կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-11 20:42
Հասարակություն

Բաքվին զենք վաճառելու` Ռուսաստանի դիրքորոշումն անհասկանալի է. Ռուսաստանի հայերի միություն

 Բաքվին զենք վաճառելու` Ռուսաստանի դիրքորոշումն անհասկանալի է. Ռուսաստանի հայերի միություն

Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ` ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարվածության առնչությամբ:

«Ակնհայտ է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողություններն իրականացվել են ռուսական հարձակողական զենքի օգնությամբ: Միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտումն ու ԵԱՀԿ ՄԽ միջամտությունը մի կողմից, և հատկապես Ռուսաստանի միջամտությունը մյուս կողմից, ստիպեցին ագրեսորին ապրիլի 5-ին գնալ կրակի դադարեցման: Այս օրերին ՌԴ իշխանություններն ակտիվացրեցին իրենց գործողությունները մարտական բախումները դադարեցնելու, լայնածավալ պատերազմը բացառելու և բանակցային գործընթացը վերականգնելու համար, ինչը դրական ընկալվեց Հայաստանում և նրա բազմամիլիոնանոց աշխարհասփյուռ համայնքներում:

Սակայն, այն հանգամանքը, որ Ռուսաստանը չի ցանկանում հրաժարվել զենքի առաքումներից ՌԴ բազմամյա դաշնակցի, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամի դեմ պատերազմող երկրին, բողոքի ալիք է բարձրացրել և Հայաստանում, և Ռուսաստանում և, ցավոք, հակառուսական տրամադրությունների առիթ է տվել Հայաստանում` մի երկրում, որը հետխորհրդային բոլոր տարիներին միակ պետությունն է եղել, որը չի դավաճանել ՌԴ հուսալի և քաղաքական դաշնակցի սկզբունքներին:

 Ռուսաստանի դիրքորոշումն առավել ևս անհասկանալի է ՌԴ վարչապետի այն հայտարարության ֆոնին, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ: Հիշեցնենք, որ խաղերը Թուրքիայի հետ և նրա իրական էությունն ընկալելու ցանկության համառ բացակայությունը բերեցին նրան, որ չնայած ՌԴ և Թուրքիայի բարձր ղեկավարության մակարդակով նուրբ պայմանավորվածություններին, Թուրքիան «դանակով հարված» հասցրեց Ռուսաստանին թիկունքից: Հայ ժողովրդի հանդեպ 100 տարի առաջ ցեղասպանություն իրագործած այդ երկիրը այսօր էլ, չնայած շատ երկրների և միջազգային կազմակերպությունների դատապարտմանը, հետևողականորեն շարունակում է իր քաղաքականությունը:

 Ադրբեջանը որպես Թուրքիայի իրական դաշնակից նույն քաղաքականությունն է վարում` ազգային հերոսի կոչում շնորհելով իր համակուրսեցի հայ սպային Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ կացնահարած սպային, կամ նրանց, ովքեր սոցցանցերում իրենց լուսանկարներն են տեղադրում հայ զինվորների կտրած գլուխը ձեռքին:

Համարում ենք, որ Ադրբեջանին սիրաշահելու ցանկությունը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ նա իր իրական դաշնակցի` Թուրքիայի օրինակին հետևելով, կարող է թիկունքից հարված հասցնել Ռուսաստանին, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ «դանակը» Ռուսաստանի վաճառածը կլինի:

Հայաստանին Ռուսաստանի հետ կապում են ոչ միայն ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ, այլ բազմադարյա եղբայրական զգացմունքներ, որոնք դիմացել են ժամանակի փորձությանը: Հենց Ռուսաստանի հանդեպ անկեղծ համակրանքի պատճառով է այսօր հայ հանրությունը, որին սատարում է նաև Ռուսաստանի հանրությունը, կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ-ին` հոդ.1 համաձայն անդամ պետությունները չպետք է մասնակցեն դաշինքների և գործողությունների, որոնք ուղղված են անդամ մեկ այլ պետության դեմ, այլ նաև քաղաքականության մեջ ղեկավարվել բարոյականության և արդարության նորմերով:

Մենք վստահ ենք, որ արդարությունը լավագույն քաղաքականությունն է Ռուսաստանի համար` միայն արդար լինելով այլոց հանդեպ, առավել ևս սեփական դաշնակիցների, Ռուսաստանը կարող է ակնկալել, որ իրենց վերաբերվեն որպես մեծ տերության, որն այսօր աշխարհի շատ ժողովրդների համար դարձել է պաշտպանության և արևմտյան ունիլատերալիզմի հակազդեցության խորհրադանիշ: