կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-09 13:33
Քաղաքական

ԱԺ խմբակցությունները՝ Պեդրո Ագրամունտի հրաժարականի մասին

ԱԺ խմբակցությունները՝ Պեդրո Ագրամունտի հրաժարականի մասին

ԱԺ ճեպազրույցների ժամանակ խմբակցություններն անդրադարձան Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականին։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա սպասելի էր։ «Ագրամունտի հրաժարականում ոչ մի անակնկալ չկա, պարզ է, որ նա պետք է հեռանար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես կարծում եմ, որ Ագրամունտի հրաժարականի կոնտեքստում ճիշտ կլինի, որպեսզի ԵԽԽՎ-ն որոշակի հետաքննություն սկսի, թե ինչ ծագումնաբանություն ունեն այն հայտնի որոշումները, որոնք, ի վերջ, ինչ-որ առումով խթան դարձան քառօրյա պատերազմին», - նշեց նա։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ քայլը շատ ճիշտ է կատարված, և Պեդրո Ագրամունտով այս հարցը չի սահմանափակվում։ «Գնում է հետաքննություն, և ժողովրդական խոսքով ասած` այս խմորը դեռ շատ ջուր է խմելու։ Սրա արձագանքները մենք դեռ կլսենք», - նշեց նա։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով էլ` Ագրամունտի հրաժարականի պատճառն այն էր, որ Ագրամունտը չդիմացավ ճնշումներին և հրաժարական տվեց: «Ով էլ լինի ԵԽԽՎ հաջորդ նախագահը, բնականաբար, հետևություններ կանի: Սա մեկ օրվա պատմություն չէ: Ադրբեջանը բավականին լուրջ ճնշումների տակ է», - ասաց նա՝ նշելով, որ արդեն Ադրբեջանի խնդիրն է` եղածից հետևություններ անել: «Նրա խնդիրն է՝ դուրս կգա ԵԽԽՎ-ից, թե` ոչ, մեզ ոչ սառն է, ոչ տաք: Մենք այդ կառույցների անդամ ենք, մենք պարտավոր ենք կատարել մեր պարտականությունները: Մենք պետք է կարողանանք մեր պատկերացրած արժեքային համակարգին մոտ լինել: Այս հրաժարականից հետո հետևություններ կանեն եվրոպական տասնյակ ու տասնյակ օրենսդիրներ», - հավելեց Վարդանյանը։