտական ուղղաթիռը մոբիլիզացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ուկրաինայում: Տվյալ մոդելի ուղղաթիռը կիրառել է ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ: Նա հայտնեց, որ խոցված ուղղաթիռի օդաչուներից մեկի մոտից հայտնաբերված փոքր գրքույկում գրառումներ են արված, որն արվել է մարտի 31 –ին:
«Համաձայն հայտնաբերված փաստաթղթերի` օդաչուն պետք է իրականացներ թռիչք Բաքվի տարածքից դեպի Քյորդանի ռազմական օդանավակայան` 60 րոպե տևողությամբ և սկսել է պատրաստվել հաջորդ օրվա թռիչքին՝ իրականացնել վերաթռիչք դեպի Բայլադան ուղղաթիռների հարթակ»,-ասաց նա և հավելեց, որ օդաչուների կողմից կիրառվող քարտեզը գաղտնագրերով է, ինչը հետազոտելիս երևում է, որ օդաչուն թռիչքից մեկ երկու օր առաջ ստացել է մարտական թռիչքներ իրականացնելու համար հանձնարարություններ:
«Քարտեզում նշված են ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր, որոնց հեռավորությունն առաջնագծից եղել է 3-10 կմ խորությամբ` ամենահեռահարը Ֆիզուլի քաղաքի հարավ-արևելյան մասում: Որպես օդաչու կարող եմ ասել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր հերթականությամբ, որպես առաջին խնդիր տրված է եղել առաջնագծից մինչև 3 կմ հեռավորությամբ, հետո մինչև 10 կմ խորությամբ: Օդաչուները թռիչք իրականացնելիս համագործակցել են առաջնագծի ավիանշանառուների հետ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ցանկացած ռազմական մասնագետ կընդունի, որ տվյալ կողմն իրականացրել է նախնական մարտական գործողությունների մշակում, ստացել է նշանակետերի կոնկրետ ցուցում: Մուրադյանը հայտնեց, որ սև արկղերի հետազոտության արդյունքում պարզվել է, որ օդաչուն թռիչքը շատ լարված վիճակում է իրականացրել, որի արդյունքում ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, չի կիրառել, կիրառել է միայն թնդանոթը, մինչև 1կմ խորությամբ: Երկու րոպե ձգանը սեղմած է պահել ու հենց այդ վիճակով էլ ուղղաթիռը խոցվել է մեր տղաների կողմից:
Yerkir.am-ի հարցին, թե մեր կողմից խոցված ադրբեջանական երկրորդ ուղղաթիռը որքա՞ն խորությամբ է ներթափանցել և արդյո՞ք հաջողել է մարտական որոշակի առաջադրանքներ կատարել, ավիացիայի գեներալը պատասխանեց.
«Հակառակորդի երկրորդ ուղաթիռը եղել է ՄԻ 8 տիպի, որը պետք է տվյալ տարածքից դեսանտ իջեցներ կամ տարհանում իրականացներ, ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ տարածում` անցնելով մեր դիրքերը մոտ 500 մ խորությամբ»:
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ հակառակորդի ուղղաթիռը ադրբեջանական տարածքում վթարային վայրէջք է կատարել և չի բացառվում, որ ընկնելիս ոչնչացվել է: Մուրադյանի խոսքով ` ներկայացված փաստաթղթերը փաստում են, որ հակառակորդը կոնկրետ մշակված ռազմական օպերացիա է ունեցել, սահմանի մի հարթակում հակառակորդը 12-14 մարտական ուղղաթիռ է ունեցել: Մարտական փաստաթղթերը մասնավորապես հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։ Ըստ էության, սա վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ մարտական գործողությունների պլան: