կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 13:31
Հասարակություն

Չափազանց զգույշ պետք է լինենք ԵԽԽՎ-ում, հատկապես՝ Ագրամունտի նախագահության շրջանում

Չափազանց զգույշ պետք է լինենք ԵԽԽՎ-ում, հատկապես՝ Ագրամունտի նախագահության շրջանում

«168 Ժամի» զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

– Պարոն Դեմիրճյան, ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանն իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։ Ինչպե՞ս եք գնահատում քննարկման ընթացքում հնչած հայտարարությունները։

– Երեկվա նիստի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ջախջախիչ մեծամասնությունը նշեց ու հաստատեց, որ Ադրբեջանն է խաղաղ բանակցությունները մերժող երկիրը, հատկապես, երբ չի ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի զինադադարի խախտումների վերահսկողության մեխանիզմի ներդրման առաջարկը։ Այդ առաջարկի մերժումը քննադատեցին բոլոր պատգամավորները և նշեցին, որ Ադրբեջանը չի ընդունում նախաձեռնություն, որն ուղղված է փոխվստահության ամրապնդմանը։ Մի քանի պատգամավորներ նույնիսկ ավելին ասացին, խստորեն քննադատելով Ադրբեջանն ու Ալիևի ռեժիմը՝ նշեցին, որ Ղարաբաղի հիմնահարցի լուծումը ԼՂՀ միջազգային ճանաչումն է։ Այս ամենին ավելի մեծ կարևորություն տվեց ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի ներկայությունը։

– Այնուամենայնիվ պատասխանատու պաշտոնյաներից մենք կրկին հասցեական հայտարարություններ չենք լսում, խոսքն ԱՄՆ-ի, Եվրոպայի, Մինսկի խմբի պաշտոնյաների մասին է։ Մտավախություն չկա՞, որ սա կհրահրի Ադրբեջանին՝ կրկին անգամ դիմել նման լայնածավալ սադրանքի և բախումների։ Այդպիսի մտահոգություն չկա՞ արդյոք Եվրոպայում։

– Մեր մոտ կա, բնականաբար, նման մտահոգություն։ Բայց ինչ-ինչ պատճառներով Եվրոպան կամ Արևմուտքը փորձում են հավասարակշռություն պահպանել կողմերի միջև։ Զարմանալի է այս մոտեցումը, բայց հայկական կողմից ինչ հնարավոր է` արվում է։ Այնուամենայնիվ, երբ խոսում ենք միջազգային կառույցների մասին, պետք է հասկանալ, որ բազմաթիվ շահեր կան, և դրանից ելնելով են արվում հավասարակշռված հայտարարությունները։ Եթե այս վերջին լարվածությունից հետո կրկին անգամ նման հարձակում լինի Ադրբեջանի կողմից, ապա վստահաբար արդեն այլ հայտարարություններ կլինեն, բայց ես հուսով եմ, որ այդ կետին չենք հասնի։ Միջազգային կառույցներն Ադրբեջանին հորդորում են, դիվանագիտական լեզվով ասելով, որ պատերազմը ԼՂ հակամարտության կարգավորում չէ, կարգավորումը պետք է լինի միայն խաղաղ միջոցներով։

– ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի անդրադարձը քառօրյա պատերազմի ընթացքում բավականին լայն արձագանք ստացավ Հայաստանում իր կտրուկ ադրբեջանամետության պատճառով։ Հորդորներ են հնչել՝ ուղղված հայաստանյան պատվիրակությանը, որպեսզի բարձրացվի նրա նախագահության նպատակահարմարության հարցը։ Ըստ Ձեզ` պե՞տք է դնել արդյոք ԵԽ ԽՎ նախագահի նախագահության նպատակահարմարության հարցը։

– Զարմանում ենք, որ Ագրամունտը` օգտագործելով իր ԵԽ ԽՎ նախագահությունը, նման կոչեր արեց, հատկապես միամտաբար հավատաց Ադրբեջանի, այսպես կոչված, միակողմանիորեն զինադադար սկսելու հայտարարությանը, մի բան, որն աբսուրդ է։ Հայկական պատվիրակությունը պետք է բարձրացնի այդ ամենը, անշուշտ, նույնը պետք է անեն հայկական ոչ կառավարական կազմակերպությունները, այդ թվում՝ մենք, որ այդ հարցով արդեն իսկ զբաղվում ենք։

