Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Զորյան ինստիտուտի գիտական խորհուրդը, պրոֆեսորադասախոսական կազմը եւ ողջ անձնակազմը սրտի խորը կսկիծով հայտնում են, որ 2022 թ․ նոյեմբերի 28-ին Վիրջինիա նահանգի Ուլիյամսբուրգ քաղաքում 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ (2004-2022), Զորյան ինստիտուտի՝ Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի երկարամյա տնօրեն, պրոֆեսոր Ռոջեր Սմիթը։
Պրոֆեսոր Սմիթի գրչին են պատկանում ցեղասպանության էությունը, լեզուն, ժխտումը բացահայտող բազմաթիվ հոդվածներ։ Ռոջեր Սմիթը եղել է նաեւ Զորյան ինստիտուտի՝ «Ցեղասպանագիտություն եւ կանխարգելում» գիտական ամսագրի, որն հետագայում վերանվանվեց «Ցեղասպանագիտության միջազգային ամսագիր», ստեղծման եւ վերահսկման ակունքներում եւ երկար ժամանակ հանդիսացել դրա հիմնադիր համախմբագիր։
Որպես Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի ղեկավար՝ Ռոջեր Սմիթը կարեւոր դերակատարություն է ունեցել ծրագրի զարգացման եւ հաջողության գործում։ Պրոֆեսոր Սմիթի անձնվեր գործունեությունը ծրագրի կայացման հարցում ակնհայտ էր․ նա տարեցտարի արդարացիորեն արժանանում էր նորահայտ գիտնականների սիրուն եւ համակրանքին, դառնում շատ շրջանավարտների եւ երիտասարդ գիտնականների խորհրդատուն եւ ընկերը ողջ աշխարհում՝ այդ թվում նաեւ շատուշատ հայաստանցի ուսանողների։
2008 թ․ պրոֆեսոր Սմիթը ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ներդրման համար»։ Մովսես Խորենացու մեդալը Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւն է, որը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների եւ սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար: Պրոֆեսոր Սմիթին շնորհվել է նաև Սենտ-Էնդրյուս համալսարանի գրականության դոկտորի կոչում 2018 թ․ Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի կողմից՝ ի նշան ցեղասպանության ուսումնասիրության և քաղաքական տեսության մեջ ունեցած իր ավանդի:
Ռոջեր Սմիթը եղել է ականավոր գիտնական, ցեղապանագիտության ռահվիրա, ցեղասպանության ժխտողականության ուսումնասիրության առաջամարտիկ, հայ ազգի մեծ բարեկամ։ Պրոֆեսոր Սմիթը եղել է Վիրջինիայի Ուիլյամ եւ Մերի քոլեջի Կառավարման ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր, ուր դասավանդել է քաղաքական տեսություն եւ համեմատական ցեղասպանգիտություն առարկաները։ Ռոջեր Սմիթը եղել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հիմնադիր անդամը, 1997-1999 թվականներին հանդիսացել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահը։
Ռոջեր Սմիթը մշտապես պայքարել է արդարության, ճշմարիտ խոսքի եւ մարդու իրավունքների գերակայության համար, եղել է լավ բարեկամ եւ անաչառ խորհրդատու գործընկերների եւ անսպառ ներշնչանքի աղբյուր՝ իր ուսանողների համար։
Զորյան ինստիտուտի ողջ անձնակազմը հավատում է, որ Ռոջեր Սմիթը շարունակելու է ապրել իր ընտանիքի, ընկերների, ուսանողների, իրեն ճանաչող եւ անգամ չճանաչող, բայց իր գրչին ծանոթ մարդկանց հուշերում։ Գիտնական եւ ցեղասպանագետ Ռոջեր Սմիթը դեռ շատ սերունդներ է կրթելու իր հոդվածներով եւ աշխատություններով։
Ռոջեր Սմիթի հիշատակի արարողությունը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։ Սմիթների ընտանիքը խնդրել է բոլորին Ռոջեր Սմիթի հիշատակին ծաղիկներ խոնարհելու փոխարեն, նախատեսված գումարը նվիրաբերել Զորյան ինստիտուտին։
Հայաստանի Զորյան ինստիտուտ հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամ