Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
69 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ թարգմանիչ, բանաստեղծ Հրաչյա Սարուխանը:
Սարուխանը սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի (այժմ՝ քոլեջ) գեղանկարչության բաժնում, ապա ուսումը շարունակել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1983-ին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում կազմակերպված հատուկ դասընթացները: Հեղինակ է «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ» ժողովածուների։ Հայաստանի գրողների միության անդամ է 1978-ից:
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է:
***
Սեպտեմբերյան աղոթք
Տե՛ր իմ,
Երբ ոչ ահել, ոչ ջահել եմ,
Երբ մխում է մեղքիս մղկիտը դեռ,
Թողություն տուր՝ Շո՛ւնչդ թող վայելեմ,
Հույս ու Հավատ որպես և որպես Սեր։
Թողություն տուր՝ թողնեմ ամեն տեղ ու տեղանք,
Ուր մրափ է մտնում միտքս հետին -
Մտմտալով պատճառ ու հետևանք,
Որ համամիտ մնա անհեթեթին...
Հիսունամյա նիրհից վե՛ր թռցրու՝
Թող սավառնի սրտիս Սեպտեմբերը երրորդ,
Թողություն տուր՝ գոնե վերջին, ծրում,
Տե՜ր, ոչ մեղք ունենամ, ոչ էլ ներող,
Որ ապիկար թուլեքն իբրև ուզվորություն
Պոետների միսը շատ չծամեն,–
Զի Քո է արքայութիւն և զօրութիւն
եւ փառք յաւիտեանս,
ԱՄԷՆ։
***
Ծառա եմ չգրված այն երգին...
Ինչքան էլ մտմտաս անթերի,
Բառերը սրինգ չեն կամ քնար.
Կցնդես՝ ու չես էլ պատկերի
Վաղորդյան գեղգեղանքն անհնար,–
Խորհում եմ կիսանինջ, և դարձյալ
Դայլայլ է, ճռվողյուն, ծլվլոց.
Սևեռուն սույլ ու կանչ, ո՜վ Բարձրյալ,–
Վեր կենամ ու բացեմ դուռս գոց...
Բաց անեմ փեղկեր ու վարագույր,
Զանց անեմ կերպարս կարկամած,
Ըմպելով ձայնառու գույն ու բույր՝
Դա՛րձ անեմ և ուշքի գամ կամաց...
Ու գրվի վերջապես. «Ո՜վ Բարձրյալ,
Ծառա եմ չգրված այն երգին,
Որ կուզեր վերստին ու դարձյալ
Կուտ գնալ թռչնաձայն համերգին»:
***
Հիսուսի երկրորդ գալուստից առաջ
Սրա՞նք չէին հենց, որ պիտի գային
Եվ, իծամորուս դիմակներ առած,
Խոհաքննիչի դեր ստանային...
***
Ի լուր և ի տես...
Հանուն քո գալիք Ամանորի ձյան,
Առանց անտեղի մարտիրոսության.
Խնդմնդա վհատ, որ ողջամիտ ես
Եվ տեղը տեղին դեռ շրջահայաց,
Քանզի շան նման էն գլխեն գիտես
(Տեղ-տեղ միամիտ էշ ես չնայած)՝
էդ չորուկ գլխիդ ինչեր կկիտես,
Ո՜վ թշվառական, ի լուր և ի տես,
Եվ ինչ կարժենա Խոսքդ խնայած,
Եթե խեղեփնաս թլոր խևի պես...