– Զբաղվել ասելով` ի՞նչ նկատի ունեք։ Ի՞նչ պետք է արվի։ Հնարավո՞ր է նրան որակազրկել։

– Նա արդեն որակազրկված է։ Եվրոպական մի շարք կառույցների կողմից նա Բաքվի խավիարային դիվանագիտության հետևորդներից մեկն է դիտարկվում և մի քանի տարի է, որ շրջանառության մեջ է դա, գաղտնիք չէ, նույնիսկ պահանջում էին ԵԽ ԽՎ կազմից նրա հրաժարականը։ Նշեմ, որ Իսպանիայում մեր հայրենակիցներն Ագրամունտի դեմ բողոք էին բարձրացրել, որ նման արձագանքները հարիր չեն իր դիրքին ու պաշտոնին։ Պետք է ամեն հնարավորություն օգտագործել, որպեսզի հասկանալի դառնա, թե ով է Ագրամունտը։ Այդ մասին պետք է շատ խոսվի։ Դա պետք է անենք մենք` հասարակական ոչ կառավարական կազմակերպություններս և հայկական պատվիրակությունը։

– ԵԽ ԽՎ-ում ապրիլի 18-ին քննարկում է նախատեսվում ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցածի վերաբերյալ։ Ի՞նչ պետք է սպասել, ու ի՞նչ կարևոր խնդիրներ ունի, ըստ Ձեզ՝ հայկական պատվիրակությունը, ի՞նչ հարցեր պետք է բարձրացվեն։

– Առաջարկ է եղել, որպեսզի ԼՂ վերջին իրադարձություններն էլ մտնեն օրակարգ, բայց դա պետք է հաստատվի ապրիլի 18-ի առավոտյան, մենք կարծում ենք, որ պետք է հաստատվի։ Հունվարի ԵԽ ԽՎ լիագումար նիստի ընթացքում մենք արդեն ականատեսն ենք եղել հայկական պատվիրակության աշխատաոճին երկու բանաձևերով, որոնցից մեկն անցավ, իսկ մյուսը` ոչ։ վստահ եմ, որ մեր պատվիրակությունը հետևում է ընթացքին, վստահ եմ, որ պատրաստված են ներկա գտնվելու նիստին։ Առայժմ ԵԽ ԽՎ-ում ԼՂ-ում տեղի ունեցածի վերաբերյալ բանաձևեր կարծես թե չկան, նախատեսվում են քննարկումներ, ենթադրում եմ, որ ՀՀ պատվիրակությունը պատրաստված է մասնակցելու այդ զրույցներին, ինչպես նաև՝ լուսաբանելու պատվիրակներին, որոնք լինելու են ԵԽ ԽՎ-ում, ինչպես մենք վերջին օրերին Բրյուսելում եվրոպական պատգամավորներին էինք փորձում հասկացնել, թե ինչ է եղել ղարաբաղաադրբեջանական շփման գծում։

Վստահ եմ, որ պատվիրակությունը նման աշխատանքների մեջ է։ Մենք մեր դասերը պետք է քաղած լինենք հունվարյան նիստից, և պետք է չափազանց զգույշ լինել ու ճիշտ քայլերի դիմենք ԵԽ ԽՎ-ում, հատկապես՝ այն օրերին, երբ կառույցի ղեկավարն Ագրամունտն է։ Պետք է զգույշ լինենք հատկապես այն բանից, եթե լինեն բանաձևեր պատերազմի մասին, մեր պատվիրակությունը պետք է դրան պատրաստ լինի ու հետևի այս ընթացքին, որպեսզի, եթե բանաձևեր լինեն, չհասնեն լիագումար նիստ, բեկանվեն։ Հուսով ենք՝ աչալուրջ հետևում են ու դասեր քաղել են։