Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ Մ. Բաղդասարյանը, իր տան մոտակայքում ավտոմեքենայով հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել տատին` ութսուներեքամյա Էմմա Խլխաթյանին, ով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գիտակցության չգալով` մահացել է: Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հովհաննես Ալեքսանյանն այցելել է բժշկական կենտրոն` համապատասխան արձանագրություն կազմելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցն իր ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելու և ստացած հանձնարարության ընթացքն արագ լուծելու անձնական դրդումներով կազմել է կեղծ տեղեկություններ պարունակող երկու արձանագրություն:
Այսպես, չնայած Է. Խլխաթյանի անգիտակից վիճակին` ոստիկանը նրա անունից վերցված բացատրության մեջ կեղծ տեղեկություն է ներառել այն մասին, թե, իբր, տարեց կինը վատ ինքնազգացողության պատճառով ընկել է տան բակում, այսինքն` մարմնական վնասվածքներ ստացել է ոչ թե ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու, այլ վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանը նաև կազմել է ևս մեկ` կրիմինալ դեպքերի մատյանը զննելու մասին պաշտոնական արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է շարադրել դրա կազմման ժամանակահատվածի վերաբերյալ:
Այսպիսով, պաշտոնեական կեղծիք կատարելու համար Հ. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: