կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-13 17:46
Իրավական

Պետք է լինենք հնարավորինս զգույշ. Ժիրայր Սեֆիլյան

Պետք է լինենք հնարավորինս զգույշ. Ժիրայր Սեֆիլյան

Հայտնել ենք, որ քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանը դուրս եկավ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի շենքից: Նա հայտարարեց, որ շատ ասելիքներ կան, և առաջիկա օրերին լրագրողների միջոցով կխոսի ժողովրդի հետ: «Այս օրերին գրեթե ամեն օր քաղբանտարկյալներ են ազատ արձակվում: Ուշ լինի, նուշ լինի»,- նշեց Սեֆիլյանը:

Նրա խոսքով` «Սասնա ծռերը» և մյուս քաղբանտարկյալներն անխտիր ազատության մեջ են լինելու: «Մեր բոլոր քաղբանտարկյալները պետք է հայտնվեն ազատության մեջ: Այս օրերին պետք է լինենք հնարավորինս զգույշ, մենք մեր գործին չենք վնասելու, ընդամենը հաշված օրերի ընթացքում անխտիր բոլորը կլինեն ազատության մեջ»,- ասաց Սեֆիլյանը:

Նա առաջին անգամ ցավակցություն հայտնեց 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին: «Մինչ օրս ո’չ ես, ո’չ «Սասնա ծռերը» հնարավորություն չենք ունեցել մեր խոսքն ուղղելու զոհվածների հարազատներին: Բոլորը պետք է հասկանան, որ այդ ցավը բոլորիս ցավն է: Ես ոչ մի կասկած չունեմ, որ ոչ ոք «Սասնա ծռեր»-ին չի համարում ոճրագործ, ոչ ոք չունի այն եզրակացությունը, որ տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության համար»,-ասաց նա, ապա հավելեց. «Բոլորը պետք է գիտակցեն, որ մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան»:

Սեֆիլյանը հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում անկախ դատարան կունենանք, որտեղ մանրակրկիտ ձևով կքննվի, թե ինչ էր տեղի ունեցել 2016թ. հուլիսին: Նա միաժամանակ զսպվածության կոչ արեց իր կողմնակիցներին: «Ամեն ինչ չէ, որ պետք է պահանջենք գործող իշխանություններից, բոլորս անելիք ունենք»,- ասաց Սեֆիլյանը: