կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-07 16:19
Արցախ

Մայրն անմիջապես հասկացել է ու ասել. «Լռե՜ք, ոչինչ մի՛ ասեք». վերջին հրաժեշտը` հերոս զինվորին

Մայրն անմիջապես հասկացել է ու ասել. «Լռե՜ք, ոչինչ մի՛ ասեք». վերջին հրաժեշտը` հերոս զինվորին

Այսօր Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցում  վերջին հրաժեշտը տվեցին 1985 թվականին ծնված Հայկ Վահանի Թորյանին, ով հերոսաբար զոհվել էր Ղարաբաղի սահմանին:  Զինծառայողին հրաժեշտ տալու էին եկել հարազատներ, ընկերներ և պարզապես քաղաքացիներ:

Հայկ Թորյանի հորեղբայրը` Սարգիս Թորյանը, Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբոր տղան իսկապես հերոս է, ազնիվ էր, ֆիզիկապես առողջ և միշտ պատրաստակամ օգնել: «Մինչև 30 տարեկան չէր ամուսնացել,  ծառայում էր ազգին:  14 տարի մնաց այնտեղ` Մատաղիսում,  ու չէր ուզում գալ: Հնարավորություն ուներ, բայց չէր գալիս: Քանի անգամ բերեցին ստեղ, օրենքով ուզում էին բերեին, բայց ինքը հրաժարվում էր, չէր գալիս:  Մնաց, պայքարեց ու հերոսի նման ընկավ»,- ասաց հորեղբայրը:

Նա նշեց նաև, որ Հայկի հետ վերջին անգամ զրուցել են փետրվարի 2-ին: «Ասացի` արի մնա, ամսի 15-ին իմ ծննդյան օրն է, մի լավ քեֆ  անենք, ասաց` չէ, ես փոխգնդապետի կոչում եմ ստանալու, երկու օրով եկել եմ` թղթերս բերեմ, հանձնեմ ու հետ գնամ»,- պատմեց զինծառայողի ազգականը:

Նրա խոսքով` հերոսական կռվի ժամանակ, երբ  առաջին ճակատի զենքերը վերջացել են, Հայկը մի խումբ զինծառայողների հետ գնացել է` զենք բերելու, սակայն հետդարձի ճանապարհին հանդիպել են  մեծ  դիմադրության: Վարորդը զոհվել է, և նրանք իջել են ու սկսել պաշտպանվել, այդ  ժամանակ էլ զոհվել են:

Հերոսաբար զոհված զինծառայողի հոր գործընկերներից Ազատուհի Խաչատրյանն էլ պատմեց, որ Հայկը փոքրուց շատ նվիրված է եղել հայրենիքին: «Մայրը միշտ պատմում էր, որ երբևէ չի ուղղորդել որդուն, բայց Հայկը շատ է սիրել հայրենիքը: Տղան ամուսնացած չէր, ասում էր. «Պարտքս տամ հայրենիքիս ու գամ` ամուսնանամ»: Բայց տեսա՞ք` ինչ եղավ: Հայկը քույր ունի, ով ամուսնացած է և ապրում է Ռուսաստանում, ու էս ցավալի լուրը իմանալուն պես եկել է: Հայրը` գիտնական, մայրը` մանկավարժ, համեստ, իսկական հայ ընտանիք: 38 տարի  է` անօրգանական քիմիայի ինստիտուտում ենք աշխատում Հայկի հոր` Վահանի հետ, օրինակելի ընտանիք են»,- ասաց նա:

Ազատուհի Խաչատրյանը նաև պատմեց` երբ ընկերներն իմացել են Հայկի մասին, ամեն անգամ  նրանց դռանն են մոտեցել, բայց չեն կարողացել մորը կամ հորը որևէ բան հաղորդել: «Հետո համապատասխան նախարարությունից եկել են, որ հայտնեն, մայրն անմիջապես հասկացել է ու ասել. «Լռե՜ք, ոչինչ մի' ասեք»»,- պատմեց մեր զրուցակիցը: