կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 19:10
Տնտեսական

«Վեգա» խանութների ցանցը տուգանվեց 5 միլիոն դրամով

«Վեգա» խանութների ցանցը տուգանվեց 5 միլիոն դրամով

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև հարուցվեցին նոր վարչական վարույթներ: Նիստի ընթացքում Հանձնաժողովը հրապարակել է նաև իր որոշումը՝ կենցաղային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Վեգա» խանութների ցանցի հանդեպ հարուցված վարույթի արդյունքների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

 «Վարույթը հարուցվել էր խանութի կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:  Դեռևս հունվարին  «Վեգան» գովազդային հոլովակների միջոցով հայտարարել էր, որ սրահում ներկայացված ողջ տեսականին վաճառվում է ինքնարժեքով: ՏՄՊՊՀ կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Խանութը ինքնարժեքի մեջ ներառել է  ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, վարչական, մարկետինգային և բոլոր մյուս ծախսերն ամբողջությամբ:

 Մինչդեռ ապրանքի ինքնարժեք հասկացության մեջ վերոնշյալ ծախսերը չեն կարող հաշվարկվել: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը փաստում է, որ խանութում առաջարկվող ապրանքները վաճառվում են ինքնարժեքից ակնհայտորեն բարձր գնով: Տնտեսվարողը պարտավոր է գովազդի միջոցով սպառողին տրամադրել ամբողջական և  հավաստի տեղեկատվություն, ինչն այս դեպքում չի արվել:

Անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար «Վեգա» խանութների ցանցի հանդեպ կիրառվեց տուգանք՝ 5 միլիոն դրամի չափով»,–ասվում է հաղորդագրությունում: