Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՏՄՊՊՀ դիտակետում է հայտնվել կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» խանութը, որը գովազդում է, թե «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում:
ՏՄՊՊՀ-ն պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Սակայն «Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունը հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Դրանց ուսումնասիրությունից պարզվել է, որ այդ սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկերների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել «պաշտոնական ներկայացուցիչ» լինելու հանգամանքը:
«Այս կամ այն հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսանալու մասին հայտարարությունները միշտ չէ որ համապատասխանում են իրականությանը: Հատկապես` կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում ընկերությունները գովազդում են, որ իրենք հանդիսանում են որևէ հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրություն է իրականացրել այս ոլորտում և պարզել, որ նման հայտարարությունները հաճախ անհիմն են»,- նշում է ՏՄՊՊՀ-ն:
Հանձնաժողովը այս և այլ փաստերի հիման վրա հաստատված է համարում այն հանգամանքը, որ «Վեստա» խանութը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը լինելու հանգամանքը այս դեպքում դիտվում է որպես հասարակության մոլորեցում:
Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար «Վեստա» ընկերության հանդեպ ՏՄՊՊՀ այսօրվա նիստի ժամանակ կիրառվեց տուգանք՝ 15 մլն դրամի չափով: