կարևոր
4270 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-19 18:35
Քաղաքական

Բոլորի կեղծ ցուցմունքների մասին խոսելու ենք, և ամեն մեկն իր արածի համար պատասխան պետք է տա. Գերասիմ Վարդանյան 

Նոյեմբերի 10-ից սկսած դատախազության թեթև ձեռքով, ԱԱԾ-ի ցուցումով, «Ազատություն» ռադիոկայանի «պասով», Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Գերասիմ Վարդանյանից փորձել եք կերտել «մահափորձի կազմակերպչի» կերպար` իբր Արարատ Միրզոյանի մահափորձը ես եմ կազմակերպել. այս մասին այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը:

«Բոլոր ԶԼՄ-ներով` իշխանության ձեռքի տակ եղած, շուրջ երկու տարի դրա մասին են խոսացել, մարդականց մոտ այդ տպավորությունն է ստեղծվել, այդ տպավորությունը մինչև հիմա էլ կա: Հիմա ուզում եք դրա մասին չխոսա՞նք, ասում եք` «ապացուցվել է, որ ինքը կապ չունի Արարատ Միրզոյանի մահափորձի հետ, եկեք դրա մասին չխոսանք», - նշեց Գերասիմ Վարդանյանն՝ ի պատասխան մեղադրող դատախազի՝ դատական նիստին հնչեցված առաջարկի, ըստ որի՝ կարիք չկա դատարանում քննելու նեյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի վեևրաբերյալ 9 հատոր կազմող գործում առկա բոլոր նյութերը, որտեղ, օրինակ, զետեղված են նաև Գերասիմ Վարդանյանի դեմ նախորդ փուլում ներկայացված և իրավապահների կողմից այդպես էլ չապացուցված ու ամբողջությամբ հերքված որոշ մեղադրանքներ, կեղծ ցուցմունքներ, իրավապահ համակարգի որոշակի անգործության դրսևորումներ և այլ նմանատիպ փաստեր, որոնց՝ դատաքննության ժամանակ ուսումնասիրումն ակնհայտ ի ցույց կդնի նշված քրեական գործի ապօրինի լինելն ու քաղաքական հետապնդման բնույթ կրելը:   

Դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը, հայտարարելով, որ քրեական գործն ինքնին քաղաքական հետապնդման արդյունք է, պնդեց, որ պետք է գործում առկա բոլոր նյութերն ամբողջությամբ ուսումնասիրվեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ մեղադրանքի, իբր, ԶԼՄ-ի աշխատանքի խոչընդոտելն ազդեցություն է ունեցել զանգվածային անկարգությունների վրա՝ այն դեպքում, երբ գործում առկա ողջ փաստերի մանրակրկիտ ուսումնասիրման դեպքում կհաստատվի, որ նշված դիպվածը որևէ ազդեցություն չի ունեցել նոյեմբների 9-ի լույս 10-ի գիշերվա դեպքերի վրա:

«Ինչո՞ւ չխոսենք, իմ դեմ ցուցմունքներ են եղել, ո՞ւր են այդ ցուցմունք տվողները: Գործը կարճել եք, սուտ ցուցմունք տվողների դեմ իրավական ինչ որ գործընթաց արվե՞լ է, թե` ոչ: Եթե երկու տարի ինձ մեղադրել եք մահափորձի մեջ, որ իբր ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը մահափորձ է կազմակերպել, հետո պարզվել է, որ այդպիսի բան չի եղել: Բա ինչո՞ւ հրապարակային, այդ նույն «Ազատություն»-ով չեք հայտարարում՝ «բանից պարզվեց, որ էդ  մարդը դրա հետ կապ չուներ, այդ ամենը սուտ էր, նրա դեմ սուտ ցուցմունք են տվել, նույնիսկ ոստիկանության աշխատակիցն է կեղծ ցուցմունք տվել»: Ինչու՞ էդ կեղծ ցուցմունք տվողների մասին չի խոսվում, եկեք նրանց մասին խոսանք: Ամեն ինչի մասին խոսալու ենք, մինչև վերջ, ամեն մեկն իր արածի համար պատասխան պետք է տա», - դատարանում նշեց դաշնակցական Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։