Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը «Ֆեյսբուք»-ում ուղիղ հեռարձակմամբ խոսել է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի մասին:
«Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքեն հայրապետական օրհնությամբ ու քրիստոնեական ջերմ սիրով և ազգային վառ ապրումներով կողջունեմ մեր ժողովուրդի սիրելի զավակները:
Ճիշտ տարի մը առաջ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը Թուրքիո Սահմանադրական դատարանին մոտ դատ բացավ՝ պահանջելով Սիսի դարավոր կաթողիկոսարանի վերադարձը իր իրավատիրոջ՝ մեր Սուրբ աթոռին, մեր եկեղեցվո և մեր ժողովրդին: Օգտվելով Դիմատետրի՝ Ֆեյսբուքի ընծայած լայն կարելիություններեն՝ ուզեցի մեր ժողովուրդի զավակներուն փոխանցել կարգ մը հիմնական տեղեկություններ՝ հիշյալ դատին առնչված: Որովհետև այս դատը, ինչպես հաճախ հիշեցուցած եմ, միայն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դատը չէ, այլ էապես մեր եկեղեցվո դատն է, և մեր եկեղեցին, ժողովուրդին եկեղեցին ըլլալով, այս դատը մեր ժողովուրդին դատն է, մեր հայրենիքին դատն է:
Հետևաբար, սիրելի ժողովուրդ հայոց, ես կուզեմ կարգ մը հիմնական տեղեկություններ փոխանցել ձեզի, թե ի՞նչ ձևով, և ինչո՞ւ այս դատը ընթացք առավ, ի՞նչ հանգրվաններե անցավ, ի՞նչ դժվարություններ ունեցանք և ունինք, և ի՞նչ է այս դատին ներկայացուցած ներկա հանգրվանը:
Առաջին հերթին՝ կուզեմ հիշեցնել ձեզի, թե փետրվար 2012 թվականին մեր նախաձեռնությամբ Անթիլիասի մայրավանքեն ներս միջազգային համագումար մը կազմակերպեցինք՝ հրավիրելով 30 օտար մասնագետներ՝ միջազգային օրենքի և ցեղասպանության: Հիշյալ համագումարին ընդհանուր թեման էր «Ճանաչումեն՝ հատուցում»: Մեր նպատակն էր մասնագետներուն ճամփով և միասնաբար քննել, թե միջազգային օրենքը ի՞նչ կարելիություններ կընծայե մեզի Հայ Դատը ճանաչումի հանգրվանեն տանելու դեպի իրավական մարզ: Բնականաբար դյուրին ընթացք մը չէր մեր սպասումը, սակայն ուզեցինք այս քայլին դիմել 100 տարիներ հետո: Ինչպես գիտեք՝ մենք 50 տարիներ Ցեղասպանութենեն հետո լացինք, ողբացինք, հիշեցինք, մեր գաղութները կազմակերպեցինք: Հիսնամյակը Հայոց ցեղասպանության առիթ մըն էր մեզի վերակազմակերպելու Հայ Դատի մեր աշխատանքը: Եվ այսպես, անցնող 50 տարիներուն հսկա աշխատանք կատարվեցավ Հայ Դատի միջազգայնացման, այժմեականացման ճանապարհին վրա,և հանգրվանե հանգրվանե Հայ Դատի ճանաչումը կարևոր իրագործումներ արձանագրեց:
Մտածեցի, թե ի՞նչ կրնանք ընել 100 տարիներ հետո: Հատկապես ի՞նչ ձևով կրնանք Հայ Դատին տալ իրավական հանգամանք՝ միջազգային օրենքի շրջագծեն ներս տեղավորելով մեր ժողովուրդի բռնաբարված իրավունքներու դատը»,- իր խոսքում ասել է Վեհափառ հայրապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: