կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-01 16:31
Տնտեսական

Որոշումը կայացրել է կառավարությունը. Արծվիկ Մինասյանը հստակ արձանագրեց

Որոշումը կայացրել է կառավարությունը. Արծվիկ Մինասյանը հստակ արձանագրեց

Այսօր տնտեսական հարցերի հանձնաժողովում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ին  հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին հարցը:

2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ: Ընտրվել է արտոնություններ տալու վերոնշյալ տարբերակը` ելնելով այն հանգամանքից, որ «Հրազդան-ցեմենտ» ընկերությունը Հայաստանի արդյունաբերական հատվածի կարևորագույն օբյեկտներից  է և այս  պահին ապահովում է շուրջ 470 աշխատատեղ:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ակնկալվում է, որ այս որոշման ընդունումից և գործարանի կողմից ՎՏԲ բանկի հետ համատեղ ներդրումային ծրագրի իրականացումից հետո գործարանը 2016թ. ընթացքում կարտադրի 200 հազար տոննա ցեմենտ:

«Այլ կերպ ասած` կառավարությունը գնում է այս քայլին` հաշվի առնելով թե\' աշխատատեղերի, թե\' ձեռնարկության՝ Հայաստանի տնտեսության մեջ ունեցած նշանակությունը»,- ասաց նախարարը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հարցրեց` արդյո՞ք Հայաստանի երկու ցեմենտ արտադրող խոշոր գործարաններից մեկին արտոնություններ տրամադրելը խտրականություն չի լինի:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ կառավարությունը պատրաստ է նման բնույթի հարցեր քննարկել` ցանկացած այլ ձեռնարկության հետ կապված, եթե կդիմեն կառավարությանը: Հայաստանում արտադրվող ցեմենտի քանակությունն այսօրվա դրությամբ մոտ 90 տոկոս է կազմում և միայն 10 տոկոսով է դրսից բերվում: Կառավարությունը գնացել է այդ քայլին` նպատակ ունենալով մեծացնել ցեմենտի տեղական արտադրությունը, արտահանումը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ Հրազդան քաղաքի հետ կապված այդ որոշումը, իհարկե, դրական է, սակայն հույս հայտնեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում Հրազդանի քաղաքապետի ընտրություններ են, «Հրազդան-ցեմենտ» գործարանի հետ կապված այս որոշումը չի ներկայացվի որպես գործող քաղաքապետի իրականացրած քայլ:

«Հուսով եմ` թույլ չեք տա, որ նման որոշումները ներկայացվեն որպես PR»,- ասաց Թևան Պողոսյանը:

Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ, միանշանակ, դա չի կարող դիտվել որպես առավելություն կամ  ինչ-որ անձի գովազդ: Ըստ նրա` որոշումն իրականացրել է կառավարությունը, դա տևական ժամանակ քննարկումների արդյունք է: