կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-05 14:37
Տնտեսական

Երեք բան հստակ է. Արծվիկ Մինասյանը` վարչապետի օֆշորային ընկերության մասին

Երեք բան հստակ է. Արծվիկ Մինասյանը` վարչապետի օֆշորային ընկերության մասին

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի կիպրական օֆշորային ընկերության խնդրին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա շատ լուրջ հարց է, եւ պարզապես մի քանի հրապարակումների միջոցով հնարավոր չէ վերջնական եզրակացության հանգել:

 

«Մեղադրանքը ծանրագույն մեղադրանք է: Այս պահին ես չեմ ուզում դիլետանտ լինել եւ գնահատել դա, բայց ուսումնասիրության շատ լուրջ թեմա է: Օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների վերաբերյալ բազմիցս ասել ենք, որ դրանք ստվերային տնտեսության հիմնական բջիջներն են, եւ եթե Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ մասնակցում է այդ գործըթացին, նա, փաստորեն, ստվերային բջջի մեջ է»,- հայտարարեց Մինասյանը:

 

Նա խորհուրդ է տալիս սպասել դատախազության պարզաբանմանը: Բայց մի բան ՀՅԴ-ական պատգամավորի համար ակնհայտ է: «Կարդալով ուսումնասիրությունները, նաեւ` հերքումները, ես հասկացա, որ կազմակերպությունն, այնուամենայնիվ, կա, գրանցված է: Երկրորդ` խոշոր բաժնետերը չի հերքել իր գոյության մասին, եւ երրորդ` նա ընդամենը փորձում է տեղափոխել մեղադրանքը վարչապետի եւ սրբազան Կճոյանի վրայից անհասկանալի ուղղությամբ»,- նշեց Մինասյանը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե մտավախություն չկա՞, որ խնդիրը կոծկելու, վարչապետին մաքուր դուրս բերելու փորձ կարվի, Մինասյանը նշեց, որ այս հարցում, միանշանակ է, որ բոլորը, հատկապես` նրանք, ովքեր մեկ կենտրոնական իշխանության ցուցումով են շարժվում, ամեն ինչ կանեն այդ ուղղությամբ: «Բայց դրա արդյունքում պետությունն է վնաս կրում, եւ մարդիկ, ի վերջո, պատմության դատաստանի առջեւ են կանգնելու, եւ եթե այսօրվա պաշտոնատար անձինք այդքանը չեն գիտակցում, խորհուրդ կտամ վերցնեն եւ պատմության դասագրքերն ուսումնասիրեն: Բոլոր զեղծարարությունները բացահայտվելու են, կոծկելը շատ ավելի վատ հետեւանքների կարող է բերել, այդ թվում` օֆշորային գոտում գտնվող շատ այլ ձեռնարկությունների մասով»,- ասաց Մինասյանը: