կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-13 16:54
Արցախ

Արցախը երբեք չի վերադառնա Ադրբեջանի տիրապետության տակ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը և Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևը ապրիլի 7-ի երեկոյան France 24 հեռուստաալիքով բանավեճ պետք է ունենային` կապված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի հետ, սակայն Փափազյանն ավելի ուշ հայտնեց, որ դեսպանը հրաժարվել է մասնակցել հաղորդմանը: Ապրիլի 11-ին բանավեճն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել:

Ադրբեջանի դեսպանը նշել է, թե իբր Հայաստանի դեսպանը չի ցանկացել իր հետ բանավիճել, սակայն ինքը համաձայնել է, որ հակառակվի Ֆրանսիայում հայկական լոբբիի ապատեղեկատվական քարոզչությանը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է խախտվել 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմը, նա պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունը զավթել է ադրբեջանական տարածքներ, այդ թվում ` ԼՂ-ն, դրանք օտար` հայկական  բանակի վերահսկողության տակ են, իսկ հրադադարը խախտվեց, որովհետև Հայաստանը շարունակում է ագրեսիան ու ցանկանում է ընդլայնել գրաված տարածքները, փորձում է շարուանակել էթնիկ զտումները, որոնք իբր տեղ են գտել հակամարտության ընթացքում, նշում է, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանությունը:

Ի պատասխան, Մուրադ Փափազյանը նշում է, որ դեսպանը, իր առջև նստած, շարունակում է ադրբեջանական քարոզչությունը` հիմնված ստի վրա: Նա ընդգծում է, որ հրադադարի ռեժիմի խախտումները այս 10 օրվա ընթացքում չէ, որ տեղի են ունենում, դրանք միշտ էլ շարունակվել են այս ընթացքում, իսկ Ադրբեջանը հրաժարվում է սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի խախտումները արձանագրող էլեկտրոնային սարքեր, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ-ն: Փափազյանն ընդգծում է, որ իրականում հայ բնակչության ոչնչացումը Ադրբեջանում սկսվել է դեռևս 1988-ից. Ստալինը 1923 թվականին հայկական Լեռնային Ղարաբաղը շնորհել է Ադրբեջանին, իսկ 1988-ին, հենվելով խորհրդային սահմանադրության տված հնարավորության վրա և առաջնորդվելով ժողովրդավարության հիմունքներով,  ԼՂ ժողովուրդը խաղաղ ճանապարհով` հանրաքվեով, որոշեց միանալ Հայաստանին: Այդ խաղաղ քայլին Ադրբեջանը պատասխանեց կոտորածներով` Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շուշիում, և ամբողջ աշխարհն է դա հիշում:

Երբ լրագրողը նշում է, թե Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրությունը համարում է ադրբեջանական տարածք, Փափազյանը բացատրում է, որ 1994 թվականին ստեղծված Մինսկի խմբի առաքելությունն այդ հարցին լուծում գտնելն է: Սակայն այդ թվականից ի վեր Ադրբեջանը մերժում է խաղաղ կարգավորման բոլոր ծրագրերը:

Ադրբեջանի դեսպանի փորձը` «ապացուցել», թե Ղարաբաղը երբեք  էլ պատմականորեն հայկական տարածք չի եղել, այլ մշտապես պատկանել է  Ադրբեջանին, կասեցվում է լրագրողի կողմից, նա պնդում է, որ բանավեճի թեման ոչ թե պատմությունն է, այլ իրավիճակի ներկայիս սրումը սահմանին: Նա հարցում է, թե արդյո՞ք ճիշտ չեն պնդումները, որ Ալիևը, ով հայտնի չէ որպես մեծ ժողովրդավար, երկրի սոցիալ-տնտեսական բարդ վիճակը քողարկելու, իր ժողովրդին շեղելու համար կիրառում է ազգայնականության խաղաքարտը: Դեսպանը պատասխանում է, որ կատարյալ ժողովրդավարություններ չկան, ապա հավելում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները նույնպես ստատուս քվոն համարում են անընդունելի, և միջազգային հանրությունն իրենց կողմից է: Լրագրողը հարցնում է` արդյո՞ք դրա պատճառը ստրատեգիական  հետաքրքրությունը չէ` նավթը, գազը, որոնք Թուրքիայով հասնելու են Եվրոպա: Դեսպանը պատասխանում է, թե դա միայն նշանակում է միջազգային օրենքներ հարգել:Նա պնդում է, թե իբր իրենք փորձել են խաղաղ միջոցներով լուծել խնդիրը, սակայն Հայաստանն ամեն ինչ անում է ստատուս քվոն` «տարածքների օկուպացիան» ամրապնդելու համար:

Լրագրողը բանավիճող կողմերին առաջարկում է կարգավորման լուծում առաջարկել: Ըստ Փափազյանի` հարկավոր է միջազգային հանրության հովանու ներքո ինքնորոշման հանրաքվե անցկացնել, ինչը բնականաբար, անընդունելի է համարում Ադրբեջանի դեսպանը, ըստ որի` այդ տարածքները «զտված են ադրբեջանցիներից», և հանրաքվեն չի համապատասխանի միջազգային օրենքներին:

Փափազյանը նշում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հաղթել են հայերը` հողագործ ղարաբաղցիները, ովքեր շատ ծանր վիճակում են ապրել Ադրբեջանի տիրապետության տակ: Նա շեշտում է, որ Ադրբեջանը բռնատիրական, ոչ ժողովրդավար երկիր է, հիշեցնում է Ալիևի ռազմաշունչ հայտարարությունները, նաև` Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բյուլ Բյուլ օղլիի խոստովանությունը, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը ու վերսկսել ռազմական գործողությունները:

Ի դեպ,Ադրբեջանի դեսպանը անգամ այս բանավեճում է ակնարկում, որ իր երկիրը ամենևին էլ հակված չէ հակամարտության խաղաղ լուծմանը: Նա հայտարարում է, որ «այժմ 1992 թվականը չէ, այլ` 2016-ը, և Ադրբեջանը չի հանդուրժի իր տարածքների շարունակվող օկուպացիան»: Որպես լուծում` առաջարկում է ընդունել ՄԱԿ-ի` «օկուպացիան» դատապարտող 4 բանաձևերը, Բուդապեշտի` կարգավորման փուլային տարբերակը, ՀՀ զինված ուժերը դուրս բերել «օկուպացված տարածքներից», 1 մլն ադրբեջանցի փախստականներին վերադարձնել բնակության հին վայրերը, հետո միայն խոսել Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մասին: Ընդ որում, ըստ նրա, Ադրբեջանը ղարաբաղյան կողմ, որպես այդպիսին, չի ընդունում, քանի որ, ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում կա 2 կողմ` Հայաստան և Ադրբեջան:

Մուրադ Փափազյանը դարձյալ շեշտում է, որ ԼՂ-ն պատմական հայկական տարածք է` բնակեցված հայերով, և խաղաղ գործողությամբ` հանրաքվեով, իր անկախությունն է հռչակել` ի պատասխան, ստանալով կոտորածներ, և երբեք չի վերադառնա Ադրբեջանի տիրապետության տակ:

Ֆրանսերենից փոխադրումը` yerkir.am-ի