կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-16 13:23
Հասարակություն

ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամով

ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամով

ՏՄՊՊՀ-ին են դիմել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները` տեղեկացնելով, որ այդ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են դեռևս 4  տարի առաջ, և շենքը հանձնվել է շահագործման, սակայն ՀԷՑ-ը պատշաճ չի իրականացնում շենքի էլեկտրամատակարարումը, ուստի էլեկտրաէներգիա չունենալու պատճառով բնակիչները չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում:

 

Այս խնդիրն առաջացել է այն պատճառով, որ շենքի կառուցապատող «Միլլար» ՍՊԸ-ն կառուցապատման ժամանակ էլեկտրամատակարարման պայմանագիր է կնքել ՀԷՑ-ի հետ, սակայն կառուցապատողի կողմից չեն կատարվել պայմանագրով նախատեսված որոշակի պարտավորություններ: Մասնավորապես' ՀԷՑ-ը պարզաբանում է, որ կառուցապատող ընկերությունը չի վճարել պայմանագրով նախատեսված գումարները, ինչի պատճառով ինքը չի կարող իրականացնել էլեկտրամատակարարումը: Պայմանագրով նախատեսված գումարի չափն էլ, որ պետք է վճարեր կառուցապատող ընկերությունը, կազմում է 15 միլիոն դրամ:

 

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, սակայն, որ ՀԷՑ-ը ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է կառուցապատող «Միլար» ՍՊԸ-ի' շենքի հանձնման-ընդունման ակտը, որի շնորհիվ էլ կառուցապատողը կարողացել է ձեռք բերել բնակարանների սեփականության վկայականներ ու դրանք տրամադրել բնակիչներին: Այսինքն' այդ հանձնման-ընդունման ակտերը ստորագրելով' ՀԷՑ-ն, ըստ էության, երաշխավորել է, որ շենքը հագեցած է անհրաժեշտ ենթակառուցվածքներով' իր մասով: Սակայն պարզվում է, որ կառուցապատողը չի կատարել իր պարտավորությունները, ինչը, ըստ ՏՄՊՊՀ-ի, չի կարող վերաբերել բնակարանները ձեռք բերած բնակիչներին:

 

Այս հարցով հիշյալ շենքի բնակիչները դիմել են ՀԷՑ-ին, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել:

 

«Չորս տարի է, ինչ պարբերաբար դիմում ենք էլեկտրական ցանցերին, բայց ոչ մի խելամիտ առաջարկ ընկերության կողմից չենք ստանում: ՀԷՑ-ը մեզ առաջարկել է, որ մենք մուծենք շենքը կառուցապատող ընկերության պարտքերը: Ու մենք, բնականաբար, չենք համաձայնել, քանի որ ինչո՞ւ պետք է մենք վճարենք ուրիշի պարտքերը: Շենքն ունի 64 բնակարան, բայց այդ բնակարանների բնակիչները չեն կարողանում ապրել իրենց սեփական տներում, քանի որ էլեկտրականությունը հիմնական չէ' մեկ միացնում են, մեկ անջատում են, արդյունքում` ջրի ու լիֆտերի խնդիրներ էլ են առաջանում»,- հանձնաժողովին ներկայացրեցին շենքի բնակիչներից Արթուր Գալստյանն ու Վարազդատ Հարությունյանը:

 

Ի դեպ, ՀԷՑ-ը յուրաքանչյուր բնակչից պահանջել էր իրեն վճարել 138 հազար դրամ` էլեկտրամատակարարումն իրականացնելու համար: Բնակիչները նշում են, որ նույնիսկ եթե իրենք համաձայնեին ու վճարեին, միեւնույն է` հարցերը չէին լուծվում:

 

ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ` ՀԷՑ-ի գործողությունները և պահանջը անօրինական են, որ բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը ՀԷՑ-ն է: Հետևապես, Հանձնաժողովի դիտարկմամբ, ընկերությունն իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշել բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը:

 

Հանձնաժողովը հանգեց այն եզրակացությանը, որ ՀԷՑ-ի գործողությունները չեն բխում օրենքից: Եթե անգամ շենքը կառուցապատող ընկերությունը թերացել է որոշակի պարտականությունների կատարման մեջ, դա  ոչ մի  առնչություն չունի բնակարանների սեփականատերերի հետ, նման բան իրավական որևէ ակտով  ամրագրված չէ: Հարկ է նաև նշել, որ  2010-ին «Միլլար» ՍՊԸ-ի և ՀԷՑ-ի  միջև կնքված  պայմանագրի համաձայն` շենքի էլեկտրամատակարարումը պետք է ավարտվեր դեռևս 2011թ.-ին, ինչը փաստացի չի կատարվել:

 

Ուստի ՏՄՊՊՀ-ն որոշեց ՀԷՑ-ին տուգանել 20 միլիոն դրամի չափով, ինչպես նաեւ որոշեց, որ ՀԷՑ-ը պարտավոր է նաեւ 7-օրյա  ժամկետում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր: Որոշման արդյունքում կկարգավորվի ոչ միայն այս խնդիրը, այլև կլուծվի ողջ շենքի ջրամատակարարման, ինչպես նաև վերելակների խնդիրը: